Քանի՞ րոպե կպահանջվի սպառողից՝ լուսամփոփ գնելու համար. սովորական խանութից այն գնելու դեպքում՝ մոտ 10-15 րոպե, իսկ իդեալական սպասարկման դեպքում՝ թվում է, ավելի քիչ՝ 5-10 րոպե: Սակայն «իդեալական սպասարկում» խոստացող «Իդեալ համակարգի» խանութ-սրահից (Րաֆֆու փողոց) երեկ լուսամփոփ հաջողվեց գնել ավելի քան 1 ժամվա ընթացքում: Նախ, անգամ մեկ պտուտակ, մի փոքր պլաստմասսայի կտոր գնելու դեպքում խանութում, չգիտես ինչու, գնորդից հեռախոսի համար են վերցնում, մի քանի րոպե ինչ-որ կտրոն են լրացնում, որը պետք է տաս գանձապահին, որ կարողանաս դրամարկղում վճարում կատարել: Մոտ 30 րոպե գանձապահի մոտ հերթ կանգնելուց հետո, վերջապես մի կտրոն էլ նա պատրաստեց ու մի կերպ հաջողվեց խնդրել, որ փողը վերցնեն՝ գնված ապրանքը տան, որովհետեւ Մարիաննա անունով աշխատակիցը այսուայնկողմ գնալուց, հեռախոսազանգերին պատասխանելուց, կողմնակի աշխատանքներով զբաղվելուց հետո նոր միայն հիշեց, որ ինքը «Փեթակում» չի աշխատում, այլ՝ «իդեալական» խանութ-սրահում: Իսկ վերջում, լուսամփոփ գնելու բոլոր թղթաբանություններն ավարտելուց հետո, խանութի աշխատողը ձեռքս տվեց մի տգեղ ու անփույթ արկղ՝ ասելով. «Մեր ցելոֆանները վերջացել են, սենց պիտի տանեք»: Երբ աշխատակցին բացատրեցինք, որ այդ արկղը հնարավոր չէ դնել թեւի տակ ու տանել, որ մի քիչ նորմալ սպասարկեն, նա առաջարկեց՝ «Կողքը խանութներ կան, գնացեք մի հատ տոպրակ առեք՝ բերեք դրեք մեջը, ի՞նչ անենք, հիմա ցելոֆաններ չունենք»: Ստացվում է, որ եթե խանութից դուռ գնեինք կամ ինչ-որ խողովակ՝ նույն հաջողությամբ այդ խողովակն ու դուռն էին տալու ձեռքս ու «իդեալական» մոտեցմամբ՝ ուղարկելու:
Նշենք, որ «Իդեալ համակարգը» արդեն ինտերնետի միջոցով է ծառայություններ մատուցում: Հաշվի առելով, թե անձամբ վեր կենալով ու խանութ գնալով ինչ սպասարկում ես ստանում՝ կարելի է արդեն պատկերացնել, թե համացանցի դեպքում ինչ են անում: