Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ Է ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"Այսօր վաղ առավոտյան ՀՌԱՀ-ը կհրապարակի Շիրակի մարզի այն հեռուստաընկերության անունը, որը կհաղթի թվային հեռարձակման հաճախականությունների համար հայտարարված մրցույթում:

Ինչպես հայտնի՝ է մրցակիցները երկուսն են. վերջին 3 տարում իշխանությունների կողմից անընդմեջ հալածանքների ենթարկված «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եւ ՀՀ-ի ամենաառաջին մասնավոր հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»: Անկախ նրանից, թե որ հեռուստաընկերությունը ՀՌԱՀ-ին ինչպիսի ծրագիր է ներկայացրել ու հաղթելու ինչպիսի հավանականություն ունի, Շիրակի մարզի ազգաբնակչությունը քննադատաբար է մոտենում հսկա մարզին մեկ կապուղի տրամադրելու փաստին: Պատճառն այն է, որ ծնունդով շիրակցի Գրիգոր Ամալյանը այդպես էլ չի պատկերացնում այս մարզի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, գործարարներն առանձնապես գլուխ չեն ջարդում այստեղ ներդրումներ կատարելու, աշխատատեղեր ստեղծելու համար, կառավարությունն էլ մտահոգված չէ այդ խնդրով, ՀՌԱՀ-ն էլ իր հերթին բարդացնում է վիճակը՝ 2015թ.-ից սկսած (անկախ նրանից՝ մրցույթը կշահեն թե՝ ոչ, մարզային հեռուստաընկերությունները անալոգային տարբերակով մինչեւ 2015թ. կհեռարձակվեն) մոտ 40 հոգու գործազուրկ թողնելով: Բացի այդ, շիրակցիների դժգոհությամբ, ՀՌԱՀ-ը զրկում է իրենց տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից. Շիրակի մարզը միշտ առանձնացել է իր ազատ, համարձակ, մրցակցային լրատվամիջոցներով, հետեւաբար՝ մեկ հաճախականության տրամադրումը շիրակցիներն ընկալում են որպես մարզում խոսքի ազատությունը ճնշելու կանխամտածված քայլ: «Առավոտի» հետ զրույցում «ԳԱԼԱ»-ի հիմնադիր Վահան Խաչատրյանը այսպես մեկնաբանեց ՀՌԱՀ-ի որոշումը. «Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ նախագահականում լուրջ մտադրություններ չունեն երկրում խոսքի ազատությունը զարգացնելու: Ստեղծում են մեկ հեռուստաընկերություն, որն ավելի հեշտ է կառավարել, քան մի քանիսը: Երբ լինում են մի քանիսը, մեր օրինակով ասեմ, մյուս հեռուստաընկերությունները կամ դրանց մի մասը սկսում են ավելի ազատ աշխատել, որովհետեւ մտնելով մրցակցության մեջ՝ նրանք պետք է ցույց տան, որ իրենք էլ են ազատ»: «Ցայգ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը եւս կարծում է, որ մարզում 1 հեռուստատեսություն պահելը սխալ քաղաքականություն է, քանի որ մրցակցության բացակայությունը ազդելու է տեղեկատվության որակի վրա: Թե ո՞ր մեկը կարժանա «Ա1+» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունների բախտին՝ պարզ չէ:
«ԳԱԼԱ»-ի հիմնադիր Վահան Խաչատրյանը թեեւ գտնում է, որ իր ներկայացրած ծրագիրը հզոր է, սակայն վստահ չէ, որ ինքն է հաղթելու: «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը այսպես է կարծում, որովհետեւ նախագահական ընտրությունները դեռ չսկսված՝ իշխանությունները տարբեր միջոցներ կիրառեցին հեռուստաընկերությունը եթերազրկելու համար:
Ի դեպ, այդ փորձերը շարունակ վում են նաեւ այսօր, ընդամենը 3 օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նորից լսվում էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն-Գյումրիի քաղաքապետարան վեճը: Քաղաքապետարանը հեռուստաընկերութունից պահանջում է անհապաղ ազատել հեռուստաաշտարակը կամ, այլ կերպ ասած, եթերազրկվել: Ինչո՞ւ է իր եթերազրկման հարցում այդպես վստահ Վահան Խաչատրյանը, մի՞թե «Ա1+»-ի ու «ԱԼՄ»-ի տխուր փորձն է պատճառը, իսկ եթե իր ենթադրությունները սխա՞լ դուրս գան, հարցրինք մենք: «Իմ հարցը «Ա1+» եւ «ԱԼՄ»-ից առանձին է, խնդիրն այն է, որ ՀՌԱՀ-ն անկախ կառույց չէ, այն կատարում է Բաղրամյան 26-ից եկած որոշումները, իսկ մեր հաղթել-չհաղթելը կախված է նրանից, թե ի՞նչ ճնշումների տակ նախագահականում կընդունեն էդ որոշումը, ի՞նչ ուժեր կճնշեն նրանց, օրինակ՝ ո՞վ կսպասեր, որ Բեգլարյան Գագիկին կազատեն աշխատանքից: Սա էլ է սյուրպրիզ, ըստ երեւույթին, նախագահն ունի իր վրա ճնշումներ կամ որոշել է ավելի ազատ, ավելի լուրջ քաղաքականություն վարել: Միգուցե նախագահի վրա ինչ-որ ճնշումներ լինեն եւ ինքն էլ գա, որոշի, որ կառուցելու է ազատ երկիր»,-ասում է Վահան Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ այսօր «ԳԱԼԱ»-ից ոչ մեկը չի մասնակցելու ՀՌԱՀ-ի կողմից մրցույթի արդյունքների հրապարակմանը: 20-ամյա «Ցայգ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանն էլ, հիշեցնելով իր ԶԼՄ-ի հարուստ փորձն ու պատմությունը, կարծում է, որ ազնիվ գնահատականի դեպքում կհաղթի իր ներկայացրած ծրագիրը, որը, նրա բնութագրմամբ, իրատեսական է եւ ի տարբերություն մրցակցի, այնտեղ հստակ շեշտադրված են վաղվա ծրագրերը: Տիկին Մինասյանը խոսում է նաեւ իր կատարած ներդրումների մասին. «Մենք փորձել ենք մաքառել տարիներ շարունակ, մենք մեզանով փորձել ենք կայանալ, ունենալ մեծ սեփական տարածքներ՝ բավականին լավ տեխնիկասարքավորումներով, տարիներ շարունակ պատշաճ կատարել մեր դիմաց դրված հարկային պարտականությունները, դա ես ուղղակի բառերով չեմ ասում, կան հիմնավորումներ, «Ցայգը» միշտ էլ ամենաշատ աշխատաթվով կոլեկտիվն է եղել»: Եթե նկատի ունենանք, որ շիրակցի գործարարները զանգվածաբար վաճառում են իրենց բիզնեսը, որի արդյունքում տուժում են նաեւ հեռուստաընկերությունները՝ զրկվելով գովազդատուներից, պիտի փաստենք, որ այս մարզում ԶԼՄ հիմնադրելն ու ներդրումներ կատարելը իրոք հերոսություն է, որը կառավարությունը պարտավոր է խրախուսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել