Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաեւ Հայաստանում գործունեություն ծավալած ռուսական ընկերությունների մասին: Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար, Պուտինն ասել է, որ ոչ մի ռուսական ձեռնարկություն այս ընթացքում Հայաստանից դուրս չի եկել։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 1000 ձեռնարկություն։ «Մենք ակնկալում ենք, որ Ձեր եւ ՀՀ նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան»,- նշել է ՌԴ վարչապետը՝ հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։ Իր հերթին Տիգրան Սարգսյանը Պուտինին վստահեցրել է դրանում: Ըստ կառավարությունից ստացված տեղեկատվության՝ ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հայաստանում եւ հանդես գան մի շարք նախաձեռնություններով:
Ըստ ամենայնի՝ Պուտինի այս հանձնարարականից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ստեղծված աշխատանքային այն հանձնաժողովը, որն ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի եզրակացությունը՝ ռուսական կապիտալով գործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից խախտումներ եւ ապօրինություններ թույլ տալու վերաբերյալ, այլ ելք չի ունենա, քան «ջրել» ՎՊ-ի աղմկահարույց բացահայտումները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասել էր, որ «2004 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2008 թ. փետրվարի 29-ը Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերի շահագործումը եւ հանքարդյունահանումը կատարվել է ապօրինաբար՝ առանց ուժի մեջ մտած լիցենզիաների: «Գեոպրոմայնինգ գոլդը» օրինական հանքահանում վերսկսելու համար ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք այդպես էլ մինչ օրս չեն իրականացվել, չի ներկայացվել բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը, եւ չեն եղել դրանց առնչվող նախահաշիվները եւ այլն»: Դրան ի պատասխան՝ GPM-Gold-ը հայտարարություն տարածեց, որում հայտարարում էր, որ Վերահսկիչ պալատը սխալ եզրակացություններ է արել եւ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Հայտարարությամբ, որով այս ընկերությունը հերքում էր ՎՊ-ի բացահայտումները, մասնավորապես, ասվում էր, որ ՎՊ-ի ստուգումների արդյունքում կազմված հաշվետվության մեջ «շատ դրույթներ սխալներ եւ ոչ ճիշտ եզրակացություններ են պարունակում»: Ապա գրված է. «Սահմանված ժամկետում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր պարզաբանումները, բայց դրանք ամբողջությամբ արհամարհվել են, ինչը ՀՀ Սահմանադրության եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի» խախտում է: Ստուգումներն իրականացվել են ոչ կոմպետենտ մասնագետների կողմից, եւ նրանց ենթադրությունները բացահայտ կեղծ բնույթ են կրում: ՎՊ հաշվետվությունը, որի եզրակացությունների հետ ընկերությունը կտրականապես համաձայն չէ, վնաս է հասցնում ընկերության վարկին եւ միջազգային հեղինակությանը, ինչի կապակցությամբ ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ մտադիր է դիմել դատական ատյաններին՝ ՎՊ ապօրինի գործողությունների դեմ հայցով»:
Այս փոխադարձ մեղադրանքներից հետո էլ հենց էներգետիկայի նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է այս թնջուկը: Թե ինչ կորոշի աշխատանքային խումբը՝ արդեն իսկ ենթադրելի է: Թերեւս որպես դրա ապացույց է նաեւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանը՝ «Առավոտի» հարցին, թե՝ «ո՞ւմ կողմն» է բռնելու նախարարությունը այս հարցում՝ պետությա՞ն, թե՞ մասնավոր ներդրողի: Նա ասաց. «Մենք բռնելու ենք ճշտի կողմը: Պետությունը պետություն է իր մասնավոր հատվածով, իր ներդրողով, հակառակ դեպքում էս պետությունում տնտեսություն չի լինի: Էնպես չի, որ պետությունը առանձին հասկացություն է, մասնավորը՝ առանձին, մասնավորն էլ պետության բջիջն է: Դրա համար պետք չի առանձնացնել՝ պետություն եւ մասնավոր ներդրող: Պետք է ճշտի կողմը պահել, հակառակ դեպքում վստահությունը կկորցնենք: Մեկը մյուսին նայելով՝ ոչ մի ներդրող չի գա մեզ մոտ, եթե այդ ճիշտը չլինի, եթե չկարողանանք այդ դաշտը կարգավորել»: