Լրահոս
Օրվա լրահոսը

«2011-Ի ԲՅՈՒՋԵՆ ԱՄԵՆԱՎԱՏՆ Է»

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"Այսպես է գնահատում մեր տնտեսական վիճակը ԿԲ նախկին նախագահը եւ պնդում, որ այս տարի եւս ԿԲ-ն փողերը քամուն է տվել»:

Ավարտին մոտեցող 2010 տնտեսական տարվան Հայաստանը հրաժեշտ կտա 2-3% տնտեսական աճի ու մոտ 10% գնաճի ցուցանիշով: «Եթե նման աճ դիտարկվեր որեւէ զարգացած երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի տնտեսությունում, դա փայլուն արդյունք կհամարվեր, բայց խոսքը Հայաստանի տնտեսության մասին է, որը նախորդ տարի էական անկում է ապրել: Ինչեւէ, նախորդ տարվա արհավիրքի՝ տնտեսական անկման ահռելի ցուցանիշի համեմատ դրական առաջընթաց կա, սակայն իրական պատկերը տեսնելու համար բավական է, որ այս տարվա ցուցանիշները համեմատենք 2008-ի ցուցանիշի հետ. ցավալիորեն կարձանագրենք, որ մեր տնտեսությունը անկում է ունեցել՝ մոտ 12%»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, Հայաստանի տնտեսության մեջ այս տարի էլ ոչ մի էական տեղաշարժ չարձանագրվեց. «Տարին փակում ենք մենաշնորհային, օլիգարխիկ տնտեսական համակարգով: Մեր երկրում լավ ապրելու, աշխատելու իրական երաշխիքը դեռ մնում է ծանոթությունն առաջին դեմքերի հետ, ու այս պարագայում խոսել շուկայական հարաբերությունների, ձեռներեցության, հնարավորությունների ազատ դրսեւորման մասին՝ անիմաստ է, ուղղակի ծիծաղելի է»: Ընդ որում, թեեւ տնտեսության մեջ առաջ են եկել դրական միտումներ, սակայն, պարոն Ասատրյանի համոզմամբ, 2010-ին մեր երկրի քաղաքացիների կենսամակարդակը շարունակելու է անկում ապրել. «Ժողովուրդն այս տարի ավելի վատ է ապրում, քան անցած տարի, մի պարզ պատճառով. մենք ունենք գնաճի շատ բարձր ցուցանիշ՝ մոտ 10%: Սա արտառոց է Հայաստանի համար, որովհետեւ տարիներ շարունակ մեր երկիրը բնութագրվել է մակրոտնտեսական կայունությամբ եւ ցածր գնաճով, վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում երկնիշ գնաճի ընդամենը մեկ դեպք է արձանագրվել: Ծրագրայինից էական շեղումները վկայում են, որ մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը խիստ անարդյունավետ է»: Այս ամիսներին հանրապետությունում գնաճը կանխելու՝ Կենտրոնական բանկի գործողություններն էլ, տնտեսագետի խոսքով, էական արդյունքներ չտվեցին, որովհետեւ. «Այս տարի եւս օգտագործվեցին այն միջոցները, որոնք ընդհանրապես չպետք է կիրառվեին: ԿԲ-ն կրկին դիմեց նախորդ տարիներին արված եւ խիստ քննադատության արժանացած քայլերին՝ արտարժութային ինտերվենցիաներին: Արդյունքում տարեսկզբից ունենք դրամի արժեւորում դոլարի նկատմամբ՝ մոտ 8 տոկոս, եվրոյի նկատմամբ՝ մոտ 15 տոկոս: Փաստորեն, ծախսվեցին հսկայական ռեսուրսներ, տարեսկզբից ԿԲ պահուստները կրճատվել են մոտ 160 միլիոն դոլարով: Ստացվում է՝ քամուն են տրվել այդ փողերը, որովհետեւ ոչ մի դրական արդյունք այդպես էլ չտեսանք, գնաճը, ինչպես արդեն նշվեց, մոտենում է 10 տոկոսի սահմանագծին»:
Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին՝ պարոն Ասատրյանը զարմանք հայտնեց, թե ինչպես է կառավարությունը հանգիստ քնում ու դեռ հայտարարում, թե այն չի անցել թույլատրելիի սահմանը. «Անցած տարվա ընթացքում արտաքին պարտքը կրկնապատկվել է, այն մոտենում է 4 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագծին, Հայաստանը ներկայումս պարտքային մեծ բեռ ունեցող երկիր է: Պետք չէ պարտքի չափման դասագրքային՝ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցություն մոտեցումներով ղեկավարվել, բավական է արտաքին պարտքը համեմատել արտահանման ծավալների հետ, ինչը ակնհայտ ցույց է տալիս, որ մենք արդեն անցել ենք խիստ վտանգավոր սահմանագիծը: Առաջիկայում խիստ սրվելու է պարտքի սպասարկման հարցը, տարեկան այն կլանելու է արտահանման ներկայիս ծավալներից ստացած հասույթի շուրջ կեսը: Հույսները դրել են մեր հայրենակիցների կամ այլ երկրների նվիրատվությունների վրա, սա առողջ մարմնի հոգեբանություն չէ, սա մուրացկանի կեցվածք է»: Ինչ վերաբերում է 2011-ի պետական բյուջեին, ըստ պարոն Ասատրյանի, Հայաստանի պատմության մեջ ներկայացված ամենավատ բյուջեն է եղել. «Ազգային ժողովում կամ ընդհանրապես որեւէ այլ տեղ ոչ մի լուրջ քննարկում չեղավ: Մի քանի անհատ որոշակի հարցադրումներ արեցին, ու դրանով ամեն ինչ ավարտվեց: ԱԺ-ն կրկին վերահաստատեց մեր երկրի հոգսերի հետ առնչություն չունենալու իր դերը»: Հաշվի առնելով արդեն հաստատված 2011-ի բյուջեն՝ պարոն Ասատրյանը մեծ սպասումներ չունի հաջորդ տարվանից. «Շատ թույլ, ոչ մի խնդիր չլուծող բյուջե է, զավեշտալի է, սակայն անգամ կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծրագրերով գերակա համարվող խնդիրների ֆինանսավորման համար գումարներ չեն նախատեսվում: Սոցիալական են անվանել, բայց այն չի կարող սոցիալական համարվել, թեկուզ այն պարզ պատճառով, որ գնաճն այդքան բարձր է»: Նրան զարմացնում է, թե այդ ինչպե՞ս են անվանում սոցիալական, երբ սոցիալական պաշտպանությանն ուղղվող միջոցների նախորդ տարվա համեմատ 11,3 տոկոս աճի պայմաններում պարենային ապրանքների գները վերջին մեկ տարում աճել են 15.2 տոկոսով, այսինքն՝ գնաճն արդեն խժռել է այդ բարձրացումները: «2011-ի բյուջեն ես կանվանեի սպասողական, ոչ մի խնդիր չլուծող: Ինչ-որ խնդիրներ հնարավոր է՝ լուծվեն, այս տարվա տնտեսական 2% աճն էլ հաջորդ տարի գուցե կրկնապատկվի, բայց դրանից Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը չի բարձրանա, ընդհակառակը՝ մենք բոլորս գալիք տարի ավելի վատ ենք ապրելու»,- ասաց պարոն Ասատրյանը: Նրան մտահոգում է նաեւ այն, որ օրեցօր մեծանում է Հայաստանից մեկնողների թիվը. «2009-ին՝ ճգնաժամային պայմաններում, հանրապետությունից մեկնողների թիվն այդքան մեծ չէր, որքան 2010-ին: Իսկ հաջորդ տարի մեկնողների թիվը եւս ավելանալու է»: Կառավարությունում տեղի ունեցած վերջին փոփոխություններն էլ, տնտեսագետի բնորոշմամբ. «Ընդամենը պեշկաների տեղաշարժ էր, մեր երկիրը համակարգային փոփոխությունների կարիք ունի, մի քանի նախարարների հանելն ու նորերին նշանակելը էական փոփոխություններ չի բերի, որովհետեւ համակարգը չի աշխատում: Խուժանը հավաքվում է ու որոշում, թե ով պետք է ընտրվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել