Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԻ»

Դեկտեմբեր 23,2010 00:00

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»

Մեր ճշմարտությունը դառնում է աշխարհինը
– Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին, ՕԵԿ-ը կարծես հավատարիմ է կոալիցիոն հուշագրին եւ, ժամանակակից ժարգոնով ասած՝ «խաղեր չի տալիս»: Պատրաստվում եք մինչեւ վե՞րջ գնալ այս դիրքորոշմամբ:
– «Օրինաց երկիր» կուսակցությունը իր քաղաքական ամբողջ կենսագրության ընթացքում եղել է սկզբունքային եւ հավատարիմ է իր հռչակած նպատակներին, ստորագրված կոալիցիոն փաստաթղթին: Սա ես հատուկ եմ ուզում նշել, որովհետեւ մենք մեր որոշումներում հետեւողական ենք, մենք մինչեւ վերջ տեր ենք մեր քաղաքական պայմանավորվածություններին: Մեր երկիրը գտնվում է բավականին դժվար վիճակում, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, մեղմ ասած, քիչ չեն, արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հաշվի առնելով ԼՂՀ հիմնախնդրի տակավին կարգավորված չլինելու պարագան, նույնպես մեզանից պահանջում են դիրքորոշումների եւ գործողությունների միասնականություն: Կոալիցիայի ներսում, կարծում եմ, մենք այսօր չունենք անհաղթահարելի տարաձայնություններ: Ներքաղաքական դաշտում տարին ավարտում ենք ե՛ւ ձեռքբերումներով, ե՛ւ բացթողումներով, բայց վստահաբար կարելի է ասել, որ ձեռքբերումներն ավելի շատ են: Ինչպես Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովը, այնպես էլ՝ ՀԱՊԿ գագաթաժողովը Մոսկվայում ցույց տվեցին, որ արտաքին քաղաքական ճակատում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը դառնում է ընդունելի մեր միջազգային գործընկերների համար: Սրա առհավատչյան այն է, որ այն, ինչ ներկայացնում է Հայաստանը իր պաշտոնական դիրքորոշումներում, արդեն հնչում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների շուրթերից: Սա նշանակում է՝ մեր ճշմարտությունը դարձել է նրանցը: Այս ամենի թիկունքին վիթխարի աշխատանք կա, որ իրականացվել է տարբեր ճակատներում: Ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցան լուրջ կադրային փոփոխություններ, մեր երկիրը դուրս է գալիս սոցիալ-տնտեսական ճգնաժամից: Իհարկե՝ մարտահրավերները, խնդիրները դեռ շատ են, եւ կարծում եմ՝ եկող տարին պետք է լինի խնդիրների լուծման տարի, 2011 թվականին մեր ուշադրությունն ավելի շատ պետք է ուղղված լինի մեր ներքին խնդիրների լուծմանը:

Անգամ հազար քայլանոց գործողությունն սկսվում է առաջին քայլից
– Ներքին խնդիրների լուծումը կարծես արդեն սկսվել է, արդյոք դրանո՞վ էին պայմանավորված վերջին կադրային փոփոխությունները, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ երկրում նոր իրավիճակ է հասունանում, կուրս է փոխվում:
– Այսօր դրված է մի նշաձող, որին պետք է ձգտեն բոլոր քաղաքական ուժերը: ՕԵԿ-ին միշտ էլ ընդունել են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, այսինքն՝ ակտիվ բարեփոխումների ջատագով քաղաքական ուժի, բայց բարեփոխումներն ինքնանպատակ չպետք է լինեն, դրանք պետք է միտված լինեն մարդկանց կյանքը դեպի լավը փոխելուն: Իսկ ովքե՞ր են իրականացնում բարեփոխումները՝ մարդիկ, ի՞նչ խաղի կանոններ են դրված այդ մարդկանց՝ պետական պաշտոնյաների գործունեության հիմքում: Սրանք հենց այն պատասխաններն են ձեր հարցի՝ թե ինչու տեղի ունեցան կադրային փոփոխությունները: Այսօր կան մարդիկ, ովքեր ելել են երկրի եւ օրենքի շալակը, կան մարդիկ, ովքեր իրենք իրենց օրենքից բարձր են դասում, կան մարդիկ, ովքեր կարող են իրենց պահվածքով, մեղմ ասած՝ ստվեր գցել տեղի ունեցող յուրաքանչյուր լավ գործընթացի վրա: Կան եւ մարդիկ, որոնք բարեխիղճ են, բայց չեն կարողանում ձգտել այն նշաձողին, որը անհրաժեշտ է հռչակած նպատակների իրականացման համար: Այդ պատճառով փոփոխություններ են տեղի ունենում եւ, կարծում եմ, փոփոխությունները շարունակական են լինելու: Դա կապ չունի քաղաքական կուրսի հետ, դա կապ ունի հռչակած նպատակների հետ: Ի վերջո՝ երբ դուք ինձ հարցնում եք մեր կոալիցիոն համագործակցության մասին, կոնկրետ իմ եւ հանրապետության նախագահի համագործակցության մասին, ապա մենք մեր հռչակած նպատակների մասին շատ ենք խոսել եւ խոսում ենք: Գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք գողական մտածելակերպով են առաջնորդվում պետական խնդիրները քննարկելիս: Մենք պետք է ձերբազատվենք նման մտածելակերպից, պետական պաշտոնյաները պետք է լինեն կիրթ, գրագետ, պատրաստված: Աստիճանաբար անցնում են ժամանակները, երբ կարելի էր, որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները չունենային որակյալ կրթություն, պարկեշտ կեցվածք հասարակության մեջ: «Ջիպերի» շքահանդեսները պետք է վերանան: Ամեն միջին կարգի գործարար կամ պաշտոնյա իր ետեւից տասնյակ «ջիպերի» շարան է տանում: Սրանք չեն կարող հասարակության մեջ դրական էմոցիաներ առաջացնել: Մենք պետք է ձեւավորենք պետական, քաղաքական գործչի մի կերպար, որն ընդունելի կլինի հասարակության համար, որը կարժանանա հասարակության դրական արձագանքին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այսօր ժողովուրդը, ի դեմս պաշտոնյայի, ցանկանում է տեսնել կիրթ, գրագետ, բանիմաց, իր վարք ու բարքի մեջ չափավոր, իր գործի գիտակ, երկրին նվիրված, բարեփոխումների հակված մարդկանց:
– Չե՞ք գտնում, որ դրան հասնելու համար երկար ճանապարհ ունենք, կամ էլ՝ պետք է ամեն ինչ գրեթե հիմնահատակ, արմատապես փոխվի, որովհետեւ ձեր նշած ջիպավորները այսօր մեծամասնություն են:
 – Գիտեք, անգամ հազար քայլանոց գործողությունն սկսվում է առաջին քայլից: Մենք պետք է սկսենք առաջին քայլերից եւ պետք է հասկանանք, որ ընդամենը՝ քսան տարվա անկախություն ունեցող երկիրը չի կարող նույն չափանիշներն ունենալ, որոնք ունի հարյուրամյա ժողովրդավարություն ունեցող երկիրը: Բայց մենք դրանով չպետք է արդարանանք եւ ոտքներս կախ գցենք, այլ՝ պետք է գնանք առաջ ժողովրդավարության խորացման եւ եվրոպական արժեքների հետեւողական ներդրման ճանապարհով: Զարգացնելով հայ-ռուսական բազմակողմանի գործակցությունը՝ մենք պետք է խորացնենք քաղաքական համագործակցությունը Եվրամիության հետ՝ արդյունքում ստորագրելով քաղաքական ասոցացման համաձայնագիր, որը հզոր խթան կլինի բարեփոխումներն առաջ մղելու համար: Մենք այժմ այդ ճանապարհին ենք: Եվ այստեղ շատ կարեւոր են երկիրը ղեկավարող անձի մոտեցումները, որովհետեւ մեր երկիրը Սահմանադրությամբ նախագահական կառավարման ընդգծված շեշտադրումներ ունի: Այս իմաստով ես Սերժ Սարգսյանի վերջին ելույթը համարում եմ կարեւոր իր բովանդակությամբ եւ հնչեցրած շեշտադրումներով: Ես, որպես քաղաքական գործիչ, որպես այս քաղաքական իշխանության հիմնական դերակատարներից մեկը, որ նաեւ՝ քաղաքական պատասխանատվություն է կրում այս քաղաքական թիմի գործունեության համար, հնչած մոտեցումները համարում եմ արժեքներ, որոնք նաեւ մերն են: Ես ինքս այդ արժեքների իրականացման համար եմ արդեն տասնչորս տարի քաղաքական պայքարի մեջ: Եվ հենց այդ արժեքները կյանքի կոչելուն միտված բազմաթիվ օրենքների հեղինակ եմ եղել, որոնք արդեն իրականություն են դարձել: Բայց մենք պետք է հետեւենք, որ հնչեցված կարգախոսները դառնան իրականություն, որովհետեւ գործողությունները միշտ ավելի թանկ արժեն, քան խոսքը: Այն հրապարակային հայտարարությունները, որոնցում դրված է գաղափար, մոտեցում, երկրի կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման տեսլական, իրենց փիլիսոփայության մեջ շատ կարեւոր են, որովհետեւ դրանք ուղերձներ են: Եվ եթե այդ ուղերձները չեն դառնում գործողություններ, ապա մնում են սոսկ խոսքեր: Ես իմ կարողությունների շրջանակում անելու եմ հնարավորը, որպեսզի այդ ուղերձը, տեսլականը դառնա իրականություն:

Հակազդեցությունները պետք է չեզոքացվեն
– Իսկ այդ ամենը երբվանի՞ց է սկսվելու, արդյոք ժամանակը այդ բարեփոխումների օգտի՞ն է, եւ արդյոք նախագահի ելույթին հակազդեցություններ չե՞ն լինի:
– Պարզ է, հակազդեցություններ կլինեն, բայց դրանք պետք է չեզոքացվեն: Ես կոշտ դիրքորոշման կողմնակից եմ, այն իմաստով, որ, համոզված եմ՝ բոլոր այն սուբյեկտներին, որոնք դեմ են լինելու, որ տեղի ունենան նշված որակի բարեփոխումները, պետք է համարժեք խիստ վերաբերմունք ցուցաբերվի: Ես գտնում եմ, որ վերջին երեք տարում Հայաստանում իշխանության բովանդակության մեջ շատ բան է փոխվել: Նախորդ իշխանությունների ժամանակ եւս բազմաթիվ դրական բաներ են արվել, բայց նաեւ՝ բազմաթիվ թերություններ են եղել, խնդիրներ են եղել, եւ այսօրվա ռեֆորմների առանցքը պետք է լինի այն, որ կարողանանք ե՛ւ նախկին լավը շարունակել, ե՛ւ առկա միջազգային լավ փորձը տեսնել, ե՛ւ կարողանալ նոր հռչակված կուրսը դարձնել իրականություն: Ո՞վ չի ընդունում, որ արտաքին քաղաքական ճակատում նոր կուրս է որդեգրվել, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ: Ո՞վ չի ընդունում, որ ԼՂՀ հարցի միջազգայնացման աննախադեպ փուլ ապրեցինք վերջին երեք տարում: Ո՞վ չի տեսնում, որ քաղաքական ռեալ կյանքում դրվում են սկզբունքներ, որոնք նոր են մեր իրականության համար, մասնավորապես՝ պետական պաշտոնյաների անբարեխիղճ վարքագծի արդյունքում արդեն անխուսափելի դարձած պատասխանատվությունները, պաշտոնանկությունները եւ այլն: Սրանց դեռ պետք է գումարվեն առավել հավակնոտ տնտեսական ռեֆորմները, պետք է դիվերսիֆիկացվի, մոդեռնիզացվի եւ ավելի նախաձեռնողական դառնա մեր տնտեսական քաղաքականությունը: Սրանք կարեւոր գործընթացներ են, եւ ես վստահ եմ, որ շարունակական լինելու պարագայում բերելու են լավ հանգրվանի:

ՕԵԿ-ը միշտ
առաջնորդվել է սկզբունքներով

– Մամուլում վերլուծություններ են արվում այն մասին, որ ընտրություններից անմիջապես առաջ ԲՀԿ-ն կանցնի ընդդիմադիր դաշտ՝ ընդդիմությունից ձայներ խլելու նպատակով, ինչպես, ըստ նույն վերլուծաբանների, ժամանակին վարվեց ՕԵԿ-ը: Դուք որքանո՞վ եք նման սցենարը հավանական համարում:
– Նախ, ուզում եմ ասել, որ ՕԵԿ-ը երբեք սցենարով չի առաջնորդվել, ՕԵԿ-ը առաջնորդվել է սկզբունքներով: Հիմնավորեմ, թե ինչու: Հայտնի ճշմարտություն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը քաղաքական իշխանության ձգտելն է եւ դրա միջոցով իր ծրագրերի իրականացումը: Երբ ես ԱԺ նախագահ էի, ՕԵԿ-ն իշխանության մեջ ներկայացված էր չորս նախարարով, երկու մարզպետով, բազմաթիվ այլ պաշտոններով, այսինքն՝ ավելի մեծ իշխանություն ուներ: Այսօր մենք ավելի քիչ իշխանություն ունենք: Այսինքն՝ այդ սցենարի միտքը ո՞րն էր, այն, որ մենք նվազեցնեինք մեր իշխանությունը՝ դրանով իսկ նվազեցնելով մեր ծրագրերի իրականացման գործում մեր իսկ մասնակցության չա՞փը: Դա աբսուրդ է, դա խոսում է այդ կարգի վերլուծություններ անողների ներքին ապականվածության մասին: Առնվազն՝ անհեթեթ է, բարոյական չէ ինչ-որ սցենարների մասին խոսելը, էլ չեմ խոսում այն ճնշումների մասին, ինչպիսիք ժամանակին եղան ՕԵԿ-ի նկատմամբ: Չնայած դա ամենեւին չխանգարեց, որ առանց փողի մոտ 20 տոկոս անկաշառ ձայներ հավաքեինք, էլ չեմ խոսում տարած-կորցրածի մասին:
– ՕԵԿ-ը ե՞ւս նախապատրաստվում է որոշակի կադրային փոփոխությունների:
– Այո, մեզ մոտ եւս քննարկումներ են ընթանում, մեր քաղաքական թիմում եւս կլինեն փոփոխություններ, եւ այդ փոփոխություններն ավելի ընդլայնված են լինելու, մեզ մոտ եւս պահանջները խստացվում են: Խոսքը վերաբերում է քաղաքական թիմի ներսում որոշակի դերաբաշխումներին: Մենք ամփոփում ենք տարին եւ համապատասխան եզրահանգումներ կանենք:
– ՕԵԿ-ին հատկապես վերջին շրջանում շարունակ նոր եւ հայտնի անուններ են անդամակցում, օրինակ՝ աշխարհահռչակ մարզիկ Բենուր Փաշայանը, «Լավանդա», «Գարի Գրուպ», «Օջախ» եւ «Սուզուկի» ցանցերի սեփականատերերը, գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանը եւ այլք: Փաստորեն՝ ՕԵԿ-ը թափ է առնում, հարստանում, ինչո՞վ եք իրենց գայթակղում եւ ինչպիսի՞ն են Ձեր պլանները առաջիկա ընտրություններում:
– Մարդիկ տեսնում են, որ մենք պայքարում եք լավ փոփոխությունների համար, այդ թվում եւ՝ տնտեսական դաշտում: Մենք ակտիվորեն հանդես ենք գալիս հարկային եւ այլ ստուգումների կրճատման, բիզնեսի պաշտպանության, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման, տնտեսական դաշտում օլիգոպոլիաների դերի կտրուկ նվազման, մրցակցային շուկայական տնտեսության օգտին, եւ մարդիկ սա տեսնում են: Մեծ հոսք կա դեպի ՕԵԿ, եւ ես դրա համար ուրախ եմ, որովհետեւ բոլոր դեպքերում՝ եթե ազնիվ լինենք, մեզ շատերը չհասկացան երեք տարի առաջ, բայց այսօր մարդիկ գալիս են դեպի մեզ: Ինչո՞ւ են գալիս, որովհետեւ տեսան մեր ընդունած որոշման խոհեմությունը, որի արդյունքում Հայաստանում քաղաքացիական պատերազմ չեղավ, արտաքին թշնամու ագրեսիա չեղավ, իսկ ղրղզական դեպքերը ցույց տվեցին, թե ինչ կարող էր լինել: Այսօր մարդիկ հասկանում են, որ մենք դարձել ենք երկրում անվտանգության ամրապնդման, բարեփոխումների խորացման, հավակնոտ տնտեսական-քաղաքական ծրագրերի իրականացման ջատագովներից մեկը, եւ միանում են մեզ: Ինչ վերաբերում է մեր պլաններին, ապա ՕԵԿ-ը, հավատում եմ, ունենալու է իր ծանրակշիռ տեղը նոր Ազգային ժողովում, իսկ նախագահական ընտրություններում մենք անելու ենք հնարավորը, որպեսզի Սերժ Սարգսյանը վերընտրվի հանրապետության նախագահ, որովհետեւ համատեղ աշխատանքի այս երեք տարին ակնհայտ դարձրեց, որ նրա եւ իմ հռչակած նպատակներն ունեն շատ ընդհանրություններ, կան շատ ծրագրեր, որոնք մենք պետք է միասին կյանքի կոչենք: Վստահ եմ, որ կկարողանանք ունենալ ե՛ւ լավ ընտրություններ, ե՛ւ լավ արդյունքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել