Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան հանվել է Լեռնաձորից: «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն երեկվանից դադարեցրեց հետախուզական աշխատանքները: Ըստ ընկերության տնօրեն Յուրա Գեւորգյանի՝ իրենք ավարտել են պայմանագրով այս տարվա համար նախատեսված աշխատանքները: Իսկ եկող տարում կշարունակե՞ն իրականացնել որոնողական աշխատանքները, այս առթիվ պարոն Գեւորգյանն ասաց, որ դեռ ոչինչ պարզ չէ՝ կախված իրավիճակից, 2010-ին իրենք մեծ վնասներ են կրել՝ տեխնիկան են կորցրել: Հիշեցնենք, որ Լեռնաձորում ուրան փնտրող մեքենան այրվեց հոկտեմբերի վերջին («Առավոտ», 30.10.2010): Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ գյուղի երկու տեղամասերում ամառվանից մինչ օրս կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում ուրանի պաշարներ չեն հայտնաբերվել, իսկ վերջին օրերին վերցրած փորձանմուշների արդյունքները պարզ կլինեն մայրաքաղաքում փորձաքննության ենթարկելուց հետո: «Բոլորս գիտենք, որ տարածքում ուրանի երեւակումներ կան: Մենք ընդամենը հորատանցքեր ենք արել եւ պատասխանատու ենք այդ որոնողական աշխատանքների համար: Կարող եմ հավաստիացնել, որ դրանք անվտանգ են: Անընդհատ խոսում են՝ վտանգավոր է, վնաս է: Էստեղ բոլորը մասնավոր հանքեր են, էկոլոգիական խնդիրներ են առաջացնում, նրանց կարելի է, բայց հենց մի պետական ծրագիր կա, ուզում եք վնաս տաք, սաղդ հարձակվել եք սրա վրա՝ առանց մի բան հասկանալու: Էստեղ ոչ մի վնաս չկա, մանիպուլյացիա եք անում, քաղաքական գործիչները շահարկում են էս ամենը»: