Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՀԱԿ-Ի ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 23,2010 00:00

«Լինելով ընդդիմադիր դաշտի կարեւոր ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը նույնն է անում, ինչ իշխանական դաշտում է,- երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:- ՀԱԿ-ն ի՞նչ է ասում. միակ այլընտրանքն այսօրվա իշխանությանը, այսօրվա նախագահին Լեւոն Տեր-Պետրոսյանն է, միակ հեգեմոն ուժն ապագա խորհրդարանում պետք է լինի ՀԱԿ-ը, եւ ընդդիմադիր դաշտում բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում այս խաղի կանոններին, այսինքն՝ չեն գործելու իրենց ենթակայության տակ, հայտարարվում են ընդդիմությունից դուրս, պիտակավորվում են, ինչը շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Նախ՝ թույլ չի տալիս, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի, եւ երկրորդ՝ անուղղակիորեն այսօրվա իշխանությունը մնում է առանց այլընտրանքի: Այսինքն՝ ստացվում է այսպես՝ կա՛մ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը, կա՛մ այսօրվա իշխանությունները: Սա ամենավտանգավորն է, որը թույլ չի տալիս ընդդիմադիր դաշտը համախմբել»:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Եթե այսպես շարունակվի, ապա անթաքույց է, որ նախընտրական հիմնական կոնֆլիկտը լինելու է ոչ թե ընդդիմության եւ իշխանության միջեւ, այլ իշխանության ներսում եւ ընդդիմության ներսում: Այսինքն՝ սա այն է, ինչը իշխանությունը փորձել է բեմականացնել մի քանի անգամ՝ կոալիցիայի ներսում ստեղծելով պատրանքը ԲՀԿ-ՀՀԿ ձեւաչափում, որ քաղաքական դաշտի հիմնական կոնֆլիկտը լինի այս առանցքով: Շոշափելի վտանգներ կան, որ նույնը կարող է լինել ընդդիմության դաշտում»: Նաեւ հավելեց. «Ես ցավով պիտի ասեմ, բայց իրականության մեջ ես չեմ կարող քաղաքական ուժերին, այդ թվում՝ եւ ընդդիմադիր, համարել ժողովրդավարության առաջամարտիկներ, եթե նրանց հեռուստաընկերությունները, եթե նրանց թերթերը իրենց էջերի 99%-ը նվիրում են իրենց, 1%-ը՝ ուրիշներին: Ես չեմ կարող այսպիսի լուրջ ազդանշանը չընկալել ու չհասկանալ, որ եթե ես նրանց հետ գամ իշխանության՝ նրանք նույնն անելու են ազգային հարստության հետ: Եթե մարդիկ անգամ խոսքի իրավունքի, ինքնաներկայացման առումով նման խնդիր ունեն, որ իրենց ռեսուրսների 90%-ը պետք է ծառայի իրենց, ապա չեմ հավատա քաղաքական ուժին, որը ժողովրդավարություն է բերում երկրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել