Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլեյբոլի գնդակ»

Դեկտեմբեր 23,2010 00:00

Ըստ Ռուբեն Թովմասյանի՝ այսպիսին էր Հայաստանը 2010-ին

«2010-ը իր դրական ներդրումներով չփայլեց հայերիս եւ Հայաստանի համար». այսպես են բնութագրում Հայաստանի կոմունիստական կուսակցությունում անցնող տարին: Ավելին, կոմունիստները կարծում են, որ Հայաստանի նորագույն պատմության շրջանում մեր կյանքում ի հայտ եկած բոլոր բացասական երեւույթներն իրենց գագաթնակետին հասան անցնող տարում: Ի հեճուկս ՀՀ կառավարական այրերի՝ տնտեսության ոլորտում ներդրված իրենց ջանքերի, քրտնաջան աշխատանքի եւ որպես արդյունք՝ տնտեսական աճի մասին արտասանվող նախատոնական ճառերի, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը որերորդ անգամ արձանագրում է. «Տնտեսության բնագավառում որեւէ քայլ առաջ չարվեց. գների խայտառակ թանկացումներ, աղքատություն, արտագաղթ, գյուղացու անտանելի, երբեմն նույնիսկ անմարդկային վիճակ, վախ, անհանգստություններ ապագայի համար: Մարդիկ համոզվեցին, որ այս համակարգն անելիք չունի եւ պետք է հեռանա քաղաքական ասպարեզից»: Ընկեր Թովմասյանը կարծում է, որ աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը դարձել է «վոլեյբոլի գնդակ՝ գերտերությունների ձեռքին. ով ինչպես ուզում է, այդ ուղղությամբ էլ մղում է այդ գնդակը»: Նա փաստում է, որ այն իղձերն ու նպատակները, որոնք իր առջեւ դրել է հայ ժողովուրդը ե՛ւ ԼՂՀ, ե՛ւ ազգային այլ հարցերում, շարունակում են տեղում դոփել: Ի դեպ, երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ասել էր, որ 2011-ին Ղարաբաղի հարցով «մեծ առաջընթացի» հույս ունի: Հետաքրքրվեցինք՝ արդյոք 2010-ի ավարտին ընկեր Թովմասյանը տեսնո՞ւմ է ԼՂՀ հարցում առաջընթացի հույսեր: Պատասխանը եղավ. «Որեւէ ժողովրդի կյանքում ԱՄՆ-ը դրական դերակատարում չի ունեցել: Վկան՝ Աֆղանստանն ու Իրաքը, որտեղ ինչ-ինչ պատրվակներով մտան եւ իրենց ժողովրդավարությունն են փորձում հաստատել տանկերով ու զորքով: Ես չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ ԱՄՆ-ի որեւէ պաշտոնյայի հայտարարությանը: Այն երկիրը, որն իրեն ամենաժողովրդավար եւ ամենահզորն է համարում, բայց իր անձնական-պետական շահից ելնելով՝  վախենում է ընդունել պատմական ճշմարտությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ավելորդ է հավատալ այդ ժողովրդավարությանն ու այդ երկրի պաշտոնյաների կողմից հնչեցված հայտարարություններին, որոնք ավելի շատ խաբկանքի էլեմենտներ են»:
Ամեն դեպքում, Ռուբեն Թովմասյանը գտնում է, որ գալիք 2011-ին ճշմարտության եւ արդարության համար մղվող պայքարն ավելի ուժեղ է լինելու, եւ ժողովուրդը միահամուռ դուրս է գալու այս համակարգի դեմ՝ ինչպես Մոլդովայում, Բելառուսում: Նա ՀԿԿ-ի անունից շնորհավորանքներ է հղում համայն հայությանը՝ ցանկանալով առողջություն, երջանկություն, սովետական բարօրություն. «Վերջապես երիտասարդությունը հասկանա՝ ի՞նչ է սովետական համակարգը, եւ ինքը պայքարի դրա համար»: Իսկ Կոմկուսն իր պայքարն ընտրական գործընթացում կտանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել