Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ»

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի, այն չի կարող անաչառ քննել ու գնահատական տալ այդ իրադարձություններին:

Երեկ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը պատասխանելով հարցին, թե՝ ո՞րն է պատճառը, որ քաղաքական մեծամասնությունը կամք չի դրսեւորել «Մարտի 1»-ի դեպքերի արդյունքում զոհվածների մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, եւ հասարակությունն այդպես էլ որեւէ մարդասպանի չի տեսել, հայտարարել է, թե այդ դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, ներկայացրել մեծ զեկույց, եւ նոր բան չկա ասելու: Փոխարենն ասելիք ունեն «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ու այդ իրադարձությունների արդյունքում քաղբանտարկյալ դարձած մարդիկ, որոնք «Մարտի 1»-ի էջը փակված չեն համարում եւ պահանջում են բացահայտել այդ դեպքերի պատասխանատուներին: Արդեն հայտնի է, որ հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների գանգատը, որը նախապատրաստական փուլում է, հաջորդ տարի կփոխանցվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մարտիմեկյան թեմայի շուրջ «Առավոտը» երեկ զրուցեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հետ:
– Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արդեն սկսել է մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված գործերի ուսումնասիրությունը, զոհերի հարազատների գանգատն էլ, թերեւս, հաջորդ տարի ՄԻԵԴ-ին կհասնի, իսկ Հայաստանում «Մարտի 1»-ի սպանությունների վերաբերյալ քրգործով որեւէ առաջընթաց, բացահայտում չկա: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:
– Իսկ ո՞նց կարող է բացահայտում լինել: Ես էլի եմ ասել ու պնդում եմ, որ «Մարտի 1-2»-ի իրադարձությունների բացահայտումը կամ դրանց համարժեք իրավական գնահատական տալն այս վարչախմբի ուժերից վեր է: Այս վարչախումբը՝ իր իրավապահ մարմիններով հանդերձ, իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ չի կարող, որովհետեւ անմիջապես կբացահայտվեն, թե ովքեր են այդ դեպքերի անմիջական կատարողները, ապօրինի հրաման տվողները, ու թե՝ ի վերջո, ով է կանգնած այդ ամենի վերեւում: Դրա համար էլ այդ հանցագործություններով ոչ արդյունավետ քննություն կատարելով, մեղավորներին չբացահայտելով եւ նրանց մեղադրանքներ չառաջադրելով՝ մեր դատախազական եւ դատական մարմինները ի սկզբանե, ինչպես մենք ենթադրում էինք, պիտի մերժեին եւ մերժել են նաեւ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների բողոքները: Հիմա պատրաստվում են այդ գործերով ԵԴ ուղարկվելիք բողոքները: Մենք սպառել ենք ներպետական բոլոր ատյանները, եւ հույս ունեմ, որ չորս խմբերով դասակարգված գանգատների մի մասը գուցե մինչեւ տարեվերջ, մի մասն էլ հունվարի ընթացքում կուղարկենք ՄԻԵԴ: Հիմա սա է մեր խնդիրը:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ առ ժամանակ անց «Մարտի 1»-ի սպանությունների գործն էլ կարճվի՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա եղավ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներին ի հայտ բերելու գործի դեպքում: Ընդհանրապես այդ գործերի ճակատագրի առումով նմանություններ տեսնո՞ւմ եք:
– «Մարտի 1»-ի գործի ճակատագիրը կախված է քաղաքական իրավիճակից: Հիմա քանի որ իրավիճակն այնպիսին է, որ ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, ակտիվ է եւ ռեալ քաղաքական ազդեցություն ունի ու իրենից լուրջ ուժ է ներկայացնում, ավելին՝ դեռեւս ուժի մեջ են ԵԽԽՎ բանաձեւերը, նաեւ՝ թիվ 1677-ը, որի պահանջներից մեկը հենց «Մարտի 1-2»-ի դեպքերի անկախ քննության անցկացումն է, ուստի՝ այս պայմաններում խոսել, թե իշխանությունները կկարճեն սպանությունների հանգամանքներին առնչվող գործը, իմ կարծիքով՝ ռեալ չէ, եւ նույնիսկ իշխանությունների տեսանկյունից էլ դա նպատակահարմար չի լինի: Դա ապացուցում են նաեւ այն պատճառաբանությունները, որոնք այդ գործերով հայաստանյան դատական ատյաններում ներկայացնում են դրանք քննող քննչական խումբը, գլխավոր դատախազությունը՝ հայտարարելով, թե այդ գործով նախաքննությունը դեռ շարունակվում է եւ այլն: Կարծում եմ, կարճման քաղաքական որոշում հիմա չեն կարող կայացնել: Ուրիշ բան է, որ չեն կարող նաեւ այլ քաղաքական որոշում կայացնել, եւ ենթադրենք՝ սպանության մի 4-5 դեպք «Փաստահավաքի» զեկույցների, մեր ունեցած ապացույցների հիման վրա բացահայտել: Այս վարչախումբը այդպիսի քաղաքական որոշում էլ չունի, եւ հրահանգ էլ չկա, որ քննչական մարմինը ձեռնամուխ լինի մի քանի սպանությունների գործերի բացահայտմանն ու դրանց մեղավորներին պատժելուն:
Եթե հիշում եք, հատուկ միջոցներ գործադրած չորս ենթասպաների զենքի հետ վարվելու կանոնների անզգույշ խախտման մեղադրանք էր առաջադրվել: Մինչեւ հիմա որեւէ բան հայտնի չէ՝ ի՞նչ եղավ այդ մեղադրանքի ճակատագիրը. կարճվե՞ց, մեղադրանքները հաստատվեցի՞ն, հանվեցի՞ն: Դրա պատասխանն էլ տալ չեն կարող, եւ ոչ թե այն պատճառով, որ Հատուկ քննչական ծառայությունը չի կարողանում այդ հանցագործությունները բացահայտել, կամ որ քննիչներն անփորձ են, տեսական ու գործնական ցածր պատրաստվածության մակարդակ ունեն, այլ՝ որովհետեւ այդպիսի քաղաքական թույլտվություն՝ սանկցիա չունեն:
– Տպավորություն կա, թե «Մարտի 1»-ի բացահայտման համատեքստում մեր հասարակությունը դեմ է առել իշխանությունների կառուցած ամուր պատին: Դա հաղթահարելու եւ գործը, ի վերջո, բացահայտելու ուղիներ տեսնո՞ւմ եք:
– Այդ պատը ուղղակի պետք է քանդել: Դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա: Դրա համար էլ կարծում եմ, որ այս իշխանությունների, այս վարչախմբի օրոք «Մարտի 1-2»-ը չի բացահայտվելու: Տեսեք, մինչեւ հիմա մենք չենք կարողանում հասնել այն բանին, որ Հայաստանում մեզ՝ ընդդիմությանը, հասանելի միակ ինստիտուտը՝ Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ Սահմանադրական դատարանում բողոքարկի 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի ապօրինի հրամանագիրը: Մենք չենք կարողանում նաեւ որեւէ դատական ատյանում վիճարկել ՀՀ պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրամանի հակաօրինականությունը: Այսինքն՝ այս իշխանություններն ուղղակի սարսափում են «Մարտի 1-2»-ի դեպքերի որեւէ հանգամանքի իրական իրավական ու դատական քննարկումից: Ավելին ասեմ. մենք՝ ՀԱԿ-ը, մեր վերջին հայցով վիճարկել էինք 2008թ. մարտի 1-ին նախագահի գլխավորությամբ գործադիր իշխանության մարմինների՝ ոստիկանություն, ՊՆ ու ԱԱԾ, գործողությունների հիմնավորումները կամ ապօրինությունները «Մարտի 1-2»-ին, որոնք հանգեցրել էին տասնյակ մարդկանց խեղումների, ազատության, տեղաշարժի իրավունքի սահմանափակումների, ինչպես նաեւ առնվազն 10 մարդու սպանության: Այդ հայցի ընդունումն էլ դատական բոլոր ատյանները մերժեցին: Հիմա մենք պատրաստվում ենք այդ գործով էլ դիմել ՄԻ Եվրոպական դատարանին: Սա նշանակում է, որ այս վարչախումբն ուղղակի սարսափում է «Մարտի 1-2»-ին իր կատարած ապօրինի գործողությունների հրապարակային որեւէ քննարկումից, դրանց իրավական գնահատական տալուց:
– Ու այդ պաշարով ՀՀ իշխանությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի, 2011-ին գնում են նախընտրական արշավի: Կարծում եք՝ դա իշխանությունների համար հաջող մեկնարկ կլինի՞:
– Դե, հիմա չգիտեմ՝ իրենք ինչի՞ են գնում. նախընտրական արշավի՞, թե՞ հրաժարականի: Դա իրենց գործն է: Բայց իրենք չեն մարսել «Մարտի 1»-ը: Տեսեք, նույնիսկ Նիկոյանի գլխավորած այդ դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի տված գնահատականը հայաստանյան մոնիտորինգային հանձնաժողովի անդամների համար անընդունելի համարվեց: Նիկոյանի հանձնաժողովը չկարողացավ իր եզրակացությամբ նույնիսկ բավարարել այդ «կիսալոյալ» մոնիտորինգային խմբին: Այսինքն՝ իրենք չեն կարող «Մարտի 1-2»-ի դեպքերին մոտենալ անաչառ տեսանկյունից եւ գնահատականներ տալ, որովհետեւ դա իրենց համար մահու չափ վտանգավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել