ԱԼՄ սեփականատեր Տիգրան Կարապետյանը պնդում է՝ «Ես քավության նոխազ եմ դարձել»
ՀՌԱՀ բոլոր անդամները դեկտեմբերի 16-ին միաձայն «4» գնահատականը նշանակեցին ԱԼՄ-ի ներկայացրած մրցութային առաջարկին, իսկ «Երեւան» հեռուստաընկերությանը՝ նույնքան միահամուռ կերպով՝ «5»: ՀՌԱՀ կայքէջում հրապարակվել է որոշումը, որտեղ հիմնավորումներ են, հաղթողի ընտրության համար օրենքով սահմանված 6 չափանիշների համադրությունը: Մասնավորապես նշված է, թե ԱԼՄ-ի սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը կազմել է 68,9%, եւ փակագծերում հավելված՝ «ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի», իսկ «Երեւանի» դեպքում նույն չափանիշը 71,7% է, ու դարձյալ հավելված է. «ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի»: Հայրենական արտադրության հաղորդումների ծավալի վերաբերյալ ԱԼՄ-ի մասին նշված է. 80,5%՝ էլի ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, իսկ «Երեւանի» դեպքում «միջին հաշվարկով կազմում է 87,2% (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի)»:
Որոշման մեջ նշված է, որ ԱԼՄ-ն «2013թ.-ից նախատեսում է աշխատել շահույթով: Սակայն այն ուղղվելու է մինչեւ 2011թ. կուտակված վնասների (698463000 դրամ) ծածկմանը»: Իսկ «Երեւանը» «մինչեւ 2014թ. նախատեսում է աշխատել շահույթով, իսկ 2015-2020թթ.՝ վնասով: Լիցենզիայի գործողության ողջ ժամկետի կտրվածքով ընկերությունն այնուամենայնիվ ապահովում է դրական սալդո՝ 14060000 դրամ»:
Երկու հեռուստաընկերությունների բազմակարծությունը խթանելու կարողություններն էլ ՀՌԱՀ-ը գնահատել է բավարար։
Հիշատակված է, որ ԱԼՄ-ի միակ հիմնադիրը ներկայացրել է երաշխավորագիր. «10 տարվա ընթացքում (2011-2020թ.) սեփական միջոցներից հատկացնել անտոկոս ֆինանսական միջոցներ 600 միլիոն դրամ», իսկ «Երեւան» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «ներկայացրել է հավաստող փաստաթղթեր, ըստ որոնց՝ լիցենզիայի գործողության ողջ ժամկետում պարտավորվում է 400000000 ՀՀ դրամ ներդրում կատարել»: Նշված է նաեւ, որ ԱԼՄ-ն ունի 79 աշխատակից, իսկ «Երեւանը»՝ 42 աշխատակից:
Եվ այս ամենից հետո ՀՌԱՀ-ը եզրակացրել է. «Ըստ առաջին եւ երկրորդ չափանիշների, մրցակցին գերազանցել է «Երեւան» հեռուստաընկերություն ՓԲԸ-ն, ըստ հինգերորդ չափանիշի՝ մրցակցին գերազանցել է «ԱԼՄ-հոլդինգ» ՍՊԸ-ն, իսկ ըստ երրորդ, չորրորդ եւ վեցերորդ չափանիշների՝ ընկերությունների առաջարկները հավասարապես բավարար են»:
Փաստորեն՝ վճռորոշ են դարձել սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների գերակայության վերաբերյալ չափանիշները, որտեղ ՀՌԱՀ-ն առաջնորդվել է սեփական հաշվարկներով: Առաջարկները հայտնի չեն՝ ՀՌԱՀ-ը մրցույթի ավարտից հետո անգամ չի հրապարակում դրանք, որ պարզ դառնա՝ մի՞թե այս հեռուստաընկերություններն իրենք տվյալներ չեն ներկայացրել այս չափանիշների վերաբերյալ, թե՞ այս դեպքում էլ են արվել ճշտումներ:
ԱԼՄ հիմնադիր Տիգրան Կարապետյանը որոշման մեջ նշված այս հիմնավորումների վերաբերյալ «Առավոտին» ասաց. «Սեփական արտադրությունն ուղիղ եթերն է, հեղինակային, ստեղծագործական հաղորդումները: Մեր եթերի 90%-ն ուղիղ եթեր է: «Շախմատն» ուղիղ եթեր է, իմ հաղորդումը՝ «Հարցի արժեքը», ուղիղ եթեր է, «Դիրքորոշումը»՝ ուղիղ եթեր, «Զարմանադարան»՝ ուղիղ եթեր, «Մանուկների աշխարհում»՝ ուղիղ եթեր, «Զարկերակ», «Օրեցօր», «Մարդիկ»՝ ուղիղ եթեր: Սրանք ամբողջովին սեփական ստեղծագործություն են՝ ի տարբերություն «Երեւան» ստուդիայի: Ինքն ուներ «Ավտոշուկա», առավոտյան հաղորդում, մեկ էլ՝ SMS-ներ (նկատենք, սակայն, որ «Երեւանը» նաեւ լրատվական ծրագիր ունի, եթեր է հեռարձակում «Հայացք Երեւանից» հաղորդաշարը եւ այլն.- Ա. Ի.): Մեզ մոտ մշտապես ազատամարտիկներ են եղել, մշտապես մեծարվել է բանակը եւ անձեռնմխելի է եղել: Ինչքան հայ մարդիկ կան, որոնք ունեն ինչ-որ աշխատանք, ինչ-որ լումա ներդրած Հայաստանի համար՝ եղել են մեր «Տարեթվեր»-ով: Ունեինք նաեւ ռուսալեզու հաղորդումներ, որոնք ազգային փոքրամասնությունների համար էին, սուրդոթարգմանություն՝ խուլ ու համրերի համար: Մենք ունեինք շատ ու շատ առավելություններ: Եթե ՀՌԱՀ-ը մտածում է, որ ժողովուրդը միամիտ է ու չի տեսնում, ուրեմն՝ ինքը խնդիր ունի: Եվ այսօր ես հայտարարում եմ ի լուր աշխարհի, որ ոչ միայն քավության նոխազ եմ դարձել ու պատժվում եմ իշխանության կողմից, այլեւ բացի դրանից՝ ահավոր ֆալսիֆիկացիա է տեղի ունենում: Ժողովրդի իմացածը, ամեն օր տեսածն ուզում են խեղաթյուրել: Մեր ժողովուրդը շատ լավ գիտի՝ ինչ էր ցույց տալիս ԱԼՄ-ն, եւ ինչ է ցույց տալիս «Երեւանը»: Հանձնաժողովը դա հաշվի չի առել: Ուրեմն՝ իրենց այդպես էր պետք: Եվ նրանք այսօր ԱԼՄ-ն եւ անձամբ ինձ դարձնում են քավության նոխազ»: