Կոալիցիայի 69 պատգամավորների «կողմ» քվեարկությամբ ԱԺ-ն երեկ ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ Տիգրան Թորոսյանը չմասնակցեցին քվեարկությանը՝ հուսալով տապալել այն, եւ քվեարկությունից առաջ էլ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ապարդյուն կոչ արեց բոլոր պատգամավորներին. «Մի՛ քվեարկեք ընդհանրապես, որովհետեւ երբ ամբողջությամբ, թափանցիկությամբ չես տեսնում վտանգավոր հետեւանքները, իսկ դրական հետեւանքներն առանձնապես չերեւացին, որովհետեւ ոչ մի խոստում հստակ չեղավ, թե վերջում ինչ դրական բան է լինելու սրանից»: Մի դրական բան նախօրեին նշել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, թե այդ օտարալեզու դպրոցներում՝ «Անկախ հանրակրթական ծրագրերից եւ ուսումնական հաստատության ձեւից՝ հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը լինելու է պարտադիր»: Այս անընդհատ կրկնվող փաստարկի հեղինակներն այդպես էլ չպատճառաբանեցին, իսկ ուրիշ ի՞նչ լեզվով կարող էր դասավանդվել հայերենը՝ ռուսերե՞ն, անգլերե՞ն, թե՞ այլ: