Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄՌԱՆԸ ՄԱՇԿԸ ԽՈՆԱՎ ՊԱՀԵՔ

Դեկտեմբեր 22,2010 00:00

Խորհուրդ է տալիս մասնագետը

\"\"«Ձմռանը մաշկը խոնավացնելու կարիք է զգացվում»,- երեկ «Արմատ» ակումբում ասաց մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Գայանե Վարդանյանն ու հավելեց, որ այժմ մաշկը խոնավ պահելու համար մի շարք արդյունավետ միջոցներ կան եւ շատ մատչելի են:

Ըստ Գ. Վարդանյանի՝ մաշկի ջրազրկումը պայմանավորված է բնակլիմայական գործոններով՝ «մեզ մոտ օդը չոր է, հետեւաբար մաշկը պետք է խոնավացնող քսուքներով խնամել»:

Բժշկուհին ասում է, որ հատուկ քսուքների օգնությամբ կարելի է ձերբազատվել ոչ միայն մաշկի չորությունից, այլեւ անցանկալի հետեւանքներից՝ մաշկային հիվանդություններից:

Գ. Վարդանյանի փոխանցմամբ, ձմռանը ավելի տարածված մաշկային հիվանդություններից են կորյակները եւ սեբորեան (թեփոտումը):

Բժշկուհին նաեւ նկատում է, որ մաշկային հիվանդությունների աճը Հայաստանում երբեմն պայմանավորված է լինում սոցիալական վատ պայմաններով:

Բժշկի գնալու, հետազոտվելու սովորություն հայերը չունեն: «Միայն դանակը ոսկորին հասնելու ժամանակ են դիմում բժշկի»,- ընդգծեց բժշկուհին՝ հավելելով, որ հայերը բժիշկներին վստահելու խնդիր ունեն:

Մասնագետին դիմելիս Գ. Վարդանյանը խորհուրդ տվեց միանգամից չհամաձայնել կատարել մաշկի մաքրում: Բժշկուհին հորդորում է նախ պարզել պատճառը, այնուհետեւ անցկացնել դեղորայքային բուժում, վերացնել բորբոքային պրոցեսը, այնուհետեւ կատարել մաշկի մաքրում:

Խոսելով մաշկային հիվանդություններից, բանախոսը նշեց նաեւ, որ շատացել են սնկային հիվանդությունները, որոնք, ըստ բժշկուհու, վարակիչ են. սնկային հիվանդություններից զերծ մնալու նախապայմաններից մեկը՝ հիգիենայի կանոններին գրագետ հետեւելն է:

Մաշկաբանը ասաց նաեւ, որ հիգիենայի կանոնները ոչ բոլորն են պահպանում, հատկապես գեղեցկության կենտրոններում՝ վարսահարդարները, մատնահարդարները: Չեն օգտագործվում ախտահանող հեղուկներ, ինչի հետեւանքով մարդիկ վարակվում են օնիխոմիկոզ հիվանդությամբ:

«Առավոտի» հարցին՝ արդյոք հատուկ սննդակարգի չարաշահումը կարո՞ղ է մաշկային խնդիրներ առաջացնել, Գ. Վարդանյանը հետեւյալն ասաց. «Եթե հատուկ սննդակարգը գրագետ է արվում, ոչ: Այսինքն՝ սննդակարգը պետք է լինի մասնագետի ցուցումներով, եւ մաշկի համար բեռնաթափումը միայն օգտակար է»:

Վերջում բժշկուհին հորդորեց օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ՝ չմոռանալով չափի զգացումի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել