Լատվիայի խորհրդարանը հավանություն է տվել խորհրդարանական «Համաձայնության կենտրոն» խմբակցության առաջարկին՝ ուղղափառ Սբ. Ծնունդը՝ հունվարի 6-ը եւ 7-ը, տոնական օրեր դարձնելու մասին: «Համաձայնության կենտրոն» խմբակցության 20 պատգամավոր այդ առաջարկով դիմել էր սեյմին: «Տոնական, հիշատակի եւ հիշարժան օրերի մասին» օրենքում շտկումների առաջարկին կողմ է քվեարկել 46 պատգամավոր, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 5 պատգամավոր: Քվեարկության արդյունքում առաջարկը հանձնվել է մարդու իրավունքների եւ հասարակական գործերի հանձնախմբին:
«Լատվիայում ապրում է շուրջ 400 հազար ուղղափառ: Նրանց, ինչպես նաեւ այլ կոնֆեսիաների ներկայացուցիչների համար Սբ. Ծնունդն ամենակարեւոր կրոնական տոներից մեկն է: Դրա համար էլ հունվարի 6-ը եւ 7-ը պետք է լինեն նաեւ աշխարհիկ օրացուցային տոներ»,- ասել է խմբակցության նախագահ Իվան Կլեմենտեւը:
«Համաձայնության կենտրոն» խմբակցությունն արդեն բազմից հանդես էր եկել նման առաջարկով, սակայն սեյմի պատգամավորների մեծամասնությունը թերահավատորեն էր տրամադրված, եւ առաջարկը տարեցտարի մերժվում էր:
Առջեւում խորհրդարանական հանձնախմբում օրենքի փոփոխությունների քննարկումն է: