Հուզիչ, դրամատիկ պատմությունը՝ էկրանին
«Մոսկվա» կինոթատրոնում շարունակվում է ցուցադրվել Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանված «Արտիստը» ֆիլմը: Ռեժիսորը Զարուհի Սարգսյան-Կասպարյանցն է, սցենարի հեղինակը՝ Լեւոն Գալստյանը, պրոդյուսերը՝ Հայկ Հարությունյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս երիտասարդ դերասաններ Արսեն Լեւոնյանն ու Լուսինե Թովմասյանը: Բացի կինոյի աշխարհ նոր մուտք գործող երիտասարդներից, ֆիլմում նկարահանվել էին նաեւ պրոֆեսիոնալ դերասաններ Հասմիկ Տեր-Կարապետյանը, Կարինե Ջանջուղազյանը, Էվելինա Շահիրյանը, այլք: Ֆիլմի հեռուստատարբերակը, որը բաղկացած կլինի 5 մասից, հեռուստաէկրանին կհայտնվի հաջորդ տարի: Գլխավոր հերոսին՝ Լեւոնին բոլորը համարում են ոչ այս աշխարհի էակ, իսկ Լուիզան կարողանում է ապրել այնպես, ինչպես պետք է ապրի այս աշխարհի մարդը: «Արտիստը» հուզիչ, դրամատիկ պատմություն է սիրո հավերժության եւ ողբերգականության մասին, թե ինչպես կարող են մեծ հոգիները սիրել մինչեւ վերջ՝ վճարելով ամենաթանկ գինը: «Դասական գրականության ուժն այն է, որ խոսում է հավերժական թեմաների մասին, որոնք դուրս են ժամանակից եւ տարածությունից: Այս գրական ստեղծագործությունը, ֆիլմը փորձ է մարդկանց հիշեցնելու՝ կա մի վերին ճշմարտություն, որը պետք է փնտրել ոչ թե հորիզոնական հարթության մեջ, այլ նայելով վերեւ՝ ուղղահայաց հարթության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Արտիստի» սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը:
Մեր հարցին, թե վերջնական արդյունքում տեսնո՞ւմ է այն, ինչ պատկերացնում էր իր գրած սցենարում, Լ. Գալստյանն այսպես է պատասխանում. «Այն, ինչ սցենարի հեղինակը պատկերացնում է եւ հետո տեսնում էկրանին, չի կարող լիովին համարժեք լինել, բայց այստեղ շատ ռեժիսորական լուծումներ իմ պատկերացրածից ավելի հետաքրքիր թվացին»: Լ. Գալստյանի խոսքով՝ «Յուրաքանչյուր բանական մարդու մեջ կա այդ արտիստը, ամբողջ խնդիրն այն է, թե որքանով է այն պարփակված եւ ինչ տեղ ունի մարդու կյանքում: Մարդ, որ ունի հոգեւոր աշխարհ, եւ այդ էակը չի մարտնչում այս աշխարհի դեմ, հակառակը՝ անտրտունջ կրում է իր խաչը: Նա չի կարող ապրել առանց իրեն սնուցող, ապրեցնող զգացողությունների, զգացմունքի: Այդ ողբերգությունը նրա օբյեկտիվ առարկայական միայնությունն է, նա փիլիսոփա չէ, հերոս չէ եւ այդպես էլ իրեն ընկալում է… Նա տարրալուծված է իր դավանած արժեքների մեջ՝ երաժշտություն, սեր, հոգեւոր աշխարհ, եւ երբ հենարանը փլուզվում է, իր համար արդեն աշխարհի գոյությունը կորցնում է իմաստը»: Ինչ վերաբերում է գլխավոր հերոսների խաղին, մեր զրուցակիցը կարծում է. «Լուսինեն կարողացել է փոխանցել այդ կերպարի հիմնական էությունը ե՛ւ իր քնքշությամբ, ե՛ւ զուսպ, գեղեցիկ կեցվածքով եւ, այնուամենայնիվ, այն տագնապը, որ իրեն տանջում էր, կարողացել է արտահայտել: Արսենն էլ գրեթե նույնացել էր իր կերպարի հետ»: Լ. Գալստյանը երկու ձեռքով կողմ է դասական գործերի էկրանավորմանը: «Մարդիկ կարիք ունեն իրական զգացմունքներին, հույզերին առնչվելու եւ հատկապես, երբ այդ ամենի հիմքում արվեստի լեզուն է: Մենք հաճախ ենք խոսում մեր երիտասարդների ապամշակութայնացման, նյութականին տուրք տալու մասին, պետք է նրանց առաջարկել, տալ նաեւ այսպիսի նյութ,- նշում է նա ու հավելում:- Կինոյի ասպարեզում այժմ մի աշխույժ ընթացք է, եւ այս քանակական կուտակումները կբերեն որակական ինչ-որ վիճակի: Լավ կլինի, որ մշակութային նյութերի առատություն լինի, որպեսզի նաեւ չափանիշները մի քիչ փոխվեն»:
Լ. Գալստյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատում է Խ. Աբովյանի մասին պատմող ֆիլմի սցենարի վրա, որտեղ, իր խոսքով՝ փորձելու են Աբովյանի առասպելականացված, ինչ-որ տեղ նաեւ միստիկ կերպարի ենթատեքստը տեսնել: