Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"Մանկական Ամանորի ներկայացումներ ոչ բոլոր թատրոններն են պատրաստել

Ամեն տարի Ամանորի նախաշեմին գրեթե բոլոր թատրոններում մեկնարկում է տոնական կամ, ինչպես ընդունված է ասել՝ տոնածառային ներկայացումների շարք: Դեկտեմբերի 20-ից երեւանյան մի շարք թատրոններում սկսվում են մանուկների կողմից շատ սիրված հեքիաթ-ներկայացումները՝ թզուկներ, արջեր, վագրեր, հեքիաթի այլ հերոսներ եւ, ի վերջո, Ձմեռ պապ ու Ձյունանուշ: Այս տարվա ներկայացումներն արդեն սկսվել են: Թե ի՞նչ հեքիաթային իրավիճակներում են հայտնվելու հայ մանուկները եւ թե ի՞նչ են պատրաստել թատրոնները երեխաների համար՝ «Առավոտը» պարզեց նրանցից: Պարզվում է, այս տարի թատրոններից միայն մի քանիսն են իրենց «տանջել» եւ հատուկ պիեսներ գրել կրտսեր հանդիսատեսի համար: Օրինակ՝ այդ առումով մանուկներին այս տարի կհիասթափեցնի մայր թատրոնը՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Եթե նախկինում ամեն տարի թատրոնը ներկայանում էր որեւէ Ամանորի ներկայացումով, ապա այս տարի այնտեղ երեխաների համար ոչինչ տեղի չի ունենա: Երբ զանգեցինք թատրոն, ադմինիստրացիոն բաժնի աշխատակցուհին առանց մեկնաբանությունների պատասխանեց, որ ներկայացում չունեն, եւ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչու:

Նույն կարգավիճակում են նաեւ Երեւանի պատանի հանդիսատեսի եւ Երեւանի պետական կամերային թատրոնները: Նրանց մոտ էլ երեխաների համար նախատեսված ներկայացումներ չեն լինի:

Իսկ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը երեկվանից իր դռները բացել է մանուկների առջեւ: Մինչեւ դեկտեմբերի 29-ը երեխաները հնարավորություն կունենան վայելել «Այս տարվա հեքիաթ» ներկայացումը: Մեզ հետ զրույցում ներկայացման ռեժիսոր եւ բեմադրիչ Լարիսա Մանգասարովան ասաց, որ «Այս տարվա հեքիաթը» նախատեսված է հենց եկող՝ 2011 թվականի համար. «Գործողությունը տեղի է ունենում անտառում: Վերջինիս բնակիչների համար կազմակերպվում է հանդես: Մասնակցում են բոլորը, բացի գայլից եւ աղվեսից: Մի օր պատահական այդ երկուսին հանդեսի մասնակցության հրավիրատոմս է ուղարկվում: Թե ո՞վ է ընդհանրապես հանդեսի կազմակերպիչը եւ հրավիրատոմսերի հեղինակը, բոլորի համար գաղտնի է լինում: Վերջում պարզվում է, որ այդ ամենը այս տարվա խորհրդանիշ նապաստակի «ձեռքի գործն» է: Բովանդակությունը սա է: Պիեսում խաղում են նաեւ Ձմեռ պապ եւ Ձյունանուշ, որոնց գործողությունները տեղի են ունենալու հանդիսատեսի շարքերում: Այսքան ժամանակ այնպես էր ստացվում, որ մեր տոնական ներկայացումները խաղում էինք թատրոնի ֆոյեում, հետո ներկայացումը շարունակվում էր դահլիճում: Այս տարի ֆոյեում գործողություն չունենք: Այդ պատճառով ես որոշեցի՝ ներկայացումն այնպես կառուցել, որ գործողությունը ե՛ւ բեմում լինի, ե՛ւ հադիսատեսի շարքերում: Այսինքն՝ այս կերպ ես բեմադրության մեջ եմ մտցնում նաեւ երեխաներին, որպեսզի նրանք էլ մասնակցություն ունենան»: Լ. Մանգասարովայի փոխանցմամբ, պիեսի հեղինակներն են ինքը եւ Աստղիկ Սիմոնյանը, նկարչական ձեւավորումն էլ վստահվել է Անժելա Գալստյանին:

«Այս տարվա հեքիաթը» կցուցադրվի մինչեւ դեկտեմբերի 29-ը եւ հունվարի 3-10-ը:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը մեծ շուքով է պատրաստվել Ամանորին: Հատուկ այս տարվա համար, ինչպես ամեն տարի, գրվել եւ բեմադրվել է պիես: Բեմադրության ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի խոսքով, այս տարվանը՝ «Թզուկի հեքիաթը», փոքր, մեկ ժամանոց ներկայացում է. «Եթե բոլոր տեղերում տոնածառային հանդեսներ են, ապա մեզ մոտ ներկայացում է եւ նախատեսված ոչ միայն փոքրերի, այլեւ մեծահասակների համար: Գործողությունները կատարվում են ծաղիկների թագավորությունում, որտեղ բարություն է իշխում: Թագավորը արքա թիթեռն է, ով ունի արքայադուստր թիթեռնիկ, որին սիրահարված է մորեխիկը: Ունենք չար կերպար, որը կրետն է, նա չարություն է անում ծաղիկների թագավորության դեմ, իսկ արքայադուստրը եւ մորեխիկը միասին համատեղ ուժերով հաղթում են չար կրետին»:

Լ. Մանգասարովայից հետաքրքրվեցինք, «Այս տարվա հեքիաթի» կերպարները չե՞ն վախեցնի արդյոք երեխաներին, որովհետեւ հաճախ է լինում, որ մանկական ներկայացումների հեքիաթային հերոսները սարսափելի են լինում եւ վախեցնում են երեխաներին: Ռեժիսոր-բեմադրիչն ասաց. «Մեզ մոտ չար կերպարները գայլուկն ու աղվեսն են: Եվ ունենք եւս մեկ կախարդ պառավ, որն ուղղակի ավելի ծիծաղելի կերպար է, քան կախարդ: Այսինքն՝ կերպարները հասկացողությամբ վատն են, բայց ուղղակի չարաճճիություններով է ընդգծվում նրանց վատ լինելը»:

Գ. Խաչատրյանն էլ այս մասով ասաց, թե այս դարի երեխաներին ոչնչով չես վախեցնի. «Այն սերունդը, որ դաստիարակվում է «Հարի Փոթերների» վրա, թատրոնների կերպարներից դժվար թե վախենա: Չարը մեզ մոտ չար երեխան է: Մեզ մոտ չարություններ անող կերպարներ են, ոչ թե չարեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել