Զանգվածային լրատվամիջոցների վերջին օրերի լրահոսում քիչ չեն հայ մարզական գործիչների մասին հաղորդագրությունները:
Մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը օրերս թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել է «Նիժնի Նովգորոդի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին (նկարում): Հայ մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Եվգենի Բուշմանովին: «Գրիգորյանը ֆուտբոլային իր հայացքներով, նպատակաուղղվածությամբ եւ անցած մրցաշրջանում կատարած իր աշխատանքով մեզ դուր եկավ»,- այսպես է արտահայտվել հայ մասնագետի նշանակման մասին «Խիմկիի» գլխավոր քարտուղար Սերգեյ Գորոդնիչուկը: Ավելացնենք, որ եկող մրցաշրջանում Գրիգորյանին օգնելու է Իլյա Ցիմբալարը, որը մինչ այդ աշխատում էր Յարոսլավլի «Շիննիկում»:
Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի տարածքային բաժանմունքի ժողովում որոշվել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրել Կարեն Պողոսյանին: Վերջինը «Սովետսկի սպորտին» տված հարցազրույցում ասել է. «Ես պատրաստ եմ բասկետբոլի զարգացման իմ ծրագիրը ներկայացնել եւ մտադիր եմ հաշվետու ընտրական համաժողովում անել իմ առաջարկները: Սակայն վստահ չեմ, թե ինձ կարող են ձայն տալ: Ես հաղթելու շանսեր ունե՞մ: Կցանկանայի ձեռնպահ մնալ մեկնաբանություններից»: Հիշեցնենք, որ ՌԲՖ նախագահի աթոռը թափուր է դարձել այն բանից հետո, երբ վերջին յոթ տարիներին այն զբաղեցրած Սերգեյ Չեռնովը նոյեմբերի 12-ին կայացած գործկոմի նիստում հայտարարեց, թե պատրաստ է հրաժարական տալ: