Գերմանական մամուլի տարածած տեղեկատվության համաձայն՝ հանրահայյտ մարզիչ Ուլի Վեգների եւ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի համագործակցությանը կարող է վերջ դրվել: Վեգների խոսքերով՝ Աբրահամը չի կարողանում ճիշտ վերլուծել «Super Six»-ի շրջանակներում բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ իր վերջին մենամարտը, որում նա խայտառակ պարտություն կրեց, եւ մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն: Մարզիչը նշել է, որ եթե Արթուրը չվերագնահատի թիմի հանդեպ իր վերաբերմունքը, չընդունի իր թերությունները, իրենց հետագա համագործակցությունը կկորցնի իմաստը: «Աբրահամը շատ ինքնահավան է եւ ի վիճակի չէ ինքն իրեն ճիշտ գնահատել: Նա սխալներ է փնտրում միայն ուրիշների մեջ, մինչդեռ պետք է որ ազնիվ լիներ նախեւառաջ ինքն իր առջեւ: Իր թիմին մեղադրելու փոխարեն՝ նա պետք է արագ մոռանա անհաջողությունները եւ կենտրոնանա ծանր աշխատանքի վրա: Եվ եթե նա ի վիճակի չէ հասկանալ դա, ապագայում մեր համատեղ աշխատանքն իմաստ չունի»,- հայտարարել է փորձառու մարզիչը:
Եթե Աբրահամը որոշի մնալ գերմիջին քաշային կարգում եւ շարունակել մրցելույթը «Super Six»-ում, հաջորդ փուլում կհանդիպի մրցաշարի առաջատար, WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ցայսօր պարտության դառնությունը չճաշակած ամերիկացի Անդրե Ուորդի հետ: