ՀՀ Ժողովրդական արտիստ, ԽԱՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գեւորգ Աշուղյանը ծնվել է 1911թ. հունվարի 5-ին՝ Թիֆլիսում, այստեղ եւ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1927 թվականից սովորել է Թիֆլիսի հայ դրամային կից թատերական ստուդիայում, ղեկավար ունենալով ականավոր ռեժիսոր Արշակ Բուրջալյանին։
1929-ին Գ. Աշուղյանն ավարտել է ստուդիան եւ աշխատանքի անցել տեղի հայ դրամայի թատրոնում։ 1935թ. երիտասարդ դերասանը որոշել է շարունակել իր մասնագիտական կրթությունը, մեկնել է Մոսկվա եւ ուսանել հայկական կուլտուրայի տանը կից՝ մեծանուն բեմադրիչ Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ գործող դրամատիկական ստուդիայում։ 1937-ին ավարտելով ուսումը, վերադարձել է ծննդավայր եւ շարունակել ստեղծագործությունը Հայ դրամայում։
Գ. Աշուղյանն օժտված էր բարետես արտաքինով, բեմական հմայքով, հիանալի ձայնով, հստակ առոգանությամբ, չափի թանկագին զգացումով եւ ներքին ջերմությամբ, տվյալներ, որոնց օգնությամբ երջանկահիշատակ դերասանը հնարավորություն ունեցավ անձնավորել թատրոնի ներկայացումների կենտրոնական երիտասարդ հերոսներին։
Հիշեք Գ. Աշուղյանի թիֆլիսյան շրջանի ամենանշանավոր անձնավորումներից մի քանիսին՝ Նեզնամով՝ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»՝ Կրուչինինայի դերում խաղընկեր ունենալով ականավոր հայ դերասանուհի Մարի Բերոյանին, Ալեքսանդր՝ Մ. Քոչարյանի «Կույր երաժիշտ», Մասիսյան՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» եւ այլն:
1939 թվականին երիտասարդ դերասանին հրավիրեցին Երեւան, «Հայֆիլմ», կինոստուդիա՝ «Լեռնային հեղեղ» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ Արամի դերում նկարահանվելու համար։
Արժանահիշատակ բեմադրիչ Արմեն Գուլակյանը նկատեց Գ. Աշուղյանին եւ հրավիրեց Սունդուկյանի անվան թատրոն, պայմանով, որ երիտասարդ դերասանը պետք է փորձնական ելույթ ունենա Նեզնամովի դերով՝ Կրուչինինայի դերում խաղընկեր ունենալով հայ մեծ դերասանուհի Արուս Ոսկանյանին։ Այս հիշարժան պայմանից հետո Գ. Աշուղյանը դարձավ թատրոնի լիիրավ անդամ, ուր գործեց մինչեւ իր ստեղծագործական կյանքի մայրամուտը։ Մայր թատրոնում դերասանի համար սկսվեց ստեղծագործական որոնումների ինքնահաստատման մի ժամանակաշրջան։ Գ. Աշուղյանի դերասանական ձիրքը Երեւանի թատրոնում զարգացավ եւ հասավ իր գագաթնակետին։ Ավելի ուշ, երբ Ա. Գուլակյանը նորից անդրադարձավ «Խաթաբալա» կատակերգությանը, Իսայիի դերը վստահեց նաեւ Աշուղյանին։ Բախտավոր եղավ Գ. Աշուղյանի ստեղծագործական կյանքը, նա շատ ժամանակ չվատնեց հնարավորությունների բացահայտման համար, արտիստի ձիրքը շատ շուտ ի հայտ եկավ անվանի բեմադրիչներ Ա. Բուրջալյանի, Ա. Գուլակյանի եւ Վ. Աճեմյանի օգնությամբ։
Շնորհաշատ արտիստը նոր դեր պատրաստելիս առաջնությունը տալիս էր պիեսի հեղինակին, բեմադրիչի միջամտությամբ փնտրում եւ գտնում էր դերի ենթատեքստը, կերպարի հոգեվիճակը, մատուցման եղանակները եւ զարգացման միտումը։ Գ. Աշուղյանը իրապատում խաղաոճի անդավաճան հետեւող արվեստագետ էր, դերից դեր հղկում էր իր անուրանալի տաղանդը։ Արտիստի Լաերտը՝ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունում տարիներ շարունակ եղել է Աշուղյանի խաղացանկում եւ հասել կատարողական արվեստի բարձր մակարդակի, դարձել արժանի խաղընկեր հայ մեծ դերասաններ Վաղարշյանի, Փափազյանի եւ Ջանիբեկյանի Համլետներին։
Գ. Աշուղյանը Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունում մարմնավորել էր Կասիոյին։ Արտիստի Կասիոն աչքի էր ընկնում իր ազնվությամբ, գեղադեմ էր, օժտված մարդկային վեհ արժանիքներով։ Կասիո-Աշուղյանը համահնչուն էր դերասանի նվիրական ձգտումներին։ Հստակ նկատելի էր դերասանի ստեղծագործական մեթոդը։
Գ. Աշուղյանի ստեղծագործական կյանքում բախտորոշ նշանակություն ունեցավ Լենինի կերպարի անձնավորումը։ Մայր թատրոնի երկու ներկայացումում՝ Ի. Պոպովի «Ընտանիք» (բեմադրիչ՝ Ա. Գուլակյան) եւ Ե. Չարենցի «Դեպի ապագան» (բեմադրիչ՝ Վ. Սճեմյան) արտիստը կերպավորեց Լենինին։ Ի տարբերություն Լենինին նվիրված մյուս պիեսների, Պոպովի «Ընտանիքում» գործողությունը ծավալվում է ավելի քան 10 տարի՝ կերպարը գիմնազիայից աճում է որպես հեղափոխության առաջնորդ։ Սա էր կերպարանավորման դժվարությունը։
Տաղանդավոր դերասանն իր արվեստի նկատմամբ չափազանց նախանձախնդիր արվեստագետ է, ամեն մի նոր, թեկուզ փոքր դերի համար արտիստը փնտրում-գտնում էր ինքնատիպ միջոցներ՝ բեմական կերպարը նորովի մատուցելու համար։
Հիշենք անվանի դերասանի ամենանշանավոր անձնավորումներից եւս մի քանիսը. Ալեքսանդր Առաջին՝ Վ. Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով», Ալեքսանդրո՝ Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իր համար խելոք», Ալեքսանդր Երկրորդ՝ Սելվինսկու «Գեներալ Բրյուսիլով», Դաթո՝ Սումբատովի «Դավաճանություն», լեյտենանտ՝ Սիմոնովի «Ռուս մարդիկ», Գամելաուրա՝ Ա. Կորնեյչուկի «Ռազմաճակատ» եւ բազմաթիվ այլ կերպարներ։ Վերոհիշյալ դերացանկը ապահովեց տաղանդավոր արտիստի առաջավոր տեղը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։