Սպասում են «գ եղխորհրդի» որոշմանը
Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը ամփոփեց տարին: Նա սկսեց ֆինանսատնտեսական ճգնաժամից ու ֆանտաստիկ գնաճից, վերջացրեց աղքատության աճով եւ թատրոնի շինարարությամբ ու վերանորոգմամբ: Ստեղծագործական «մասով»՝ համարյա ոչինչ: Չնայած, ըստ տնօրենի, քաղաքապետարանի որոշմամբ երկու տարի է՝ դպրոցներում արգելված է ներկայացումների տոմսեր վաճառելը, սակայն թատրոնը իր 6 ներկայացումով մեկ տարվա մեջ բերել է 25 մլն դրամ եկամուտ: Ստ. Դավթյանը նշեց, թե պետպատվերով բեմադրվել է 7 ներկայացում, որոնց վրա ծախսվել է շուջ 52 մլն դրամ:
Տնօրենը թվարկեց բոլոր բեմադրությունները եւ մեկ տարվա ընթացքում դրանցից եկած գումարները, օրինակ՝ Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» կամ Տիգրան Գասպարյանի բրեխտյան «Կովկասի կավճե շրջանը» մեկ տարվա ընթացքում ծախսված գումարի մեծ մասը «հավաքել» են, մինչդեռ, տնօրենի փաստմամբ, Արմեն Մազմանյանի 9 մլն դրամանոց «Մեղրը», ըստ Գուերայի, ընդամենը 700 000 դրամ է «բերել»: Պարզվեց, որ թատրոնը 8 մլն դրամ շահույթով է տարին փակում, արտաբյուջեն էլ ուղղվում է «բեմադրությունների ու դերասանների սոցիալական կարգավիճակը փոքր-ինչ մեղմելուն»: Թե ինչպե՞ս՝ միայն Դավթյանին ու նրան հովանավորող Հասմիկ Պողոսյանին է հայտնի:
Ստ. Դավթյանը հերքեց, թե Արմեն Մազմանյանը գլխավոր ռեժիսոր կնշանակվի, թատրոնի շենքի վաճառքի մասին լուրերն էլ սուտ որակեց: Հետո էլի խոսեց հակահրդեհային ջրավազանից, թատրոնի ֆասադից, ծառայողական մուտքի դռներից ու եվրոպատուհաններից, հավելեց, թե Սունդուկյանի թատրոնի պատմության մեջ առաջին անգամ մաքրվել են ապակիները:
«Առավոտի» դիտարկմանը, որ թատրոնը նախ եւ առաջ թատրոն է միջազգային փառատոներին մասնակցությամբ, մինչդեռ վերջին երեք տարվա ընթացքում «գլխատված» մայր թատրոնը որեւէ փառատոնի չի մասնակցել, Ստ. Դավթյանը արդարացավ, թե Սփյուռքի նախարարից տեղեկացել է, որ Անճարում ցանկացել են դիտել Ա. Էլբակյանի «Մուսա լեռան քառասուն օրը», բայց երբ իմացել են, թե քանի տոննա բեռ պիտի ուղարկվի ու ինչքան մեծաթիվ են ներկայացման մեջ ընդգրկված դերասանները, ապշել են: Ի դեպ, մեր հարցը ոչ թե սփյուռքյան հայկական լսարանի մասին էր, այլ միջազգային թատերական փառատոնի, ինչի վրա ոստիկան-ֆինանսիստ թատրոնի տնօրենը «ջուր ցողեց»:
Նա խոսեց վարձակալությամբ բեմը տրամադրելու մասին, ասաց, որ այսօրվա պայմաններում դա պարտադիր պահանջ է՝ ելնելով երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից: Ցավալին այն է, որ ազգային կարգավիճակ ունեցող թատրոնի բեմը գլխավորապես տրամադրվում է թեթեւ ժանրի ու ցածրաճաշակ փոփ-արվեստի դրսեւորումների, «յոթուկեսերի»: Այսքանից հետո, Ստեփան Դավթյանը հպարտորեն հայտարարում է, թե թատրոնը պահել է առանց ցնցումների: Ու դեռ աչքալուսանք է տալիս՝ «տոներից հետո առաջիկա գեղխորհրդի նիստում նախարարության հետ համատեղ կքննարկվի գլխավոր ռեժիսորի նշանակման հարցը»: Ի դեպ, նրա նշած գեղխորհուրդ (եւ ոչ թե գեղարվեստական խորհուրդ) արտահայտությունը մտածելու տեղիք է տալիս: