Կամ լուսային ռեժիսուրան՝ իբրեւ կարեւոր բաղադրիչ
Ռեժիսուրային, դերասանական խաղին կամ երգչական կատարմանը, բեմանկարչական մտահղացմանը զուգահեռ, կարեւորվում է նաեւ լուսային պարտիտուրը, որը արեւմտյան ժամանակակից թատրոնում հասել է բարձր մակարդակի, նույնիսկ վերածվելով ստեղծագործության՝ արժանացել լուսային ռեժիսուրա անվանը: Դեկտեմբերի 23, 25, 26-ին նշանակված Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղի կարեւոր խնդիրներից մեկն էլ լուսային ռեժիսուրան է, որն իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադիի հետ իրականացնում է նրա համերկրացին՝ Անդրեա Բորելլին: Վերջինս ներողություն խնդրեց՝ «Առավոտին» հարցազրույցի համար ժամանակ չտրամադրելու պատճառով, Կորրադին էլ «մանրամասնեց», որ իրենք ողջ գիշեր աշխատել են միայն լուսային ռեժիսուրայի մասով:
Սա «ստիպեց» «Առավոտին»՝ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ իտալացի ճանաչված բեմադրիչի պարագայում լույսը դարձել է ինքնուրույն ստեղծագործական գործոն:
Սուեզի ջրանցքի տարածքը («Աիդան» գրվել է 1871թ. ջրանցքի բացման առիթով) Եգիպտոսն է՝ իր դեղնավուն-պղնձագույն անապատային տարածությամբ եւ անտիկ ճարտարապետության վեհությամբ: Իհարկե, այս ամենը բեմում ներկայացնելու համար պետք է լուսային ռեժիսուրա, որպեսզի գույներն ու ծավալները ստանան համապատասխան արտահայտչականություն:
Լույսը՝ որպես թատերական ներկայացման ստեղծագործական գործոն, առաջինը կարեւորել է անգլիացի հռչակավոր ռեժիսոր Էդվարդ Գորդոն Կրեկը: Հենց նա էլ 1900-ականների սկզբին դրա փորձերն արեց օպերային թատրոնում, ձեւավորված ավանդույթն էլ կոչվեց լուսային-պլաստիկ ռեժիսուրա:
1950-ականների կեսերից օպերային թատրոնում՝ նկարիչ-լուսավորող, կուլտուրայի վաստակավոր գործիչ Էդվարդ Կարապետյանը, Գյումրիի թատրոնում՝ նկարիչ-լուսավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Պողոսյանը հիմք դրեցին լուսային նկարիչ-արվեստագործի մասնագիտությանը: Այսօր էլ թատերասերները հիշում են Էդ. Կարապետյանի ձեւավորած «Անուշը», «Լուչիա դի Լամերմուրը», «Դոն Կարլոսը», «Նորման»… Ի վերջո, Մինաս Ավետիսյանի նկարչական ձեւավորմամբ ստեղծված «Ալմաստը», որի կարմիր ֆոնը արտահայտիչ է դառնում հենց Կարապետյանի լուսային լուծումներով: Իսկ Էդ. Պողոսյանը Հայաստանում միակ լուսային նկարիչ-արվեստագործն է, որը ժամանակին հրավիրվել է Մոսկվա՝ Վախթանգովի թատրոնի «Ռիչարդ Երրորդ» ներկայացումը ձեւավորելու: Նա Պորտուգալիայում էլ հրավիրվել է լուսային լուծումներ տալու Բախի «Ավե Մարիա» խորեոգրաֆիկ ներկայացմանը եւ այլն:
«Առավոտը» Էդ. Պողոսյանից հետաքրքրվեց՝ ժամանակը չէ՞, որ մեզ մոտ էլ պատրաստվեն թատերական լուսային նկարիչներ: Մեր զրուցակիցը նախ հիշեց իր աշխատանքը հանրապետության տարբեր թատրոններում, անվանի արվեստագետներ Հրաչյա Ղափլանյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի եւ այլոց հետ: Պատասխանելով հարցին՝ ասաց, որ նկարիչ-լուսավորողներ միանշանակ պետք է պատրաստի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը: «Ինստիտուտում ի վերջո պետք է հիմնել բեմադրական ֆակուլտետ, որն իր մեջ ներառի նկարիչ-լուսավորողի, բեմադրական մասի ղեկավարի, դիմահարդարի, ռեկվիզիտորի մասնագիտությունները»,- հավելեց պարոն Պողոսյանը: Իսկ թե ի՞նչ վիճակում է մեր թատրոնների լուսային տեխնիկան, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «հնացած»: