Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԸ

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որը կարող է հիմք դառնալ այդ երկրի իշխանությունների համար՝ ղեկավարելու կամ վերահսկելու համացանցում տեղադրվող տեղեկությունները:

BBC-ի մատուցմամբ, օրինագծով նախատեսվում է, որ ցանկացած նյութ կամ հաղորդագրություն, որը որեւէ բնույթի ատելության, քաղաքական կամ կրոնական անհանդուրժողականության կոչ կպարունակի՝ խստորեն կարգելվի: Բացի այդ, խստորեն արգելվելու է որեւէ տեքստի հրապարակում, որը երկրի իշխանությունների համար անհարգալից շեշտադրումներ կպարունակի:

Վենեսուելայի խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները, որոնք «դեմ» են քվեարկել այս օրինագծին, հայտարարել են, թե նման քայլերը սպառնում են խոսքի ազատությանը: Այդուհանդերձ, երկրի նախագահ Ուգո Չավեսը վստահ է, որ այդպիսի վերահսկողությունը Վենեսուելայի քաղաքացիներին հեռու կպահի տարբեր հանցագործություններից, որոնք կատարվում են ինտերնետ-տարածքում: Նրա ասելով, մարդիկ կդադարեն ստանալ թմրանյութերի կամ մարմնավաճառների ծառայություններ առաջարկող հաղորդագրություններ: «Մենք չենք փորձում անջատել ինտերնետը կամ գրաքննություն սահմանել: Այն, ինչ մենք ուզում ենք՝ պաշտպանել մեզ ինտերնետ-հանցագործություններից եւ կիբերհարձակումներից»,- հայտարարել է նախագահ Չավեսը:

Օրենքով սահմանված նոր կանոնների համաձայն, հաղորդագրությունների հեղինակները, պորտալների տերերը, որոշ դեպքերում նաեւ ինտերնետ-պրովայդերները տուգանքների կենթարկվեն, եթե նրանց կողմից հրապարակված տեղեկատվությունը արգելված տարրեր պարունակող բովանդակություն ունենա:

Վենեսուելայի էլեկտրոնային առեւտրի պալատը քննադատել է խորհրդարանի ընդունած որոշումը՝ հայտարարելով, թե «դա եւս մեկ քայլ է դեպի գրաքննություն եւ վեբ-կայքերի արգելափակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել