ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հանդիպել է վրացական ընդդիմադիր շարժման՝ «Միասնական Վրաստանի» առաջնորդ, նախկինում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Վերջինս Մոսկվայում մասնակցել է Քութայիսում Զինվորի փառք հուշարձանի ապամոնտաժմանն ի պատասխան Փառքի բարձունքին «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» հուշարձանի բացման արարողությանը:
1news.az-ի մատուցմամբ, Պուտինը հույս է հայտնել, որ Վրաստանից եկած հյուրին հուշարձանը դուր է եկել: Նա հիշեցրել է, որ Բուրջանաձեն մասնակցություն է ունեցել հուշարձանի առաջարկված բազմաթիվ տարբերակներից այս մեկի ընտրությանը: «Կարծում եմ, սա շատ հաջողված է»,- հայտարարել է Պուտինը՝ շեշտելով, թե ակնկալում է, որ հուշարձանի բացումը «խորհրդանշական քայլ կլինի երկու պետությունների միջեւ հարաբերությունները նորմալացնելու եւ փոխադարձաբար ընդունելի որոշումներ գտնելու հարցում»:
Աղբյուրի մատուցմամբ, Բուրջանաձեն շնորհակալություն է հայտնել Պուտինին «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ, նորմալ ու լիիրավ հարաբերությունները կարեւորելու համար»՝ հավելելով, թե դա շատ կարեւոր է: