Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի հանրահռչակ ռեժիսոր Պանահին դատապարտվեց ազատազրկման

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"Իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է վեց տարվա բանտարկության: Նրա փաստաբան Ֆարիդե Ղեյրաթի ասելով, իրանական իշխանությունները ռեժիսորին մեղավոր են ճանաչել «Իրանի պետական համակարգի դեմ ոտնձգությունների» մեջ: Այդ մասին փոխանցում է BBC-ն՝ մեջբերելով փաստաբանի խոսքերը, թե՝ իր վստահորդը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել «Իրանի համակարգի եւ հասարակական կարգը հեղինակազրկող քարոզչական նյութեր հավաքելու եւ տարածելու համար»:

Բացի այդ, Փանահիին արգելվել է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ՝ ֆիլմեր նկարահանել եւ սցենարներ գրել, նույնիսկ դուրս գալ Իրանի սահմաններից եւ շփվել մամուլի հետ: Փաստաբան Ղեյրաթը դատավճիռը որակել է «չափազանց ծանր» եւ հայտարարել, թե Փանահին մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:

Դեռ նոյեմբերին Իտալիայում հրապարակված հայտարարության մեջ ասվում էր, թե Ջաֆար Փանահին ամբաստանյալի աթոռին է հայտնվել մի գեղարվեստական ֆիլմ նկարահանելու պատճառով, որի համար համապատասխան թույլտվություն չէր ստացել: Բացի այդ, Իրանի իշխանությունները հայտարարում են, թե նա 2009թ. նախագահական՝ այդ երկրի ընդդիմության կողմից կեղծված որակված ընտրություններից հետո երկրում ծայր առած բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկն է եղել:

Ռեժիսորը կալանքի տակ էր գտնվում այս տարվա մարտից ի վեր՝ ընդդիմությանն աջակցելու մեղադրանքով, բայց շուտով նա միջազգային հանրության ճնշման տակ ազատ էր արձակվել: Դատարանին ուղղված իր խոսքում Փանահին ասել է, թե դարձել է անարդարության զոհ եւ, որ իրեն առաջադրված մի շարք մեղադրանքները «ծիծաղելի» է համարում:

Հիշեցնենք, որ Փանահին միջազգային մի շարք կինոփառատոների դափնեկիր է: Այս տարի նա Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում է ընդգրկվել, բայց դրան մասնակցել այլեւս չի կարողանա: Հանրահռչակ ռեժիսորի պաշտպանությամբ հանդես են եկել մի շարք հայտնի կինեմատոգրաֆիստներ, այդ թվում՝ ամերիկացի Սթիվեն Սփիլբերգը, նաեւ ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշը:

Ավելի վաղ համանման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաեւ մեկ այլ իրանցի ռեժիսոր՝ Մոհամմադ Ռասուլովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել