Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս լավ ապրել՝ առանց կոռուպցիայի

Դեկտեմբեր 22,2010 00:00

Բուհերի ղեկավարները՝ իրենց կրթօջախների հեռանկարների ու կրթության որակի մասին

«Յուրաքանչյուր բուհ պետք է ունենա իրեն կից գործող ավագ դպրոցները, բուհերը պիտի «շեֆություն» վերցնեն դպրոցների համար, պատասխանատվություն կրեն նաեւ որակի համար՝ գրքերի տպագրություն, սենյակների վերանորոգում, նոր ինտերակտիվ սենյակների ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում, օլիմպիադաներ եւ այլն: Եթե մենք կարողանանք մեր լավագույն դասախոսների միջոցով այդ դպրոցներում ուսումնական գործընթացներ իրականացնել, 2-3 տարվա ընթացքում կարող ենք ունենալ մի քանի ուժեղ ավագ դպրոց»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նրա համոզմամբ, 9-րդ դասարանից հետո աշակերտը պետք է խորացված ուսումնասիրի այն առարկաները, որոնք հիմք պետք է հանդիսանան ընտրած մասնագիտության համար, իսկ այդ առարկաները պետք է դասավանդվեն պրոֆեսիոնալ կադրերի կողմից՝ այնպիսի մանկավարժական մեթոդներով, որոնք առաջին հերթին երեխային սովորեցնում են մտածել:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը այս հարցում համաձայն չէ Հ. Թոքմաջյանի հետ մի քանի պատճառով՝ կմեծանան կոռուպցիոն ռիսկերը, կլինի անհավասարություն ավագ դպրոցների միջեւ եւ այլն. «Պետական համալսարանը մի փոքր զգուշավորություն է դրսեւորում, գիտակցում ենք, որ դա բավականին պատասխանատու է, ենթադրում է լրացուցիչ ծախսեր բուհի բյուջեի համար: Եթե բուհերը արհեստականորեն աջակցեն մեկ-երկու ավագ դպրոցի զարգացմանը, մտավախություն ունեմ, որ անհավասարություն կլինի»:

Պարոն Թոքմաջյանը հակադարձեց. «Մրցակցությունը միշտ բերում է առաջընթացի: Եթե ինչ-որ բան կարելի է լավացնել, եւ դա չես անում, որովհետեւ կողքինը վատ է, դա հետընթաց է: Ո՞վ ասաց, որ պատասխանատվությունը մեծ չէ, դրա համար տվյալ բուհի ռեկտորն անձնական պատասխանատվություն է կրում կայացման-չկայացման հարցում»: Կոռուպցիայի «մասով» էլ պարոն Թոքմաջյանը կարճ ռեպլիկով պատասխանեց. «Գիտելիքի տրամադրումը երբեք կոռուպցիոն ռիսկ չի կարող պարունակել»: Ռ. Մարկոսյանը, ամփոփելով համալսարանի տարվա հիմնական ձեռքբերումները, նշեց, որ հաջորդ տարիների ընթացքում շարունակելու են «ԵՊՀ զարգացման 2010-2014 թվականների ռազմավարական ծրագիրն» իրականացնել: Համալսարանում իրականացման եւ ներդրման փուլում են կրեդիտային համակարգով ուսուցման աշխատանքները: Նա նշեց, որ հաջորդ տարվանից համալսարանի ե՛ւ բակալավրիատի, ե՛ւ մագիստրատուրայի բոլոր կուրսերում կլինի ներդրված կրեդիտային համակարգ: Խոսելով ԵՊՀ կրթության որակի մասին՝ պարոն Մարկոսյանը կարծիք հայտնեց, որ այսօր իրենց կրթական ծրագրերը համապատասխանում են եվրոպական չափանիշներին եւ օրինակ բերեց տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական կենտրոնի եւ Գերմանիայի «Ռոսդոկի» համալսարանի հետ իրականացրած մագիստրոսական ծրագիրը, որի արդյունքում ԵՊՀ-ի ուսանողները կստանան կրկնակի դիպլոմ: Ինչ վերաբերում է բուհերում կաշառակերությանը եւ կոռուպցիային, Հ. Թոքմաջյանը նշեց, որ իրենք պայքարում են այդ արատավոր երեւույթի դեմ: Ասաց, որ իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում 18 դասախոս է հեռացրել: Ռ. Մարկոսյանը գտնում է, որ դասախոսների հեռացումը կոռուպցիայից ազատվելու ելք չէ. «Ուսանողն ինքը պետք է հասկանա, որ կրկնակի վնաս է կրում: Քանի դեռ այդ գիտակցությունը ուսանողության շրջանում չկա, կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր չէ»: Հ. Թոքմաջյանը նաեւ կարեւորեց բուհերի դասախոսական կազմի երիտասարդացումը. «90-ական թվականներին կրթության ոլորտի խաթարման ժամանակ լավագույն մասնագետները թողել-գնացել են: Դրա համար երիտասարդ դասախոսներին, որպեսզի նրանք մնան, լրավճար ենք տալիս: Մեզ մոտ դասախոսներ կան, որ շատ բարձր աշխատավարձ են ստանում, մարդ կա, որ մինչեւ 1-1.5 մլն դրամ աշխատավարձ է ստանում»: Անդրադառնալով ռեկտորների ընտրություններին, մասնավորապես ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հավակնող սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանին ու ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանին, Ռ. Մարկոսյանն ասաց, որ Ա. Քարամյանը չի կարող հավակնել ռեկտորի պաշտոնին, իսկ լարվածություն՝ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել