Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"Իսկ ուսանողներն արդեն ծանոթանում են քննական «գնացուցակին»

Հաշված օրեր են մնացել բուհերում քննաշրջանի մեկնարկին: Այժմ ուսանողները, իրենց խոսքով ասած՝ «տառապում» են ստուգարքների պատճառով: «Առավոտի» հարցախույզը մի շարք բուհերի ուսանողների շրջանում ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունը ձգտում է ոչ թե ինչպես որ հարկն է պատրաստվել քննություններին եւ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել, այլ փորձում է ինֆորմացիա հավաքել, թե որ դասախոսի հանդեպ ինչպիսի «մոտեցում» կարելի է ցուցաբերել: ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում սովորող երիտասարդների հետ զրույցում պարզ դարձավ, որ բուհում կոռուպցիոն երեւույթները բնորոշ են ավանդաբար, այսպես կոչված, «պրեստիժնի» ֆակուլտետներում՝ միջազգային հարաբերություններ, ռոմանագերմանական, տնտեսագիտական: Օրինակ՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողները պնդում էին, որ իրենց մոտ դասախոսին գումար տալը բացառված է: «Մենք հո միջազգայինի կամ ռոմանոյի ուսանող չե՞նք, որ փող տանք, մեզ մոտ սովորել է պետք»,-«Առավոտին» ասաց կիրառական ֆակուլտետի մի ուսանող: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից մի քանիսն էլ կես-կատակ, կես-լուրջ նշեցին. «Ուր էր, թե մեր դասախոսներն էլ փող վերցնեին, գոնե չէինք տանջվի մինչեւ 5-րդ լուծարք»: Տրամադրվածությունն այլ էր միջազգային հարաբերությունների եւ տնտեսագիտականի ուսանողների շրջանում: Նրանց մեծամասնությունը բացեիբաց խոսում էր, թե որ դասախոսին որքան կաշառք է տվել: Տնտեսագիտականի մի ուսանող պատմեց. «Մեր ֆակուլտետում պիտի բացառիկ լինես, որ բարձր գնահատական ստանաս, իսկ եթե միջին կարողություններ ունես, պետք է գումար տաս: Կախված առարկայից ու դասախոսից՝ մինչեւ 500-600 դոլար պատահել է, որ դասախոսը վերցնի քննությանը բարձր գնահատական նշանակելու համար»: Միջազգայինի ուսանողներն էլ նշում էին, թե արդեն լավ ճանաչում են իրենց դասախոսներին, նրանց թույլ կողմերը, այնպես որ, «կաշառք տալն ու վերցնելը» իրենց ֆակուլտետում խնդիր չէ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսանողներն էլ քննաշրջանին եւ կոռուպցիային վերաբերող հարցերին հումորով են նայում: «Առավոտի» հետ զրույցում նրանք բավականին անկաշկանդ էին. «Ճարտարագիտականում ստուգարք ստանալը շատ հեշտ է, մանավանդ, եթե դասախոսի տրամադրությունը տեղը լինի: Մեր բուհում ամենաբարդը ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաների քննություններն են: «Բավարարի» համար նախատեսված գումարի նվազագույն չափը 20000 դրամն է, որը, կախված ֆակուլտետից եւ առարկայից՝ աճում է»: Ուսանողները ծիծաղով նշեցին, որ Պոլիտեխնիկումում հին ավանդույթ է ֆիզիկական կուլտուրա առարկայի ստուգարքը մեկ շիշ օղիով ստանալը: Ոչ օղիով, ոչ էլ անգամ վիսկիով չեն «պրծնի» Բժշկական համալսարանի ուսանողները: Այս բուհում սովորող որոշ երիտասարդներ «Առավոտին» փոխանցեցին, որ իրենց մոտ դերակատարություն ունի նախ ծանոթ-բարեկամը, հետո «չոր» փողը, որը, կախված առարկայից, քննությունից կամ ստուգարքից՝ սկսում է 100 ԱՄՆ դոլարից: Ագրարային համալսարանում ստուգարքների եւ քննությունների «գները» անհամեմատ ցածր են, սակայն այստեղ էլ կոռուպցիան լայն տարածում ունի՝ ուսանողների վկայությամբ: Բացի այդ, նկատեցինք, որ այս բուհի միջանցքներում ուսանողներն անկաշկանդ ծխում էին դասախոսների ներկայությամբ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էլ, ըստ ուսանողների՝ զերծ չէ կոռուպցիոն երեւույթներից: Սակայն նրանք նշեցին, որ այդ երեւույթները բուհում նվազում են՝ շուրջ մեկ տարի առաջ դասախոս Ճուղուրյանի հետ կապված միջադեպից հետո: Օրինակ՝ այս բուհում, կախված առարկայից եւ գնահատականից, քննություն կարելի է ստանալ մինչեւ 500 ԱՄՆ դոլարի գումար վճարելով:

«Առավոտը» այս կապակցությամբ պարզաբանումներ ստացավ բուհերի ուսումնական գծով պատասխանատուներից: ԵՊՀ ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը նշեց. «Մեր բուհում գործում է կրեդիտային համակարգ, ուստի ուսանողն իր գնահատականը վաստակում է կիսամյակի ընթացքում: Իսկ այն, որ բնագիտական ֆակուլտետներում կոռուպցիոն երեւույթներն ավելի քիչ են, քան միջազգային հարաբերությունների կամ տնտեսագիտական ֆակուլտետներում, ապա դրա պատճառն այն է, որ բնագիտական ֆակուլտետներում բազային գիտելիք է պետք, իսկ միջազգային հարաբերությունների կամ տնտեսագիտական ֆակուլտետներն ավելի շուկայական են»: ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանն էլ նշեց. «Այժմ ընդլայնում ենք քննությունների անցկացման թեստային համակարգը: Մեզ մոտ շատ քիչ թվով քննություններ են բանավոր, որոնք անցկացվում են հրապարակային: Այնպես որ, քննությունները ռեկտորատի ուշադրության կենտրոնում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել