Ըստ ֆրանսահայ «Նոր Հառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլակյանի՝ այսօր պետք է ընտրել այս գաղափարը՝ հայ ժողովրդի որեւէ հատվածին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով գծված սահմաններից դուրս չթողնելու համար:
1925 թ. Ֆրանսիայում հիմնադրված «Հառաջ» թերթը ավելի քան 80 տարի եղել է ֆրանսահայությանը համախմբող օղակը, այդ երկրում 1920- ականներին ձեւավորված հայ համայնքի պատմագիրն ու օրվա մի մասնիկը: Անցյալ տարվա մայիսին «Հառաջը» փակվեց, սակայն ընդամենը հինգ ամիս անց այն վերաբացվեց որպես «Նոր Հառաջ»: «Նոր Հառաջի» խմբագիր Ժիրայր Չոլակյանին խնդրեցինք ներկայացնել իր խմբագրած թերթի առջեւ դրված խնդիրները:
– Նախկին «Հառաջը» փակվեցավ, որովհետեւ չկարողացավ արդիականանալ, մնացած էր տարեց հայախոս ընթերցողներու ենթակայության տակ: Սակայն «Նոր Հառաջը» խնդիր ունի պահպանիլ բոլոր ավանդույթները, որ դրած էր «Հառաջը»: Այն կարեւոր դեր ուներ Ֆրանսայի եւ Եվրոպայի մեջ՝ մտավորականության խոսնակն էր, եւ սփյուռքում միակներեն էր, որ կարողացած էր կուսակցական սահմաններեն անդին անցնիլ եւ մտավորականության խոսքը տարածիլ Ֆրանսա, Եվրոպա, նաեւ Ամերիկա եւ Միջին Արեւելք: Ադիկա հայախոս, հայատառ մամուլի շատ կարեւոր ավանդույթ մըն է, որ հաստատված է, որովհետեւ դրա կողքին կա նաեւ ներկայիս լատինատառ հայկական մամուլը, որը շատ կարեւոր դեր կկատարե, որովհետեւ հայ համայնքում ֆրանսախոս մեծ զանգված կա: Մենք պետք է ավանդույթը շարունակենք, նաեւ տեսնենք, թե ինչպես կարելի է հայատառ մամուլը զարգացնել: Հարկ է, որ գրավենք երիտասարդ ընթերցողներ, ադոր համար հավելվածներ մտածած ենք, որ գրավենք մանուկներուն, որպեսզի իրենք վարժվին հայ մամուլ տեսնելու, հայերեն ընթերցելու, նաեւ ֆրանսերեն հավելված կուզինք ունենալ, որ անոնք, ովքեր չեն յուրացրած հայերենը, կարենան լատինատառ մամուլի միջոցով ծանոթանալ հայկական մամուլին, որպեսզի կտրված չըլլան: Շատ գործ կա անելու հայաստանցի ընթերցողներու հետ, որովհետեւ անոնք հայախոս են, կարիք ունին հայերեն կարդալու, բայց ուղղագրության հարց կա: Ինտերնետային կայք տակավին չունինք, հուսով ենք շուտով ունենալ: «Հառաջի» ժառանգությունը տպագրական մամուլն էր եւ ամենահին տպագրական մեքենաները, այդ հանգրվանն անցանք, հիմա համակարգչային համակարգ կա, իսկ մնացածը՝ կայքէջ, մանկական հավելված, ֆրանսերեն հավելված, գրական հավելված, կհուսանք, որ ապագային միջոցներ կգտնվին դրանց համար ալ: Համահայկական կարեւոր հաստատությունները, Սփյուռքի նախարարությունը պիտի գիտակցին, որ միայն քարոզելը չի՝ «հայ մնացեք», պետք է նաեւ որոշ հանձնառություն ունենալ:
– Ֆրանսիայի հայ գաղութը միատարր չէ, եւ դժվար է բոլորի համար միավորող ուժ լինել, ինչի դերը ստանձնել էր «Հառաջը»: Այս առումով ի՞նչ պատկեր է գծագրվում:
Կարդացեք նաև
– Ֆրանսահայությունը եզակի գաղութ մըն է, որովհետեւ իր հիմնադրությունեն՝ 1920-են ի վեր, երբ հաստատվեց որպես գաղութ, անդադար ներհոսք եղել է դեպի Ֆրանսա, եւ գաղութը կազմավորվելու ժամանակաշրջան մը չէ ունեցած, որ ինքն իր կառույցներն ըստեղծե: Սկիզբը տարագիրներն էին, հետո Պոլիսե գաղթողներն էին, որ Թուրքիո մեջ զանազան հարստահարությունների, ճնշումների բերումով միշտ կարտահոսեին Ֆրանսա, այնուհետեւ Միջին Արեւելքի պատերազմների բերումով Լիբանանեն, Եգիպտոսեն, Սուրիայեն, հետո ալ Պարսկաստանի հեղափոխության բերումով՝ Պարսկաստանեն, անկե ետք ալ վերջին շրջանին Հայաստանի անկախության հետ հայաստանցիներն ալ եկան, այսպես հերթագայորեն հաստատվեցան Ֆրանսա, եւ 50 հազարանոց գաղութը հասավ 500 հազարի, մոտ 120 հազար հայաստանցի կա Ֆրանսայում, շատերը՝ անլեգալ: Շատ աշխույժ համայնք է, բայց համակարգող, համայնքը իրար կապող կառույցներ չեն ստեղծված: Ասկե զատ ֆրանսահայ գաղութն ուրիշ դժվարություն ունի. բոլոր կուսակցությունները մնացած են ներհայկական սահմանի մեջ եւ չեն անցած հաջորդ քայլին, որ դառնան այն մղիչ ուժը, դարբնոցը, որի միջոցով կարողանան ֆրանսական քաղաքական միջավայրի մեջ մտնիլ եւ իրենց հարցերը կարողանան ֆրանսական պետական վարչամեքենայի մեջ մտնելով անիլ:
– Իսկ Պատրիկ Դեւեջյա՞նը, Դիդիե Փարաքյա՞նը…
– Կան մեկ-երկու հաջող օրինակներ: Պատրիկ Դեւեջյանը, որ Փարիզի կողքի ամենահարուստ շրջանի տարածքային վարչության նախագահն էր, կարողացավ ձեռք բերել 500 հազար եվրոյի տարեկան ներդրում, որով Տավուշի մարզի ամբողջ ջրամատակարարման ցանցը պիտի վերանորոգեն: Տակավին մեր կուսակցությունները չէին անդրադարձած, որ այդպիսի ուժ եւ առաքելություն ունին, որովհետեւ կսահմանափակվեին միայն Հայ դատի եւ հայության ներքին գործերով: Մենք պիտի այդ գիտակցությունը տարածինք, որ կուսակցություններն անդրադառնան այդ երեւույթին: Այս գիտակցությունը մեզի կպարտադրվի նաեւ թուրք համայնքե կողմե, որովհետեւ այսօր թուրքերը Ֆրանսիայում նույն համրանքն ունին, ինչ որ ֆրանսահայությունը: Նրանք ժամանակին ոչինչ էին, եւ մենք կրնայինք ձեւով մը «լոբբիստական» աշխատանք տանիլ, բայց այսօր թուրքերը շատ ավելի կազմակերպված են, երիտասարդ են, թրքախոս են, շատ լավ ֆինանսավորում կստանան թուրքական կառավարության կողմե եւ կդրդվին անոնց կողմեն: Երբ Թուրքիո վարչապետը կուգա Ֆրանսա եւ երկու օրվա մեջ 6 հազար հոգի կհավաքեն Փարիզի ամենեն կարեւոր թատերասրահի մեջ եւ ելույթ կունենա այդտեղ, ադիկա կնշանակի, որ շատ մեծ ուժ ունին իրենք: Իրենք ներթափանցած են բոլոր քաղաքական կուսակցություններու մեջ, եւ ամեն տեղ կներկայացնին իրենց թեկնածությունը: Դժբախտաբար հայությունը ուշացած է այդ ամենեն: Եթե նախապես այդ աշխատանքը տարված ըլլար, հայերը լինեին այդ կուսակցությունների մեջ, իրենք կկարենային բոլոր այդ թեկնածուներեն պահանջել, որ հատուկ պայմաններ հարգին, ինչ կվերաբերի ցեղասպանության ճանաչմանը եւ այլն, բայց արդեն ուշ է: Կա նաեւ հայկական իրավունքներու եւ պահանջատիրության հարցը, եւ նաեւ այն քարոզչական աշխատանքը, որ պետք է տարվի՝ կարելի եղածին չափ կապեր հաստատիլ Ֆրանսայի տեղական մամուլի հետ, որպեսզի իրենք հայկական թեզը առաջ տանին: Ասածս այն է, որ ֆրանսահայ համայնքը շատ կրավորական դիրք բռնած եւ անջատ համայնք մըն է, եւ պետք է բոլորի մեջ կապեր հաստատել, այդ առումով Հայաստանի հետ հարաբերություններն ալ բարդ են, որովհետեւ ֆրանսահայ գաղութը Ֆրանսայի մարդասիրական եւ մարդկային իրավունքներու պահանջատիրությունն ունի, եւ շատ զգայուն է, թե ինչ կկատարվի Հայաստանի մեջ. ժողովրդավարության դեմ ոտնձգությունները, որ տեղի կունանան, մեծ ազդեցություն կունենան: Իմաստ չունի՝ մեկ կողմեն քարոզել «Արի տուն», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ այլն, եւ մյուս կողմեն կտեսնինք, որ 120 հազար հայ կձգե երկիրն ու կերթա Ֆրանսա: Ինչպե՞ս կարող ես համոզել Ֆրանսա ծնված հայուն, որ Հայաստանը սիրելի երկիր մըն է, երբ որ ունիս 120 հազար դեսպաններ ձեւով մը, որոնք դժգոհած-ձգած են երկիրը, եւ երբ կըսես վերադառնալու մասին, անոնք կըսեն՝ անկարելի է վերադառնալը, որովհետեւ պայմանները չեն հարգված… Այդ առումով շատ կարեւոր է Սփյուռքի նախարարության գոյությունը, որ այդ հարցերը ձեւով մը ՀՀ կառավարությանը եւ խորհրդարանին հասցնե: Շատ կարեւոր է, որ ՀՀ կառավարությունը կարողանա մարդկային իրավունքներու միջազգային արժեչափերը պահպանիլ, կաշառակերության դեմ, օլիգարխիայի դեմ պայքարն իրագործե:
– Դուք լրագրողների համահայկական համաժողովին անդրադարձաք այն հարցին, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը պարիսպ է քաշում հայախոսների եւ ոչ հայախոսների, տարբեր ազգերի ծնողների զավակ հայերի միջեւ: Նույնիսկ Ձեր անձնական օրինակը բերեցիք, որ Ձեր զավակները, լինելով հայի եւ ֆրանսիացու խառնուրդ, այդ կարգախոսով դուրս են մնում գծած սահմաններից:
– Որպեսզի հասկանանք իրավիճակը, մի քիչ ետ նայենք: Ֆրանսահայությունը եւ դասական սփյուռքը (ներկայիս գաղթածները սփյուռք չեն, գաղթական հայաստանցիներ են), հիմնված են արեւմտահայության վրա, իսկ արեւմտահայության մշակույթի արմատները զարգացած են Պոլսո եւ Հայաստանի արեւմտյան գավառներու մեջ, եւ անոնց հիմնական գաղափարաբանությունը ամբողջ ազգի վրա ֆրանսական լուսավորության եւ վերածնունդի գաղափարներու ազդեցությունն է: Հայերը Պոլսո մեջ կամուրջ էին արեւելքի եւ արեւմուտքի մեջ: Հայերեն լեզուն, հայ մշակույթը ժամանակին դեր մը ուներ՝ հումանիզմի գաղափարախոսությունը կփոխադրեր արեւելք, Պոլիս, կփորձեր տարածիլ, եւ այդ ձեւով ժամանակին մեծ խրամատ մը ստեղծված էր տեղի՝ թրքական, իսլամական մշակույթի եւ հայության միջեւ, որովհետեւ գիտության եւ առաջադիմության դար մըն էր, եւ նախանձ մը կար թուրքերու մեջ, որովհետեւ արեւելք-արեւմուտք շաղկապումը հայերու միջոցով կանցներ: Հիմա գաղափարախոսական լուրջ խնդիր կա մեջտեղ, որ այս մշակույթը ինչպես կրնա գոյատեւիլ, երբ որ ինքը սնած է այդ ամբողջեն եւ հիմա այդ ամբողջի մեջ է: Լուրջ խնդիր է դրված, թե՝ այսօրվա պայմաններու մեջ ի՞նչն է, որ կսնե հայությունը: Եթե նայենք քաղաքակրթական տեսանկյունից, ժամանակին, երբ քրիստոնեությունը տարածվեցավ, հայությունը քրիստոնեությունը յուրացրեց եւ տարածեց, անկե ետքը լուսավորության գաղափարներն էին Եվրոպայի, դա էլ ընդունեց, անկե ետք ընկերվարական գաղափարներն էին, երկիրներու ազատատենչ մշակույթի՝ երկիր եւ ազգ գաղափարներու յուրացումն էր, դա էլ ընդունեց եւ պայքարեց, որպեսզի անկախ Հայաստան մը հիմնվի: Եվ այդ ժամանակ շատ կարեւոր էր ազգի, լեզվի, երկրի գաղափարը: Բայց այսօր, երբ աշխարհացրիվ սփյուռք մը գոյություն ունի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ասվածը սահմանափակ մտայնության, 19-րդ դարու մտայնության գաղափարախոսություն մըն է, եւ պետք է վերանայվի եւ ասվի, որ այսօր հայությունը բազմազգ եւ բազմամշակույթ է, որ բոլորն ալ իրենք իրենց տեղը գտնան եւ կարելի ըլլա կապերը ստեղծել ուրիշ հիմունքների վրա, ավելի բաց համակարգի վրա: Համահայկական լրագրողների համաժողովում մեզի համար անհանգստացնող երեւույթ մը կար, որ օտարախոս հայերը բացակա էին, որովհետեւ լեզուն պատնեշ մըն է: «Մեկ ազգ, մեկ մշակույթը» չի կրնա ըլլալ մեր կարգախոսը: Կարելի է սփյուռքի մեջ ապրիլ, գոյատեւիլ եւ սփյուռքահայ տեսաբաններ կան՝ Գրիգոր Պլտյան, Մարկ Նշանյան, որոնք այս մասին արտահայտված են եւ կըսին, որ սփյուռքը տեւական երեւույթ է, եւ պետք է այսօր կարգավիճակ մը գտնվի, թե ինչպես այս սփյուռքը կրնա գոյատեւիլ, բազմալեզու, բազմամշակույթ եւ բազմազգ, եւ այս բաներեն պետք չէ վախնալ:
– Բայց արդյո՞ք դա չի սպառնում սփյուռքի վերացմանը, չի խթանի ուծացումը:
– Եթե նեղ դիտակով դիտես, ասելով, որ հայությունը միայն հայերեն պետք է խոսի, հայը հայու հետ ամուսնանա, եւ այդ է միայն հայության հիմունքները, ապա դա բնականաբար սպառնալիք է եւ հիմիկվանե կրնաս սփյուռքի մահվան դատավճիռը ստորագրիլ: Բայց իրականության մեջ այնքան ալ մտահոգիչ բան մը չէ, եթե ընդունինք, որ պետք է ստեղծել այն սերունդը, որը բազմալեզու է, բազմամշակույթ եւ բազմազգ: Ժամանակին, երբ գրերու գյուտը եղավ եւ քրիստոնեության յուրացումը տեղի ունեցավ, այն ժամանակ ալ այս հարցը դրված էր, որովհետեւ նույն այս հողին վրա հայությունը սպառնալիքի առջեւ կգտնվեր, որ կամ բյուզանդական, կամ պարսկական մշակույթներու կողմե պետք է յուրացվեր, որովհետեւ արդեն գրավոր լեզուն պարսկականն էր, եւ անոնք կպարտադրեին իրենց կրոնքը, եւ խնդիր էր, որ պետք էր լեզու ունենալ, որպեսզի դիմանալ: Հիմա նույն խնդիրը նաեւ արտասահմանի մեջ մեզի համար դրված է, որ կարելի ըլլա դիմանալ այդ պայմաններու մեջ՝ պահպանելով նաեւ լեզուն, այսինքն՝ երկլեզվության եւ երկմշակույթության լուրջ հիմունքները հաստատելու խնդիր կա դրված, որովհետեւ տակավին այս գաղափարը նույնիսկ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի նախարարության կողմե չէ յուրացված եւ լավ հասկացված: Այսօր վիճակն ան է, որ սփյուռքի ընտանիքի մեջ կրնա երկու մայրենի ըլլա, որովհետեւ կրնա հոր լեզուն եւ մոր լեզուն ըլլալ, եւ փոխանցիլ երկուսն ալ, երկու մշակույթներն ալ, եւ իբրեւ շատ ավելի հարուստ մշակույթ եւ լեզու երեխայի համար, որովհետեւ պստիգը ծնած պահեն երկու համակարգերով ալ կրնա մտածիլ, սնվիլ, կմեծնա, եւ անոր մեջ շատ ավելի հարուստ համակարգեր կըլլան, որովհետեւ երկու համակարգերը միաժամանակ կհաստատվին եւ թարգմանելու կարիք չի ունենա: Ասածս ան է, որ պետք չէ բաժանիլ հայությանը «մեկ ազգ, մեկ մշակույթ» կոչվող պարիսպով մը, պետք է քանդիլ այդ պարիսպը…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ