Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցանքը հանցանքով են կոծկում

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\" \"\"
Մարդկային «գործունեության» ապացույցներ՝ այրված անվադողեր, վառելիքի դեն նետված տարաներ… իրեղեն ապացույցներ:

Մեր թերթի երեկվա համարում անդրադառնալով Տավուշի եւ Լոռու մարզերում՝ Դիլիջան քաղաքի եւ Թեղուտ գյուղի մատույցներում անտառային հրդեհներին, ներկայացրել էինք Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանի եւ Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանի խոսքը՝ երկուսն էլ նկատել էին, որ մարդիկ այրում են խոտը եւ դառնում անտառային հրդեհների պատճառ:

Հրապարակումից հետո ստացել ենք Կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նամակը, որը ապացուցում է, որ Դիլիջանի անտառների հրդեհումները միտումնավոր են:

Նոյեմբերի 28-ին Հաղարծին այցելած երիտասարդները Մարիամին պատմել են, որ մութն ընկնելու պահին հրդեհներ են նկատել եւ ահազանգել են 101 հրշեջ ծառայությանը: Տեղի պատասխանատուներից պարոն Մինասյանը րոպեներ անց զանգել է եւ խոստացել, որ իրենք կզբաղվեն այդ հարցով, Դիլիջանի անտառտնտեսության պետը կտեղեկացնի իրավիճակի մասին: Քիչ անց, սակայն, Դիլիջանի անտառտնտեսության պետը զանգել է երիտասարդներին, հայհոյել եւ ասել, որ հիմա կգա Դիլիջանի հրապարակ եւ ցույց կտա նրանց:

Հասնելով հրապարակ, Դիլիջանի անտառտնտեսության պետը ենթադրել է, որ ահազանգողներն արդեն մեկնել են Երեւան եւ Դիլիջանի կենտրոնական կանգառում, սպասողների վկայությամբ, հարբած զանգել է իր ղեկավարությանն ու զեկուցել, որ հենց հիմա նա գտնվում է անտառում, առանձնապես բան չկա, տերեւներն են այրվում եւ նա այժմ հանգցնում է հրդեհը: Մեկ ժամ անց Իջեւանից Դիլիջան մեկնող երթուղայինի ուղեւորները պատմել են, որ անտառները Հաղարծինի ուղղությամբ դեռ այրվում են:

Դիլիջանցիների վկայությամբ՝ գրեթե ամեն օր անտառներն այրվում են:

Լոռվա մարզի դատախազը այցելել էր այրվող Լոռու անտառներ եւ քննարկել էր ծառահատումների քողարկման նպատակով միտումնավոր հրդեհումների վարկածը: Ստացվում է, որ մի հանցանք կոծկելու համար նոր հանցանք են կատարում:

«Ի՞նչ անել, երբ անտառը միտումնավոր այրում են, որ վերացնեն ապօրինի անտառահատումների հետքերը, իսկ հարբած պետի հեչ վեջը չէ՞»,- մեզ գրած նամակում հարցնում է Մարիամ Սուխուդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել