Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԻՆ ԵՎ ՏԵՂՈՒՄՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"Արմավիրի մարզի քաղաքներում ամփոփում են անցնող տարին

Ինչպես ցանկացած Ամանոր, այս մեկն էլ կիսատ գործերը ավարտելու, 364 օրում արածը մեկ օրում ամփոփելու ու նաեւ ուրախանալու, նոր հույսերի եւ սպասումների պատեհ առիթ է: Նոր տարին ու Սուրբ Ծննդյան տոնը՝ ամեն ինչից բացի ու առաջին հերթին՝ տոն է:

«Ի՞նչ նոր տարի, ի՞նչ տոն ու տոնական տրամադրություն, եթե պատուհանի տակ արդեն ձմեռ է, իսկ շատ-շատերն իրենց կացարանները տաքացնելու խնդիր ունեն: Հասկանալի է, որ խոսքս սոցիալապես խոցելի ընտանիքներին է վերաբերում, որոնց բնակարանների ջեռուցման հարցն արդեն քանի տարի է՝ ստանձնել է քաղաքապետարանը»,- «Առավոտին» փոխանցեցին Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնից: Եթե նախորդ տարի վառելափայտ ստանալու խնդրանքով Էջմիածնի քաղաքապետարան էր դիմել 100 քաղաքացի, ապա այս տարի նրանց թիվը կրկնապատկվել է: «Պարզապես ավելացել է գազի վառարաններից հրաժարվողների թիվը: Մարդիկ անցել են տունը փայտով տաքացնելու տարբերակին: Ասել, թե ընդամենը այդ 200 ընտանիքները բնակարանները տաքացնելու խնդիր ունեն, սխալ կլինի. սոցիալական ծառայության ներկայացրած ցուցակով այդ 200-ն ուղղակի առաջնահերթ օգնության կարիք ունեցող ընտանիքներն են»,- ասացին քաղաքապետարանից: 200 խմ վառելափայտը քաղաքապետարանը ներկրել է Տավուշի մարզից եւ մեկական խորանարդ մետր բաժին հանել յուրաքանչյուր ընտանիքին: Չի բացառվում, որ ծրագիրը շարունակվի:

Իսկ ահա քաղաքի մանկապարտեզներում վաղուց մոռացել են փայտի վառարանները՝ նախակրթարանները լոկալ ջեռուցման համակարգեր ունեն: Անցնող տարում մանկապարտեզներում նաեւ նորոգումներ են իրականացվել: Քաղաքապետարանը խոստանում է՝ ծրագրից դուրս մնացած մանկապարտեզների համար շինարարական կլինի 2011 թվականը:

Ամանորին քաղաքի տոնական տեսքը պետք է տեղը լինի: Սա էլ է քաղաքապետարանը խոստանում: «Յուրաքանչյուր աշխատանքային օրն այնպես ենք կազմակերպում, որ արդյունքն առաջինը հենց բնակիչը զգա: Ի վերջո, նա նաեւ մեր հարկատուն է, որը պարտավոր է տեղեկանալ իր տված յուրաքանչյուր լումայի շարժին: Դրա համար առաջին հերթին կառուցում, նորոգում, թարմացնում ենք իր բակը, շենքը: Այդ իմաստով, օրինակ՝ 2010-ին Էջմիածնի երկու՝ Զվարթնոց եւ Չարենց թաղամասերում խաղահրապարակներով ու շատրվաններով պուրակներ կառուցեցինք, այգիներ հիմնեցինք, բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգեցինք ու շքամուտքերին դռներ տեղադրեցինք»,- նկատեցին քաղաքապետարանում:

Քաղաքապետարանի լրատվական բաժնի փոխանցմամբ՝ մասնակի փոսալցումներով հեշտ երթեւեկելի են դարձրել քաղաքի հատկապես ծայրամասային թաղամասերը: Սակայն նկատենք, որ ոչ այնքան ծայրամաս համարվող Իսակովի թաղամասը դեռ շարունակում է ահ ու սարսափի մեջ պահել վարորդներին, որոնք, իրենց ձեւակերպմամբ՝ մեքենան նույնիսկ փախցնելու տեղ չունեն: «Մի փոսից փախցնում, մյուսի մեջ եմ ընկնում»,- ասաց տաքսու մի վարորդ: Բարեբախտաբար ձմեռն առայժմ առանց տեղումների է, այլապես ծայրամասերի քանդված ու անլույս փողոցները դժվարերթեւեկելի կդառնա նաեւ հետիոտնի համար: Իսկ տեղումներին Էջմիածնի քաղաքապետարանը պատրաստ է. պահեստավորած աղ ու ավազ ունի, որ թույլ չտա ձյան ծածկույթը ոչ երթեւեկելի դարձնի փողոցները:

Քաղաքի հրապարակներում տոնածառեր են տեղադրվել, համերգային ծրագրեր են նախատեսված: Նոր տարվա գիշերը մեծ համերգ կլինի Կոմիտասի անվան հրապարակում, որին՝ հատուկ երիտասարդների համար կհաջորդի դիսկոտեկը: DJ-ն արդեն հրավիրված է:

Ծննդյան տոներին տոնական ծրագրեր կլինեն նաեւ Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում: Քաղաքի մշակույթի տան դռները դեկտեմբերի 25-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 13-ը չեն փակվի ոչ միայն ավագ, այլեւ կրտսեր թատերասերների համար, Ձմեռ պապը երեխաներին նվերներ կտա համայնքի բյուջեից տրամադրած գումարի հաշվին: «Գրենական պիտույքներով, մրգերով ու քաղցրավենիքներով 1060 տոպրակ արդեն ուղարկել ենք մանկապարտեզներ, որ բաժանեն երեխաներին»,- «Առավոտին» ասաց Արմավիրի քաղաքապետի խորհրդական Սարգիս Մովսիսյանը: Վերջինիս սպասելիքները 2010 թվականից հիմնականում արդարացել են. կենտրոնական փողոցների մայթեզրերն են սալարկել, ասֆալտապատման մասնակի աշխատանքներ արել, իր ասելով՝ գրեթե ամբողջությամբ լուսավորել քաղաքի փողոցները: Հիմա էլ ամփոփում են բյուջե 2010-ը եւ քննարկում հաջորդը, որը, ըստ նախնական հաշվարկների՝ սեփական եկամուտների հաշվին կավելանա 20 միլիոն դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել