Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեւնիներ վաճառում են՝ փաստաթղթերը ծոցագրպանում

Դեկտեմբեր 22,2010 00:00

Բնական եղեւնիների բիզնեսով զբաղվողները վստահեցնում են,  որ տեղական եղեւնի չունեն

Ամանորից երկու-երեք շաբաթ առաջ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի որոշ հատվածներ, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող տարածքներ, Մալաթիայի տոնավաճառի եւ Համալիրի շրջակայքի մայթերը գրեթե անանցանելի են: Մայթերով մեկ մշտադալար բնական եղեւնիների շարք է ձգվում: Նրանց գներն էլ ուղիղ համեմատական են եղեւնու տեսքին, չափսին ու փարթամությանը: Այս օրերին բնական եղեւնի հնարավոր է ձեռք բերել 25 հազարից մինչեւ 200-300 հազար դրամով: Եղեւնիների մի շարք վաճառակետերում կատարած մեր հարցումներին ի պատասխան՝ բոլոր վաճառողները միաբերան պնդում էին, որ իրենց մոտ տեղական եղեւնի չի վաճառվում, քանի որ դրանց հատումն ու վաճառքն արգելված է, եւ հավաստիացնում էին, որ եղեւնիները ներկրել են Բելգիայից, Ռուսաստանից ու Վրաստանից:

Բաղրամյան պողոտայում տոնածառների «մինի» շուկա» ձեւավորած մի երիտասարդ, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում եղեւնիների թանկ արժեքը պայմանավորեց հարկերով ու մաքսերով. «5-6 տարի է՝ տոնածառի վաճառքով եմ զբաղվում, այս անգամ Ռուսաստանից ենք բերել: Ինքը փչացող ապրանք է, մենք չե՞նք ուզում էժան տանք՝ վաճառվի-պրծնի, բայց չենք կարող, հարկեր-մաքսերը, որ հանում ենք, տակը մեզ բան չի մնում: Ամանորից հետո էլ դրանք ոչ ոքի այլեւս պետք չեն լինում ու նետում ենք աղբարկղ»:

Մայթին մեծից փոքր շարված եղեւնիների ու պատերից կախված սոճու ճյուղերի վաճառքի փաստաթղթերը ցույց տալով՝ եղեւնիների վաճառքն արդարացրեց նաեւ Կարենը, որն այս գործին է շուրջ 3 տարի: Նա մեզ հետ զրույցում նաեւ պատմեց, որ մի քանի օր առաջ երկու տղամարդ են մոտեցել իրեն եւ առաջարկել եղեւնիներ՝ շատ մատչելի գներով, բայց ինքը հրաժարվել է, քանի որ կասկածել է, որ դրանք հայաստանյան անտառներից հատված կլինեն:

Նկատենք, որ արդեն 6-7 տարի է, ինչ հանրապետության ողջ տարածքում խստիվ արգելված է փշատերեւ ծառերի՝ սոճու եւ եղեւնու հատումը: Այս ծառերի հատման դեպքում սահմանված է վարչական տուգանք, իսկ առավել խոշոր չափի հատումների դեպքում՝ նաեւ քրեական պատասխանատվություն: Չնայած այս ամենին, հատկապես մարզերում, գրեթե յուրաքանչյուր ընտանիքի տոնածառ բնական եղեւնուց է լինում. գյուղերին հարակից անտառներն այն աստիճան անպաշտպան են, որ ցանկացած ոք կարող է կացինն ուսին մտնել ու իր սրտի ուզած եղեւնին հատել ու տուն տանել: Երեկ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանն ուղղված մեր հարցերին նախարարությունից պատասխանեցին, որ այս օրերին տեսչությունը փշատերեւ ծառերի հատման ոչ մի դեպք չի արձանագրել եւ ոչ մի ակտ չի կազմվել:

«Էկոլուր» բնապահպանական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կեռիկավոր եւ սովորական եղեւնի Հայաստանում չի աճում եւ վաճառակետերում հանդիպողները միայն ներկրված են: Սակայն, եթե հաշվի առնենք, որ սոճիներ աճում են նաեւ հայաստանյան անտառներում, իսկ վաճառակետերում սոճիների պակաս նույնպես չկար, ուստի չի բացառվում, որ դրանք հենց տեղական «արտադրության» են, հատկապես որ՝ այս տարի 35 հազար խմ սանիտարական հատումներ են նախատեսված, իսկ դրանց թվում սոճիներ նույնպես կան:

Ի դեպ, երեկ բնապահպանների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ անձանց ու «Հայանտառի» պատասխանատուների մասնակցությամբ ծառահատումների թեմայով քննարկում է տեղի ունեցել: Նշենք, որ մեր երկրում իրականացվող զանգվածային ծառահատումների համար մտահոգություն էր հայտնել նաեւ ՀԲ-ն, կանխարգելման համար բանկը մի շարք բնապահպանական ծրագրերի է աջակցում: Ի. Զարաֆյանի ներկայացմամբ, միջոցառմանը ներկա բնապահպանները քննարկել են նաեւ «Հայանտառի» կարգավիճակը ՊՈԱԿ-ից փոխելու եւ ավելի բարձր կարգավիճակ տալու հարցը. «Քանի որ անտառը համարվում է ռազմավարական ռեսուրս, ուստի «Հայանտառին» պետք է ավելի բարձր կարգավիճակ տրվի: Այդպես կբարձրացվի վերահսկողությունը անտառների նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել