Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2010 00:00

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑԸ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼՈ՞Ւ

\"\"Արաբկիր վարչական շրջանի թիվ 51 փողոցի 3-րդ շենքի բնակիչներն անհանգստանում են, որ շենքի հիմքը կթուլանա եւ իրենք կզրկվեն արեւի լույսից:

«Խաս-Պրոֆիտ» կառուցապատում իրականացնող ընկերությունը Արաբկիրի թիվ 51 փողոցում բազմաֆունկցիոնալ, նոր, 25 հարկանի շենք է կառուցում: Շենքի հիմքն արդեն փորված է ու այն գրեթե հասնում է հարեւան՝ թիվ 51 փողոցի 3-րդ շենքին: Այս պահի դրությամբ կառուցվելիք շենքի եւ 3-րդ շենքի միջեւ հեռավորությունը ընդամենը 7 մետր է, սակայն կառուցվելուց հետո ստորգետնյա հատվածում մոտ 2 մետր էլ մոտենալու է հարեւան շենքին: Բացի այն, որ բազմահարկ շենքը, հարակից շենքի բնակիչների խոսքերով, փակելու է իրենց բնական լույսը, այն սպառնում է նաեւ իրենց շենքի սեյսմակայունությանը:

«Մեր բակում անգամ 1 ծառ տնկելու հնարավորություն չկա: Այնքան փոքր բակ ունենք, որ ավտոմեքենաների եւ մարդկանց տեղաշարժը դժվար է, մանավանդ ձմռան ամիսներին, երբ բակում սառույց է, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ պարզապես բակն անանցանելի է: Տարիներ առաջ մեր բակի մի մասն էլ զավթել են տարածքի բնակիչները եւ իրենց համար դարձրել տնամերձ հողամասեր, հետագայում դրանք սեփականաշնորհվել են, էլ տեղ չի մնացել մեզ եւ մեր երեխաների համար: Հիմա մեր շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հսկայական փոս է փորված, եթե մի փոքր հավասարակշռությունդ կորցնես կամ անփույթ լինես, կընկնես այդ նոր փորված անդունդը, մանավանդ որ՝ շինհրապարակը մեր շենքի բակից անջատող թիթեղների մի հատված բացակայում է: Չհաշված, որ շինտեխնիկայի աղմուկն ենք ամբողջ օրվա ընթացքում լսում, որն ուղեկցվում է դմդմբոցներով: Երեխաներ ունենք, հիվանդներ, նրանց եւ մեր հանգիստը խանգարվում է: Բացի այդ, մեր շենքը 16 հարկանի է եւ ունի մոտ 300 բնակիչ, նրանց բոլորին արդեն սկսել է հուզել մեր շենքի ամրությունը, քանի որ մոտ տարածքում հսկայական փոս է փորվել, որը շատ մոտ է մեր շենքի հիմքին: Մեր բնակարանների պատերին ու առաստաղին արդեն ճաքեր են առաջացել: Մենք վախենում ենք, որ փոսը փորեն վերջացնեն՝ մեր շենքը կփլվի»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին թիվ 3 շենքի բնակիչները: Նրանց խոսքերով, իրենց շենքի հիմքը փոքր-ինչ թուլացել է դեռեւս մի քանի տարի առաջ, երբ շենքի նկուղում մեծ քանակությամբ ջուր էր լցվել. «Այդ ժամանակ սեյսմիկ ծառայությունից եկան, ստուգեցին եւ մեզ հայտնեցին, որ շենքի ամրությունը 30 տոկոսով նվազել է: Մենք փորձում ենք այդ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ ձեռք բերել, սակայն չի ստացվում, չեն տալիս»:

Բացի սեյսմակայունությունից, այս շենքի բնակիչներին անհանգստացնում է նաեւ «Խաս-Պրոֆիտի» կողմից կառուցվող շենքի բարձրությունը: Նրանք հավատացած են, որ այդքան մոտ գտնվող բարձր շենքը կզրկի իրենց շենքի մի թեւի բնակարանները արեւի լույսից. «Լուսավորությունից եւ արեւի ջերմությունից կզրկվեն թիվ 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 եւ 121 բնակարանները: Սա նշանակում է, որ ոտնահարվում են նրանց իրավունքները: Սկզբում նախատեսված էր այդտեղ 9 հարկանի շենք կառուցել, հետո՝ 18, բայց հիմա արդեն դարձավ 25 հարկանի: Այդ շենքը արտաքինով նման է լինելու մեր շենքին, սակայն, դեռեւս խորհրդային տարիներին՝ 1988-ին Մինիստրների խորհրդի որոշմամբ արգելվել է մեր շենքի տիպի շենքեր կառուցել՝ ոչ բավարար սեյսմակայունություն չունենալու պատճառով: Չնայած դրան, կառուցապատողին թույլ է տրվել նման շենք կառուցել: Ավելի լավ չէ՞ր լինի, որ դրա փոխարեն կառուցվեր մանկապատանեկան համալիր, որի կարիքը շատ ունի խիտ բնակեցված այս թաղամասը»:

Նշենք, որ 3-րդ շենքի բնակիչները փորձել են արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայութունից տեղեկանալ իրենց շենքի ներկայիս սեյսմակայունության աստիճանի մասին, սակայն նրանց պատասխանել են, որ իրենք ուսումնասիրություններ են արել եւ պարզել, որ նորակառույց շենքի պարիսպը 3-րդ շենքից հեռու է 10 մետր, ինչը օրենքի խախտում չէ, եւ բնակիչներն իրենց բողոքներով պետք է դիմեն Երեւանի գլխավոր ճարտարապետին: «Ստացվում է, որ գլխավոր ճարտարապե՞տն է որոշում, թե որ շենքն ինչ աստիճանի սեյսմակայունություն ունի»,- հարցնում են բնակիչները:

Նրանք իրենց դժգոհություններով դիմել են նաեւ ՀՀ նախագահին եւ վարչապետին, նախագահականից եւ կառավարությունից բնակիչների նամակներն ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից քաղաքացիներին պատասխանել են, որ «Խաս-Պրոֆիտն» ունի կառուցապատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը. «Կառուցապատողն ունի ճարտարապետահատակագծային առաջադրանք, ըստ որի՝ կառուցապատողը պետք է հաշվի առնի հարակից տարածքում գոյություն ունեցող կառուցապատումը, լուծի տրանսպորտային միջոցների անարգել ու անվտանգ ելումուտը, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման բակային տարածքների ստեղծման խնդիրը»:

Քանի որ այս պատասխանն իր մեջ չէր ներառում թիվ 3 շենքի բնակիչներին հուզող հարցերի պատասխանները, բնակիչները վերջերս նորից էին դիմել Երեւանի քաղաքապետարան: Երեկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը բնակիչներին նամակ էր ուղարկել, որով հայտնում էր, որ նախատեսվող նորակառույցը ինսոլյացիոն, հակահրդեհային եւ սեյսմիկ նկատառումներով հարեւան շենքերի եւ շինությունների համար խոչընդոտ չէ: Ճարտարապետը նշել էր նաեւ, որ նախագծով նորակառույցը թիվ 3 շենքից հեռու է լինելու 10 մետրով, իսկ ստորգետնյա հատվածով՝ ընդամենը 5 մետրով. «Վերգետնյա մասը զբաղեցնելու է տարածքի 45 տոկոսը, իսկ մնացած 55%-ը նախատեսված է ընդհանուր բակային տարածքի կազմակերպման՝ բարեկարգման էլեմենտների եւ կանաչ գոտիների ստեղծման համար»:

Նշենք, որ նախատեսվող շենքը կառուցվելու է «Հյուսիսային ճառագայթ» նորաստեղծ թաղամասի հատակագծին համապատասխան:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

Եղեւնիներ վաճառում են՝

փաստաթղթերը ծոցագրպանում

Բնական եղեւնիների բիզնեսով զբաղվողները վստահեցնում են,

որ տեղական եղեւնի չունեն

Ամանորից երկու-երեք շաբաթ առաջ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի որոշ հատվածներ, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող տարածքներ, Մալաթիայի տոնավաճառի եւ Համալիրի շրջակայքի մայթերը գրեթե անանցանելի են: Մայթերով մեկ մշտադալար բնական եղեւնիների շարք է ձգվում: Նրանց գներն էլ ուղիղ համեմատական են եղեւնու տեսքին, չափսին ու փարթամությանը: Այս օրերին բնական եղեւնի հնարավոր է ձեռք բերել 25 հազարից մինչեւ 200-300 հազար դրամով: Եղեւնիների մի շարք վաճառակետերում կատարած մեր հարցումներին ի պատասխան՝ բոլոր վաճառողները միաբերան պնդում էին, որ իրենց մոտ տեղական եղեւնի չի վաճառվում, քանի որ դրանց հատումն ու վաճառքն արգելված է, եւ հավաստիացնում էին, որ եղեւնիները ներկրել են Բելգիայից, Ռուսաստանից ու Վրաստանից:

Բաղրամյան պողոտայում տոնածառների «մինի» շուկա» ձեւավորած մի երիտասարդ, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում եղեւնիների թանկ արժեքը պայմանավորեց հարկերով ու մաքսերով. «5-6 տարի է՝ տոնածառի վաճառքով եմ զբաղվում, այս անգամ Ռուսաստանից ենք բերել: Ինքը փչացող ապրանք է, մենք չե՞նք ուզում էժան տանք՝ վաճառվի-պրծնի, բայց չենք կարող, հարկեր-մաքսերը, որ հանում ենք, տակը մեզ բան չի մնում: Ամանորից հետո էլ դրանք ոչ ոքի այլեւս պետք չեն լինում ու նետում ենք աղբարկղ»:

Մայթին մեծից փոքր շարված եղեւնիների ու պատերից կախված սոճու ճյուղերի վաճառքի փաստաթղթերը ցույց տալով՝ եղեւնիների վաճառքն արդարացրեց նաեւ Կարենը, որն այս գործին է շուրջ 3 տարի: Նա մեզ հետ զրույցում նաեւ պատմեց, որ մի քանի օր առաջ երկու տղամարդ են մոտեցել իրեն եւ առաջարկել եղեւնիներ՝ շատ մատչելի գներով, բայց ինքը հրաժարվել է, քանի որ կասկածել է, որ դրանք հայաստանյան անտառներից հատված կլինեն:

Նկատենք, որ արդեն 6-7 տարի է, ինչ հանրապետության ողջ տարածքում խստիվ արգելված է փշատերեւ ծառերի՝ սոճու եւ եղեւնու հատումը: Այս ծառերի հատման դեպքում սահմանված է վարչական տուգանք, իսկ առավել խոշոր չափի հատումների դեպքում՝ նաեւ քրեական պատասխանատվություն: Չնայած այս ամենին, հատկապես մարզերում, գրեթե յուրաքանչյուր ընտանիքի տոնածառ բնական եղեւնուց է լինում. գյուղերին հարակից անտառներն այն աստիճան անպաշտպան են, որ ցանկացած ոք կարող է կացինն ուսին մտնել ու իր սրտի ուզած եղեւնին հատել ու տուն տանել: Երեկ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանն ուղղված մեր հարցերին նախարարությունից պատասխանեցին, որ այս օրերին տեսչությունը փշատերեւ ծառերի հատման ոչ մի դեպք չի արձանագրել եւ ոչ մի ակտ չի կազմվել:

«Էկոլուր» բնապահպանական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կեռիկավոր եւ սովորական եղեւնի Հայաստանում չի աճում եւ վաճառակետերում հանդիպողները միայն ներկրված են: Սակայն, եթե հաշվի առնենք, որ սոճիներ աճում են նաեւ հայաստանյան անտառներում, իսկ վաճառակետերում սոճիների պակաս նույնպես չկար, ուստի չի բացառվում, որ դրանք հենց տեղական «արտադրության» են, հատկապես որ՝ այս տարի 35 հազար խմ սանիտարական հատումներ են նախատեսված, իսկ դրանց թվում սոճիներ նույնպես կան:

Ի դեպ, երեկ բնապահպանների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ անձանց ու «Հայանտառի» պատասխանատուների մասնակցությամբ ծառահատումների թեմայով քննարկում է տեղի ունեցել: Նշենք, որ մեր երկրում իրականացվող զանգվածային ծառահատումների համար մտահոգություն էր հայտնել նաեւ ՀԲ-ն, կանխարգելման համար բանկը մի շարք բնապահպանական ծրագրերի է աջակցում: Ի. Զարաֆյանի ներկայացմամբ, միջոցառմանը ներկա բնապահպանները քննարկել են նաեւ «Հայանտառի» կարգավիճակը ՊՈԱԿ-ից փոխելու եւ ավելի բարձր կարգավիճակ տալու հարցը. «Քանի որ անտառը համարվում է ռազմավարական ռեսուրս, ուստի «Հայանտառին» պետք է ավելի բարձր կարգավիճակ տրվի: Այդպես կբարձրացվի վերահսկողությունը անտառների նկատմամբ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇՈՒՄ ԵՆ

«Ինձ Ուկրաինայից տարել են Գերմանիա եւ անմիջապես՝ համակենտրոնացման ճամբար: Այնտեղ անտանելի էր, անընդհատ վախի մեջ: Հետագայում ես այնտեղ ծանոթացա հայ երիտասարդ գերու հետ: Մենք ամուսնացանք եւ եկանք Հայաստան»,- օրերս նախկին սպայի տանը վետերանների ու մանկատան նախկին սաների պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ պատմեց 85-ամյա, ազգությամբ ուկրաինացի տիկին Կլարան: Իսկ Քանաքեռի մանկատան նախկին սան՝ 70-ամյա տիկին Լաուրայի պատմելով էլ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հորը զորակոչել են պատերազմ, մայրն էլ անհայտ կորել է այդ տարիներին. «Այդպես ես ընկա մանկատուն: Մանկության օրերս այնտեղ անցան»: Նա հետագայում գտել է իր կեսին եւ համարում է, որ երջանիկ ամուսնական կյանքով է ապրել: Նշենք, որ այս միջոցառումը կազմակերպել էր «Մայր եւ մանուկ» հ/կ-ն, որը պարբերաբար օգնության ձեռք է մեկնում վետերաններին, ռազմագերիներին, մանկատան նախկին սաներին, այժմյան մանկատան սաներին: Հ/կ-ի իրավախորհրդատու Նաիրա Հովհաննիսյանի խոսքերով, այս տարի լրանում է իրենց կազմակերպության 17-ամյակը. «Չնայած այն հոբելյանական չէ, բայց ուզում ենք լավ նշել: Ամեն տարի փոքրաթիվ խմբով հավաքվում ենք պատերազմի վետերանների խորհրդի դահլիճում եւ հիշում մեր վերապրածը: Մեր միջոցառման նպատակն այն է, որ ցույց տանք, որ ոչինչ չի մոռացվել»:

Հ/կ-ն միջոցառման մասնակիցներին նաեւ փոքրիկ նվերներ հանձնեց: Ըստ Ն. Հովհաննիսյանի, նվերների հարցում աջակցել են պաշտպանության նախարարությունը եւ Ավետարանական եկեղեցին:

Ա. Խ.

ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԿԱՆԽԵԼ

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Ինչո՞ւ ուշացած արեցին այն, ինչ ակնհայտ էր

\"\"Զրուցակիցս՝ Մհեր Մկրտչյանը, դեռ 2007թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանի դիմաց հայտարարել էր անժամկետ հացադուլ: Նա պահանջում էր, որպեսզի հակասահմանադրական ճանաչվի Քրեադատավարական օրենսգրքի 284 հոդվածի 1-ին կետը: Այն վերաբերում էր գաղտնալսմանը: Նշված հոդվածը իրավունք էր վերապահում համապատասխան մարմիններին առանց դատարանի որոշման քրեական հետապնդում իրականացնել:

Մինչ հացադուլը, Մհեր Մկրտչյանը 3 տարի առաջ դեկտեմբերի 27-ին գրավոր դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ հիմնավորել, որ Քրեադատավարական օրենսգրքի 284 հոդվածի 1-ին կետը հակասում է ՀՀ սահմանադրության 23 հոդվածի 5-րդ կետին: Գրավոր դիմումի մեջ դիմելով պաշտպանին, Մկրտչյանը խնդրել էր անհապաղ դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի նշված կետը համարվի հակասահմանադրական, քանի որ շատերը գտնվում էին կալանքի տակ:

Հիշեցնենք, որ 2007թ. դեկտեմբերի 10-ին քրեական հետապնդում էր սկսվել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Քրեական հետապնդման համար հիմք էր հանդիսացել Քրեադատավարական օրենսգրքի 284 հոդվածի 1-ին կետը:

Այս տարվա նոյեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական համարեց նշված հոդվածը՝ Սահմանադրական դատարան էր դիմել ՄԻ պաշտպանը:

Իսկ այդ մասին Մհեր Մկրտչյանին չեն ծանուցել:

«Հացադուլս ինքնանպատակ չէր: 2008թ. հունվարի 19-ին, իմ բողոքի ակցիայի ժամանակ ինձ հետ հանդիպեց Պաշտպանի մամուլի քարտուղարը: Նա խնդրեց դադարեցնել հացադուլը եւ հրավիրեց ինձ իրենց գրասենյակ: Ես գնացի գրասենյակ, արդյունքում՝ հունվարի 29-ին դադարեցրի հացադուլը: ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանն անձամբ ինձ ասաց՝ տարբերություն չկա, մենք հարցը կբարձրացնենք ԱԺ միջոցով: Ես ասացի, որ ժամանակի առումով հարցը պետք է արագ բարձրացվի, քանի որ անմեղ մարդիկ կային կալանավայրերում: ՄԻ պաշտպանը գրավոր պատասխանել էր, որ նշված հոդվածում կա հակասահմանադրական դրույթ»,- պատմում է Մհեր Մկրտչյանը:

Այն ժամանակվա ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը գրավոր պատասխանեց, որ առաջիկա նստաշրջանում Քրեադատավարության օրենքի քննարկման շրջանակներում այդ սխալը կուղղվի:

2010թ. հունիսի 11-ին ՄԻ պաշտպան Ա. Հարությունյանը դիմում է Սահմանադրական դատարան:

«Ինձ անհայտ պատճառներով Ա. Հարությունյանը որոշեց դիմել ՍԴ: Նոյեմբերի 23-ին ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն: Հարց է առաջանում. ինչո՞ւ չէր կարող դա անել ավելի շուտ, ինչո՞ւ ինձ չի ծանուցվում, որ թեկուզ ուշացումով, ձեր դիմումով հիմնավորված պահանջը ի կատար է ածվել»,- հարցնում է զրուցակիցս:

Մ. Մկրտչյանն ունի իր կարծիքը՝ ուշացումով հարցը օրակարգ մտցնելու համար: «Հացադուլի ժամանակ էլ ես թույլ չեմ տվել շահարկումներ: Երբեւիցե որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: Հարցը զուտ իրավական է: Նույնիսկ Ժիրայր Սեֆիլյանին չեմ ճանաչել: Գիտեմ դատական կարգն էլ, ձեւն էլ, նաեւ այն, թե ինչպես կանչել պատասխանատվության ՄԻ պաշտպանին: Բայց զարմանք եւ ափսոսանք եմ ապրում, որ իրավաբանության դոկտորը նույնիսկ առիթ է տվել, որ նման կարծիք հայտնեմ»,- ասում է Մ. Մկրտչյանը:

Սահմանադրությամբ մարդու, քաղաքացու իրավական նորմի փոփոխությունը, որը բարելավում է նրա վիճակը, ունի հետադարձ ուժ, խստացումը՝ չունի: «Բոլորս հիշում ենք 2008-ի ընտրությունները, նախընտրական շիկացած իրավիճակը, մարտի 1-ի իրադարձությունները: Հարյուրավոր գործեր այդ չարաբաստիկ հոդվածի վրա են հիմնված եղել: Ինչ ունենք այսօր: ՍԴ-ն թեկուզ ուշացած կայացրել է որոշում, որը հետադարձ ուժ չունի, չի կարող գործուն լինել: Քանի որ Քրօրով նախատեսված է, որ քրեական հետապնդման, քրգործի հարուցման համար ապացուցողական բազան այդ ժամանակվա գործող օրենսդրության հիման վրա է: Պահանջվում է մի բան. ուղղակի ճշմարտությունը վերականգնվի: ՄԻ պաշտպանը պարտավոր է հրապարակավ ընդունել, որ իմ դիմումի հիման վրա ուշացումով կայացվել է նման որոշում: Եթե դա արվեր ժամանակին, մեզ ծանոթ իրադարձությունները չէին լինի, եւ ուժայինները ստիպված կլինեին դատարանի որոշմամբ առաջնորդվել»,- նշում է Մ. Մկրտչյանը:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Այս որոշման առավելությունն այն է, որ «գործ տվողների» հաստիքները կրճատվեցին:

Գինեկոլոգը դիմել է վերաքննիչ

Հիվանդի բողոքը հի՞մք է կարգապահական տույժի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 25-ին քննեց մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Մինասյանի հայցն ընդդեմ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի՝ կարգապահական տույժերի ենթարկելու հրամանները, աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, նախկին աշխատանքում վերականգնելու, նոր անժամկետ աշխատանքային պայմանագիր կնքելուն հարկադրելու, չվճարված աշխատավարձը, հարկադիր պարապուրդի գումարը, չվճարված ամենամյա վճարովի արձակուրդների գումարները, փաստաբանական ծառայությունների համար վճարված ծառայությունների գումարները բռնագանձելու պահանջների մասին, եւ մերժեց այն:

Կ. Մինասյանը օրեր առաջ դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Նա իր բողոքում տեղեկացրել է, որ 1981թ. սեպտեմբերի 1-ից աշխատել է նշված բուժհաստատությունում:

2004թ.-ին Կ. Մինասյանի եւ պատասխանողի միջեւ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի՝ հայցվորը շարունակել է աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Կողմերի միջեւ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի տվյալները գործատուի կողմից լրացվել են գրիչով՝ առանց Կ. Մինասյանի գիտության եւ համաձայնության: 2004թ.-ին կնքված պայմանագրի վերջին էջում, կողմերի ստորագրություններից հետո, կողմերի գրավոր նշումով պայմանագրի գործողությունը երկարացվել է եւս 4 անգամ: Ըստ Կ. Մինասյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի, 2007թ. ապրիլի 1-ին հայցվորի եւ պատասխանողի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի գործողությունը դադարել է 2009թ. հունվարի 1-ից: Աշխատանքային պայմանագրով սահմանվել էր շաբաթական 20-ժամյա աշխատանքային ռեժիմ, իսկ հայցվորի աշխատավարձը՝ 16 000 ՀՀ դրամ: Կ. Մինասյանի 2007թ. կնքված պայմանագրի օրինակի մեջ «անժամկետ» նշումը բացակայել է, իսկ պատասխանողի կողմից առաջին ատյանի դատարանին ներկայացված նույն պայմանագրի օրինակի մեջ լրացվել է «անժամկետ» գրառումը, ինչը վկայել է երկու պայմանագրերի միջեւ առկա հակասություն լինելու մասին: 2008թ. կնքված աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի համաձայն էլ՝ բժշկուհու աշխատավարձը սահմանվել է 20 000 ՀՀ դրամ:

Կ. Մինասյանի դիմում-բողոքի հիման վրա ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից պատասխանող-ընկերությունում իրականացվել է ստուգում, կազմվել է թիվ 30 ստուգման ակտը: Համաձայն թիվ 30 ստուգման ակտի, բուժհիմնարկի կողմից խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 84-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 85-րդ, 218-րդ հոդվածի պահանջները: Ստուգման ակտի եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության դեմ բուժհիմնարկը առարկություն չի ներկայացրել, հավանաբար՝ ընդունելով իր կողմից կատարված զանցանքը:

Վերաքննիչ բողոքում տեղեկացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից 12.08.2010թ. թիվ ԳՍ/11/5919-10 գրության համաձայն, ՀՀ-ում աշխատողների, այդ թվում՝ բժիշկների նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Իսկ ըստ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի կողմից 02.11.2010թ.-ին Կ. Մինասյանին տրված անձնական հաշվի շարժի վերաբերյալ տեղեկանքի, «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն 14.10.2008թ.-ից Կ. Մինասյանին աշխատավարձը վճարել է բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով եւ առկա են ակնհայտ հակասություններ «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ի կողմից դատարան ներկայացված աշխատավարձի վճարման երեք տեղեկանքների միջեւ:

Ի դեպ, Կենտրոնի դատարանում խոսք գնաց նաեւ այս տարվա փետրվարի 18-ի հրամանի մասին: Նշյալ հրամանով կատարվել է լրացում 05.02.2010թ.-ին արձակված կարգապահական տույժի ենթարկելու մասին թիվ 9 հրամանում, որում որպես նկատողության հիմք նշվել է այն, որ Կ. Մինասյանն իր պարտականություններն իրականացնելիս հիվանդին առաջարկել է կիրառությունից դուրս բուժման ձեւ եւ որպես ծառայության վճար պահանջել է մի դեպքում 320 000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 1500-1800 ԱՄՆ դոլար: Լրացված նկատողությունը հիմնավորվել է նրանով, որ հիվանդը բողոքել է ավագ մանկաբարձուհի Արմինե Գեւորգյանի ներկայությամբ:

Կ. Մինասյանի փաստաբան Մ. Մանուկյանը վերաքննիչ բողոքում գրում է, որ «հիվանդի անուն-ազգանունը հայտնելու վերաբերյալ գործատուին ներկայացված բժշկուհու պահանջը մնացել է անարձագանք»: Փաստաբան Մամիկոն Մանուկյանը գտնում է. «Եթե այդ հիվանդը բուժման նպատակով դիմել է Կ. Մինասյանին, ապա ինչո՞ւ է գործատուն միտումնավոր խուսափում հիվանդի մասին որեւէ տեղեկատվություն հայտնելուց: Դա ապացուցում է այն փաստը, որ նման հիվանդ չի եղել եւ չի էլ կարող լինել: Առկա չէ հիվանդի (հաճախորդի) գրավոր դիմում-բողոքը: Միայն հիվանդի բողոքը հիմք չէ կարգապահական տույժ նշանակելու համար, պետք է բավարար հիմքեր լինեն, ինչը տվյալ պարագայում բացակայում էր: Ավելին, բացակայում է հիվանդի կողմից տրված գրավոր բողոքը»: Գուցե վերաքննիչ դատարանը կպարզի, թե ո՞վ է եղել հիվանդը, ե՞րբ է բողոքել, ինչպե՞ս է արտահայտվել հիվանդի բողոքը: «Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ նման հիվանդ եղել է, ապա ինչո՞ւ գործատուն հենց բողոքելու պահին չի կանչել Կ. Մինասյանին եւ բացատրություն պահանջել նրանից: Դա ապացուցում է այն փաստը, որ ոչ մի բողոք չի եղել»,- նշում է բողոքաբեր կողմը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի օրինական ուժի մեջ մնալու դեպքում բժշկուհին անօրինական կերպով զրկվում է իրեն հասանելիք աշխատավարձից, հավելյալ վճարումներից եւ, վերջապես, նախկինում զբաղեցրած աշխատանքում վերականգնելու հնարավորությունից, մշտական, կայուն աշխատանք ունենալու իրավունքից:

Հետեւաբար, Կ. Մինասյանն ու իր ներկայացուցիչը պահանջում են բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ԼՑԱԿԱՅԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԹԵԹԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ

Դեկտեմբերի 20-ին հրդեհ էր բռնկվել Երեւանի Արցախի փողոցի թիվ 32/3 հասցեում՝ բենզալցակայանի տարածքում:

Ռ. Աբրահամյանին պատկանող բենզալիցքավորման կրպակում այրվել են 50 լիտրանոց դիզվառելիքի եւ յուղի տարաներ:

Հրդեհի հետեւանքով ձեռքի թեթեւ այրվածքներ է ստացել բենզալիցքավորման կրպակի աշխատակից Սամվել Աբրահամյանը:

ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թ. կատարված աշխատանքները եւ 2011 թ. աշխատանքային պլանը:

ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսեւորում նույնքան պատրաստակամություն եւ վճռականություն:

Կարեւորելով գերիներին ու անհայտ կորածներին վերադարձնելու աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ հանձնաժողովի անդամները նշել են, որ Մանվել Սարիբեկյանի նկատմամբ ադրբեջանական կողմի կիրառված խոշտանգումները, ինչպես նաեւ Արթուր Բադալյանի գերության մեջ գտնվելը մեկուկես տարի ուշացումով հաստատելը վկայում են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել