Երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամփոփելով անցնող տարին, ներկայացրեց նախարարության իրավասության տակ գտնվող ոլորտներում տիրող իրավիճակը: Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, նախարարն ասաց, որ այս տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 6,5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 5,678 մլրդի փոխարեն, այսինքն՝ գրեթե 15%-ով ավելի: Այս աճը նախարարը պայմանավորեց երկրում փոքր հիդրոէլեկտրակայանների թվի աճով: Ներկայումս մեր հանրապետությունում գործում է մոտ 70 փոքր ՀԷԿ:
Սակայն գազի սպառումն է նվազել եւ դեռ նվազելու է՝ կապված գազի սակագների բարձրացման հետ: Ըստ նախարարի՝ ցրտերն ընկնելուն պես ավելի պարզ կդառնա, թե որքանով են մեր սպառողները նվազեցնելու գազի սպառումը, սակայն ենթադրեց, որ դա կկազմի մոտ 20%:
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին՝ նախարարն ասաց, որ այս տարի արդյունահանվել է 18,7 մլն տոննա հանքաքար՝ նախորդ տարվա համեմատ 16%-ով ավելի: Արտադրվել է 116 464 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա համեմատ 32,6%-ով ավելի է: Արտադրվել է 8893 հազար տոննա մոլիբդեն՝ 2009թ.-ի համեմատ աճը կազմել է 0,2%, իսկ բազմամետաղային խտանյութերի արտադրությունը գերազանցում է շուրջ 198%-ով, ցինկի խտանյութը՝ 221%-ով: Ընդհանուր առմամբ, դրամային տեսքով հանրապետությունում արտադրվել է 140 մլրդ դրամի խտանյութ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 59%-ով: Թեեւ 2009-ի համեմատ քիմիական ոլորտն էլ է մի փոքր աճ գրանցել՝ այս տարի արտադրվել է 8,7%-ով ավելի արտադրանք, սակայն այս ոլորտում իրավիճակը դեռ բավարար չէ: Պատճառը «Նաիրիտն» է: Սակայն ներկայումս, երբ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի պարտքն ամբողջությամբ մարվել է, քննարկվում է գործարանի վերագործարկման ծրագիրը: Նախարարը խոստացավ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն այդ խնդիրը կլուծվի. «Նաիրիտը» պետք է աշխատի»,- եզրափակեց նախարարը:
Բնագավառում նախորդ տարվա կարեւորագույն ձեռքբերումներն, ըստ նախարարի, մի քանիսն էին. Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործումը, «Սկադա» համակարգի ներդրումը, ատոմակայանի պլանային վերանորոգման աշխատանքները եւ գործնական փուլ մտած Իրան-Հայաստան 400 կվտ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի եւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:
Եկող տարվա առաջին կիսամյակում կավարտվեն Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի վերականգնման աշխատանքները, բացի այդ՝ նոր ատոմակայանի կառուցման տեսլականը ամբողջացնելու նպատակով եկող տարվա մարտ ամսին նախատեսվում է մեծ կոնֆերանս՝ հնարավոր բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: