Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԽԵՂՃ ՄԱՐԴ ՉԵՄ»

Դեկտեմբեր 22,2010 00:00

«Առավոտի» դեկտեմբերի 15-ի համարում «74-ամյա մի խեղճ մարդ աճուրդով օբյե՞կտ է գնել» վերնագրով նյութ էինք տպագրել, որտեղ գործարար Ասլան Դիլբարյանը բողոքում էր, որ Լենինգրադյան փողոցում 251 քմ մակերեսով իր օբյեկտը գրավ է դրել բանկում ու բանկային ինչ-ինչ խաղերից հետո կորցրել է այն՝ մի պատահական օր պարզելով, որ այդ տարածքը բանկը աճուրդով վաճառել է: Ա. Դիլբարյանը պարզել է, որ գնորդը 74-ամյա Բաբկեն Թադեւոսյանն է, որը կոմունալ վճարումներն էլ ժամանակին չի կատարում եւ չէր կարող 38 մլն դրամով 800 մլն դրամանոց օբյեկտ գնել: Երեկ խմբագրություն էր եկել Բաբկեն Թադեւոսյանը՝ ապացուցելու, որ ինքը, ճիշտ է, 74 տարեկան է, բայց բնավ էլ «խեղճ» չէ, ինչպես իրեն ներկայացրել է Ասլան Դիլբարյանը. «Ես Իրաքում, Իրանում, Հնդկաստանում, մի շարք երկրներում եմ եղել, անձնագրումս արդեն տեղ չկա, «Կոնցեռն էներգոմաշ» ՓԲԸ-ի տնօրենն եմ՝ 5 եվրոպական երկրների ներկայացուցիչ: Իմ ընկերությունը բժշկական սարքավորումներ է ներկրում, ես ձեռներեցությամբ եմ զբաղվում, ես մետրոյի դիմաց նստած «բոմժ» չեմ, ավելին՝ իմ ստացած շահույթով կարող եմ գնել Ասլան Դիլբարյանի ոչ միայն օբյեկտը, այլեւ ողջ տուն-տեղը, դրա համար շատ վիրավորված եմ, որ ինձ թերթում խեղճի տեղ է դրել»: Բ. Թադեւոսյանը բերել էր նաեւ աճուրդի այն հայտարարությունը, որը միամիտ տեսնելով՝ գնացել, մասնակցել ու հաղթող է ճանաչվել. «Ես իմ ընկերության մի տարվա շահույթն եմ վճարել եւ բոլոր օրինական փաստաթղթերն ունեմ, բանկի հետ գործարքների մեջ չեմ մտել, ինչպես կասկածում է Դիլբարյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել