Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԳՈՎ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵՑ ՊԱՅԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.50-ին, Արագածոտնի մարզի Օրգով գյուղի բնակիչ 59-ամյա Սիրազնիկ Ժորժիկի Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Աշտարակի բաժին եւ հայտնել, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում տան բակում կայանված իրեն սպասարկող ծառայողական «ԳԱԶ 3110» մակնիշի 162 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա սպիտակ գույնի տարայով ինչ-որ կասկածելի սարք է դրված: Գյուղ ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ սպիտակ տարայով իրը պայթուցիկ սարք է, եւ այն վնասազերծելու համար գյուղ են հրավիրվել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի եւ ԱԱԾ օպերատիվ հետախուզության ծառայության աշխատակիցները: Պայթուցիկը տեղում վնասազերծվել է եւ նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, կրելը) հատկանիշներով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական աշխատանքների արդյունքում պարզվում է, որ իր կողմից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքը Ս. Հովսեփյանի ավտոմեքենայում է տեղադրել նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Սեւակ Թաթուլի Հովհաննիսյանը։ «Առավոտի» տեղեկություններով, Ս. Հովհաննիսյանը, ում հայրը նախկինում եղել է Օրգովի գյուղապետ, վերջին գյուղապետի երկու ընտրությունների ժամանակ պարտվել է իր հիմնական մրցակցին՝ ներկայիս գյուղապետին, որը խնամիական կապեր ունի Ս. Հովսեփյանի հետ։ Եվ քանի որ Հովսեփյանը աշխատում է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես տարածքային կառավարման վարչության պետ, ապա Սեւակը կարծել է, թե նա ընտրությունների ժամանակ օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ու լծակները։

Երեկ քննչական մարմինը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Ս. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը։ Դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել է քննիչի միջնորդությունը։ Ս. Հովհաննիսյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել