Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՀՈՒՄ Է ԱՅՆ ՈՒԺԸ, ՈՐՆ ԱՆԿԵՂԾ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"«Առավոտին» տված հարցազրույցում վստահություն հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը

– Սկսենք ամենակարեւոր հարցից: Իշխանության գալու դեպքում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում լինելու է ավելի կո՞շտ, թե՞ ավելի փափուկ կամ կառուցողական:

– Նախ եկեք տարբերենք Կոնգրեսի դերը որպես ընդդիմություն եւ որպես իշխանություն: Իշխանությունն ունի մի կարեւոր առավելություն՝ տիրապետում է ամբողջական ինֆորմացիային: Կոնգրեսն իր դիրքորոշումը կարող է ավելի մանրամասն ձեւակերպել այն ժամանակ, երբ տիրապետի ե՛ւ հետախուզական տվյալների, ե՛ւ դիվանագիտական շփումների, դիրքորոշումների ու փաստաթղթերի ամբողջությանը:

Բացի այդ, ընդդիմության եւ իշխանության գործառույթն է տարբերվում: Այսօր մենք ընդդիմություն ենք, եւ լուրջ քաղաքական ընդդիմության դերը պետք է լինի հետեւյալը. այնպիսի դիմադրություն կազմակերպել անբարենպաստ լուծումներին հակադրվելու նպատակով, որը լինի մաքսիմալ արդյունավետ եւ թույլ տա բանակցությունների սեղանին դրված առաջարկները դարձնել հնարավորինս հայանպաստ:

Կոնգրեսում կան ուժեր, որոնք ընդհանրապես համարում են, որ որեւէ փոխզիջում չպետք է լինի, եւ ուղղակի պետք է սառեցված պահել ներկա իրավիճակը՝ ինչքան դա հնարավոր է, եւ դա նորմալ է: Ոչ միայն Կոնգրեսում, այլ նաեւ ընդհանրապես հասարակության մեջ պետք է ներկայացված լինի այդ սպեկտրը, այսպես կոչված՝ «ոչ մի թիզ հողի կուսակցությունը», որովհետեւ դա ապահովում է, այսպես ասեմ, Հայաստանի դիմադրողականությունը եւ բանակցային դաշտում մանեւրելու հնարավորությունը: Պետք է հասկանալ, սակայն, որ եթե մենք ցանկանում ենք ապահովել իսկապես արդյունավետ դիմադրություն, այնպես որ՝ հայ ժողովրդի վզին չփաթաթվեն ոչ բարենպաստ լուծումներ, ուրեմն՝ միայն «ոչ մի թիզ հող կուսակցության» առկայությունը չափազանց քիչ է:

Կարեւոր է միջազգային հանրության հետ խոսել նրա համար առավել ընկալելի լեզվով: Օրինակ, բացարձակ սխալ է միջազգային հանրության հետ խոսելիս՝ արդարացնել որոշ տարածքների վրա հաստատված վերահսկողությունը՝ հայտարարելով դրանք պատմական տարածքներ: Դա, անկախ նրանից՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, ետ-Պոթսդամյան ժամանակակից միջազգային դիվանագիտության մեջ համարվում է ամենադեստրուկտիվ եւ մերժելի արգումենտը: Ժամանակակից աշխարհը նման լեքսիկոն չի ընդունում: Ոչ ոք այսօր չի ների, օրինակ, որեւէ լուրջ գերմանական քաղաքական ուժի պնդումները, որ Կալինինգրադը Գերմանիայի պատմական Արեւելյան Պրուսիայի Քյոնիգսբերգ տարածքն է, եւ ոչ մի լուրջ հունական ուժ երբեք չի խոսի Ստամբուլի՝ որպես պատմական հելլենական տարածքի վերադարձի մասին: Նրանք, ովքեր փորձում են միջազգային հանրության հետ խոսել պատմական տարածքի փաստարկով, ցավոք, նպաստում են, որ միջազգային հանրությունը հայերին որակի ագրեսոր, օկուպանտ կամ անգամ ֆաշիստ եւ ռեւանշիստ: Միջազգային հանրության հետ պետք է խոսել բոլորովին այլ լեզվով: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այն գործողությունները, որոնք իրականացվեցին 1993 թվականին, ուղղված էին բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ գոյության ապահովմանը, որովհետեւ այդ լեզուն միջազգային հանրությունը ընդունում է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման պլանի վերաբերյալ մեր դիրքորոշումներին, այստեղ շատ կարեւոր է ներկայացնել այնպիսի դրույթներ, որոնք աշխարհը կընդունի որպես լուրջ այլընտրանք եւ լուրջ առարկություն՝ այսօր բանակցությունների սեղանին դրված պլանին: Ցանկացած փոխզիջում մերժելու դեպքում ընդդիմությունը կընկալվի որպես ծայրահեղական, մարգինալ, անպատասխանատու նացիոնալիստական մի ուժ, որն ընդհանրապես ոչ մի ալտերնատիվ չի ներկայացնում, ուստի արժանի է անտեսման: Մինչդեռ եթե ներկայացվում են լուրջ հակափաստարկներ, որոնք ցույց են տալիս, որ բանակցության սեղանին դրված լուծումը ունի բարելավման կարիք, դա արդեն թույլ է տալիս աշխարհի հզորների հետ մտնել երկխոսության մեջ եւ բանակցել ավելի լավ լուծման շուրջ:

– Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Կոնգրեսը իշխանության գալու դեպքում ավելի կառուցողական դիրքորոշում է ունենալու, քան այսօրվա իշխանությունները:

– Այն լինելու է ավելի կառուցողական նախեւառաջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերի ապահովման տեսակետից: Տեսեք՝ այսօր ինչ է կատարվում: Սերժ Սարգսյանը, Աստանայում ստորագրելով հնգակողմ հայտարարությունը, պարտավորվել է լուծել Ղարաբաղի խնդիրը մասնավորապես Մուսկոկայի հայտարարության հիման վրա: Իսկ ի՞նչ է նշանակում Մուսկոկայի հայտարարություն կոչվածը: Ըստ այդմ, հայկական ուժերը պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղը շրջապատող «օկուպացված» տարածքներից, այսինքն՝ 7 շրջաններից: Եվ այսօր Աստանայում Սերժ Սարգսյանն իր համաձայնությունն է տվել նման պլանի:

Բնական է, սա մենք չենք ընդունում եւ դրա դեմ փաստարկներ ենք բերում: Փաստարկներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չի կարող ապահովված լինել, եթե չի գործում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող մի տարածք, որը կապում է Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Սա չի նշանակում, որ մենք արդեն գծում ենք փոխզիջման մեր պատկերացրած տարբերակը: Լինելով ընդդիմություն՝ Կոնգրեսը բացարձակապես չպետք է հանդես գա կարգավորման որեւէ ալտերնատիվ ծրագրով: Մեր դերն այլ է. մենք չպետք է ներկայացնենք, թե Կոնգրեսը ինչին է համաձայն, այլ մենք պետք է ներկայացնենք այն, ինչին մենք համաձայն չենք: Եվ ահա այդ անհամաձայնությունը ներկայացնելու համար մենք պետք է բերենք հզոր արգումենտներ, որոնք ընկալելի են միջազգային հանրության համար, ինչը եւ մենք անում ենք: Մենք ասում ենք, որ մեզ համար անընդունելի է միջազգային վերահսկողության տակ գտնվող Լաչինի նեղ միջանցքը անհստակ կարգավիճակով, մեզ համար անընդունելի է, որ հանրաքվեի պայմանները եւ ժամկետները հստակեցված չեն: Օրինակ՝ ինչպե՞ս է ձեւակերպվելու հանրաքվեի հարցը, ովքե՞ր են քվեարկելու, ինչպե՞ս են հաշվարկվելու ձայները, ո՞վ է, ի վերջո, ամփոփելու այդ հանրաքվեի արդյունքները, որո՞նք են լինելու դրա իրավական հետեւանքները: Եթե այս բոլոր հարցերը չեն ճշտվում, ուրեմն հանրաքվեի կամ կամարտահայտման մասին խոսակցությունները պրոֆանացիա են:

– Սերժ Սարգսյանն այսօր շատ ավելի թույլ եւ շատ ավելի պարտվողական դիրքերից է խոսում, եւ Ադրբեջանը, միեւնույն է, զիջումների չի գնում, չի՞ նշանակում դա, արդյոք, որ եթե Կոնգրեսն իշխանության գա եւ ավելի կոշտացնի հայկական կողմի դիրքորոշումը, բանակցություններն ընդհանրապես կսառեցվեն:

– Չէ, ես այդպես չէի ասի, պարադոքսալ կերպով կլինի ճիշտ հակառակը: Խնդիրը հիմա այն է, որ Հայաստանը գնալով թուլանում է, եւ վերանում է ռազմաքաղաքական այն բալանսը, որը գոյություն ուներ 90-ական թթ.: Հայաստանը տարեկան 400 միլիոն դոլարի ռազմական ծախսեր է անում, մինչդեռ Ադրբեջանը տարեկան 2 միլիարդի է հասցրել ռազմական ծախսերը, եւ ընդհանուր մարդկային եւ տնտեսական ռեսուրսներով Ադրբեջանը Հայաստանից առաջ է ընկնում: Ադրբեջանի բնակչությունն արագորեն աճում է՝ հասնելով արդեն 8 թե 9 միլիոնի, իսկ Հայաստանում արտագաղթը շարունակվում է: Դա նշանակում է, որ մենք այսօր ռազմաքաղաքական մրցակցության մեջ պարտվում ենք: Եթե այդ է դեպքերի զարգացման տրամաբանությունը, ապա իսկապես ինչքան շուտ Հայաստանը համաձայնի խաղաղության որեւէ պլանի, այնքան ավելի լավ: Բայց մենք հենց այդ լոգիկան ենք ցանկանում կոտրել, մենք ցանկանում ենք Հայաստանում իրականացնել ժողովրդավարական թավշյա մի հեղափոխություն, որը կարձակի հայ ժողովրդի պոտենցիալը, կարձակի նրա ստեղծագործ ոգին, կստեղծի նպաստավոր պայմաններ տնտեսության զարգացման, մրցակցության հաստատման եւ Հայաստանի ու Ղարաբաղի հզորացման համար: Այսինքն՝ թույլ կտա Հայաստանին այսօրվա ծնկաչոք վիճակից կանգնել եւ բանակցությունները վարել շատ ավելի հզոր դիրքերից:

Ադրբեջանի ախորժակները օրեցօր աճում են հենց այն պատճառով, որ այսօրվա դինամիկան՝ Հայաստանի թուլացումն է եւ Ադրբեջանի հզորացումը: Նման վիճակում Ադրբեջանն ընդհանրապես որեւէ մոտիվացիա չունի համաձայնության գալու: Հակառակը՝ տեսնելով, որ 1998 թ. սկսած մինչեւ հիմա բանակցություններում ակնհայտ էվոլյուցիա է կատարվել, որ գնալով ավելի ու ավելի ադրբեջանանպաստ պլան է քննարկվում, Ադրբեջանը ժամանակ է ձգում, որ բանակցությունների սեղանին եղած լուծումը հնարավորինս փոխվի հօգուտ իրեն: Իսկ եթե տեսնեն, որ այս տրամաբանությունն այլեւս չի աշխատում, եթե տեսնեն, որ Հայաստանում ձեւավորվել է մի հզոր ժողովրդավարական իշխանություն, մի նոր հասարակություն, որն ի վիճակի է փոխել այդ դինամիկան, Ադրբեջանն ինքը կզսպի իր ախորժակը, եւ Ադրբեջանի մոտ լուրջ դրդապատճառներ կառաջանան՝ արագ գնալու խաղաղության: Ադրբեջանին պետք է զրկել այն պատրանքից, թե իրենք կարող են Հայաստանին ծնկի բերել:

Իշխանափոխությունը մեզ նաեւ ժամանակ, time-out է տալու, քանի որ ցանկացած նոր իշխանությանը որոշակի ժամանակ են տալիս արտաքին եւ ներքին իրողություններին տիրապետելու համար: Բացի այդ՝ քանի որ ընդդիմությունն է գալիս իշխանության, դա թույլ է տալիս ազատ լինել նախորդ իշխանությունների կաշկանդող ոչ ֆորմալ պայմանավորվածություններից: Քանի որ 2008 թվականին ժառանգական փոփոխություն եղավ՝ Ռոբերտից Սերժ, որը պահպանեց նույն թիմը, Սարգսյանը չէր կարող Քոչարյանի ասածները «ջրել»: Իսկ ընդդիմությունը կարող է: Ի դեպ, հենց դա էր հիմնական պատճառը, թե ինչու աշխարհը հանդուրժեց 2008 թվականի խայտառակ ընտրությունները եւ «մարտի 1»-ը:

– Արդյո՞ք Աստանայում հնչած Սերժ Սարգսյանի ելույթում ներկայացրած նոր շեշտադրումները ի վիճակի չեն ինչ-որ չափով շտկել իրավիճակը:

– Ինչ վերաբերում է Աստանայում Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ապա դրանք ուղղակի պատասխան են մեր քննադատությանը, ընդ որում՝ դեկլարատիվ պատասխան են: Որովհետեւ, եթե նա ցանկանար եւ կարողանար շտկել իրավիճակը, առաջին հերթին պետք է հրաժարվեր ԼՂ-ն բանակցություններում ներկայացնելու այսօրվա իրողությունից եւ, մատնանշելով 1994 թ. Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումները, պնդեր, որ Լեռնային Ղարաբաղը որպես իրավահավասար կողմ մասնակցի բանակցություններին: Դրա համար ընդամենը պետք էր ասել, որ ինքը լիազորված չէ բանակցել Ղարաբաղի անունից: Եվ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է հայտարարեր, որ Հայաստանի իշխանություններին չի լիազորել վարել այդ քաղաքականությունը: Սերժ Սարգսյանը չի կարող անել դա, որովհետեւ անմիջապես կհետեւեն միջազգային սանկցիաներ: Ռոբերտ Քոչարյանը, ապա Սերժ Սարգսյանը, լինելով Ղարաբաղի լիդերներ եւ ղարաբաղյան ծագումով Հայաստանի նախագահներ, գնացել են միջազգային հանրության հետ մի գործարքի, որի իմաստը հետեւյալն է՝ իրենց իշխանությանը միջազգային աջակցության դիմաց նրանք համաձայնել են ոչ ֆորմալ կերպով բանակցություններում ներկայացնել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Դա թույլ տվեց միջազգային հանրությանը օրակարգից հանել այն պրոբլեմները, որ ստեղծում էր Ադրբեջանը՝ չցանկանալով բանակցություններ վարել ԼՂ-ի հետ: Սա մեկ: Երկրորդ՝ միջազգային հանրության սպասելիքն այն է, որ հենց Ղարաբաղի ներկայացուցիչներն են, որ կարող են ինչ-որ բարդ լուծում, այնուամենայնիվ, պարտադրել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի ժողովրդին: Բայց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնելով այդ գործարքին՝ իրականում խարխլել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական դիրքերը: Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղը կորցրել է ազատամարտիկների արյունով ձեռք բեված՝ ռազմաքաղաքական ինքնուրույն սուբյեկտի կարգավիճակը եւ վերածվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «վիճելի տարածքի»: Սա էլ իր հերթին առաջացրել է Հայաստանին «օկուպացիայի» մեջ մեղադրանքների ամրագրումը բազմաթիվ միջազգային փաստաթղթերում:

– ՀԱԿ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հասկանալի է, բայց արդյո՞ք մտավախություն չունեք, որ նման պրագմատիկ մոտեցումը, հնարավոր է, նվազեցնի Կոնգրեսի վարկանիշը՝ հաշվի առնելով, որ այսօր մի շարք քաղաքական ուժեր հանդես են գալիս ավելի «հայրենասիրական դիրքերից»:

– Ես միշտ հավատացել եմ ժողովրդի հավաքական բանականությանը: Կարող է թվալ, թե այս նրբությունները ժողովուրդը լավ չի հասկանում, բայց դա այդպես չէ: Շահում է քաղաքական այն ուժը, որն անկեղծ, բայց նաեւ շատ խորը ներկայացնում է քաղաքական իրողությունները, ներկայացնում է, թե ազգովի ինչ պետք է անել՝ ապահովելու համար ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերը, ցույց է տալիս իր դիվանագիտական ճկունությունը: Ճիշտ է, կգտնվեն ծայրահեղ ազգայնականներ կամ այդպիսիք ձեւացողներ, որոնք կփորձեն մեզ մեղադրել զիջողականության մեջ կամ մեր «պատմական իրավունքներից» հրաժարվելու մեջ: Այդպես է վարվում, օրինակ, Դաշնակցությունը: Բոլոր տեսակի նման ազգայնականներին ես կպատասխանեմ, որ իրենք շատ պրիմիտիվ պատկերացումներ ունեն միջազգային քաղաքականության եւ դիվանագիտության մասին: Նրանք չեն հասկանում, որ եթե անգամ նպատակը նոր տարածքներ ձեռք բերելն է կամ եղածը պահպանելը, պետք է կիրառվեն փոխզիջման մասին հավաստիացումները: Լավագույն օրինակը Իսրայելում ամենաանզիջում դիրքորոշում ունեցող իշխող կուսակցությունն է՝ Բենիամին Նաթանյահուի «Լիքուդը», որը անդադար խոսում է զիջումներ կատարելու իր պատրաստակամության մասին, քանի որ հասկանում է, որ էքսպանսիոնիզմի լավագույն քողածածկույթը խաղաղասիրական բառապաշարն է:

Ընդհանրապես, Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծ պարտությունները կրել ենք այն ժամանակ, երբ հիմնական դերակատարը եղել է ծայրահեղական ազգայնական Դաշնակցությունը, որը իր պատասխանատվությունը այդ պատմական աղետների համար փորձում է այսօր ողորմելիորեն փոխհատուցել ամպագոռգոռ եւ ժամանակակից աշխարհում անհեթեթ որակվող պահանջատիրությամբ: Իսկ եթե ազգայնական ասելով հասկանում ենք նրանց, ովքեր ամենամեծ նպաստն են բերել ազգային շահերը ապահովելու գործում, ապա ինձ համար ամենամեծ ազգայնականը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որի օրոք ոչ միայն ձեռք բերվեց Հայաստանի անկախությունը, այլեւ Հայոց երկիրը մեծացվեց ժառանգած 29 հազար քառակուսի կիլոմետրից մինչեւ 42 հազար քառակուսի կիլոմետր: Եթե ռազմի դաշտում մեր հաղթանակները չուղեկցվեին ճկուն դիվանագիտությամբ եւ խաղաղասիրական նախաձեռնություններով, որոնք շատ հաճախ անհասկանալի էին մեր պրիմիտիվ ազգայնականների համար, մենք այսօր պարտված կլինեինք ղարաբաղյան պատերազմում: Ժողովուրդը շատ լավ հասկանում է այս ամենը: Հենց այդ է պատճառը, որ ծայրահեղ ազգայնականները եղել են եւ կմնան մարգինալ ուժ, որոնք երբեւէ զանգվածային աջակցություն չեն ունենա:

– Ապավինում եք հայ ժողովրդի քաղաքական գիտակցությա՞նը:

– Միանշանակ: Միակ պրոբլեմը ինֆորմացիոն բլոկադան է, որը իշխանությունները, սպանելով ազատ հեռուստատեսությունը, փաթաթել են ժողովրդի վզին: Մեզ զրկում են մեր տեսակետները ներկայացնելու հնարավորությունից, բայց մենք էլ փորձում ենք դա լրացնել հանրահավաքների, տպագիր մամուլի միջոցով: Փորձը ցույց է տալիս, որ մեր գաղափարները այնքան հզոր են, որ անգամ այս տեղեկատվական շրջափակման պայմաններում մենք պահպանում ենք ժողովրդի մեծամասնության աջակցությունը:

– Դուք մի առիթով ասել եք, որ քաղա քական իրավիճակներն արագ փոխվում են, եւ դիրքորոշումները դոգմաներ չեն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում եւս կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ՀԱԿ-ն էլ, իշխանությունն էլ վերանայեն իրենց դիրքորոշումները, թե՞ սա այդ հարցերի ցանկից դուրս է:

– Իհարկե որեւէ քաղաքական դիրքորոշում պետք չէ ընդունել որպես կարծրացած դոգմա: Ամեն ինչ այս աշխարհում փոփոխական է: Ես չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ հակամարտության սառեցման ստրատեգիան դառնա նաեւ մեր հրապարակային դիրքորոշումը: Սա պետք չէ բացառել, որովհետեւ, հնարավոր է, տարածաշրջանում իրավիճակներ փոխվեն եւ նոր քաղաքական իրողություններ առաջանան: Այլ հարց է, որ դրա վրա չի կարելի դնել ամբողջ հույսը, չի կարելի ենթադրյալ զարգացումների վրա կառուցել քաղաքականությունը, հակառակ դեպքում այն դառնում է բախտախաղ, որում որպես դրույք խաղարկվում է ազգի ճակատագիրը: Ավելին, այսօր նման բան չի կարելի ասել, անգամ՝ եթե իրական նպատակը լինի status quo-ի պահպանումը:

Պետք է մեզանից կախված առավելագույնը անենք, որ մեր ազգի առջեւ դրած նպատակները իրագործենք: Քաղաքականության մեջ ամենաաղետաբեր բանը իրողությունից կտրված նկրտումներն են: Բայց նաեւ երբեք չի կարելի բաց թողնել քաղաքական նոր իրավիճակով պայմանավորված հնարավորությունները: Ոչ ոք չէր կարող 1991-1992 թվականներին կանխատեսել, որ շատ շուտով մենք ոչ միայն ազատագրելու ենք Արցախը, այլ նաեւ Լաչինը, Քելբաջարն ու մնացած բոլոր տարածքները: Ոչ ոք այն ժամանակ դա չէր կարող կանխատեսել: Ղարաբաղի ժողովրդի փրկությունը ադրբեջանական ռազմական ագրեսիայից՝ արդեն թվում էր մեծ նպատակ, որի իրագործմանը մենք ձգտում էինք: Բայց մենք այդ դաժան պայքարում հաղթեցինք եւ սպասվածից ավելի մեծ հաջողությունների հասանք: Հիմա ոչ ոք չի կարող բացառել, որ նման բան ապագայում էլ կարող է լինել: Բայց պատասխանատու քաղաքական ուժն իր վարած քաղաքականության մեջ միշտ պետք է հենվի այն իրողությունների եւ զարգացումների վրա, որոնք գոյություն ունեն այս պահին եւ կանխատեսելի ապագայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել