Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՎԱՏՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՂԱՐԿԱԾ ՓՈՂԵՐԸ

Դեկտեմբեր 22,2010 00:00

Դեկտեմբերի 20-ի կեսգիշերին ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Քննչական խմբին Մեղրաձորի Բանավան 2-րդ շենքի 6-րդ բնակարանի 31-ամյա Տաթեւիկ Պողոսյանը պատմում է հետեւյալը. «Մութ էր: Երեխուն էի քնացնում: Մեկ էլ դուռը ծեծեցին: Աղջիկ երեխուս՝ Անահիտին ասի՝ նայի, տես՝ ով ա: Անահիտը նայեց, եկավ ասեց, թե երկու ձյաձյա հարցնում են՝ մեղր կառնե՞ք: Աղջկաս ասեցի՝ ասա՝ չենք ուզում: Աղջիկս իրանց ասեց՝ մաման ասում ա՝ մեղր պետք չի, ինչից հետո իրանք դուռը բրթեցին, երեխուս քցին գետնին ու մտան տուն: Երկու հոգի էին, մորուքով, գլխներին սեւ գլխարկ քաշած: Մեկի ձեռին դանակ կար: Մեկ էլ թե՝ տունն ինչ ունեք-չունեք՝ փող, ոսկի, տվեք: Ես էլ ասեցի, որ ոչինչ էլ չունենք: Սկսեցին տունը տակնուվրա անել, զալի պահարանից վերցրին պայուսակս, որի մեջ ոսկուց 2 մատանի կար, ոսկյա թեւնոց ու ոսկյա անվանատառ: Հետո մտան ննջարան, որտեղ քնած էր մատղաշ երեխես, երեխեքի զգեստապահարանը տակնուվրա արին, շորերի տակից վերցրին 307 000 դրամը ու առանց ձեն հանելու՝ հեռացան»: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ: Դեպքի վայրում քննչական գործողություններ կատարելուց հետո ոստիկանները կնոջն ու երեխային տանում են քննչական բաժին: Այստեղ պարզվում է իրականությունը: «Հանցագործության» բացահայտմանը օգնում է երեխան, որը քննիչի հետ առանձնազրույցի ժամանակ մանկան անկեղծությամբ ասում է, որ «ոչ մի ձյաձյա էլ չի եկել մեր տուն»: Իսկ ինչու է կինը չեղած հանցագործության համար ահազանգել ոստիկանություն: Նույն օրը նախաքննությունը պարզում է, որ Տաթեւիկի ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ եւ ժամանակ առ ժամանակ ընտանիքին գումար է ուղարկում սոցիալական խնդիրների լուծման համար: Դեկտեմբերի 21-ին ամուսինը Ռուսաստանից վերադառնալու էր տուն եւ, բնականաբար, կնոջից հաշիվ էր պահանջելու ուղարկած գումարների արդյունավետ ծախսման վերաբերյալ: Բայց քանի որ կինն այդ գումարները ծախսել էր, հավանաբար, այլ նպատակների համար, ուստի ստիպված հորինել էր այս կեղծ ավազակային հարձակումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել