Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ

Դեկտեմբեր 22,2010 00:00

Վարկածների թվում է  նաեւ վենդետան

\"\"Դեկտեմբերի 19-ի կեսգիշերին Վանաձորի Վարդանանց 43/1 շենքի երրորդ մուտքից հրազենային հինգ կրակոց է արձակվել նույն շենքի 33 բնակարանի բնակիչ, Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Դավիթ Վահանի Օհանյանի ուղղությամբ: Տղան տուն էր վերադառնում գնումներ կատարելուց հետո: Դպրոցական երեխան հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի հատվածում, վնասվել է երեխայի փայծաղն ու երիկամը: Նրան տեղափոխել են, եւ այս պահին էլ նա գտնվում է Վանաձորի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ: Երեկ արդեն Երեւանից բժիշկների բրիգադ է գործուղվել երեխայի առողջական վիճակը հետազոտելու նպատակով: Դեպքից անմիջապես հետո կրակոցների վայր է ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանի եւ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ: Լոռու մարզի ոստիկանության փորձաքրեագետները դեպքի վայրում հայտնաբերել եւ առգրավել են 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, երկու գնդակ: Առավոտյան դեպքի վայրից 120 մետր հեռավորության վրա, Վարդանանց 47/Բ կիսակառույցում, փորձագետները հայտնաբերում են «Մակարով» տեսակի գործարանային համարը ջնջված ատրճանակ եւ 4 փամփուշտ: Հայտնաբերվածը ուղարկվում է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է հետքաբանական, մանրադրոշմային, ձգաբանական փորձաքննություն: Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը) հատկանիշներով: Վանաձորում Դավիթի հարեւանները, որոնք չցանկացան ներկայանալ, պատմեցին, որ դեռ տարիներ առաջ Դավիթի հայրը՝ Վահանը, հրազենով սպանել էր Վանաձորում հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «Թուզ» Գագոյին: Իսկ նրա եղբայրը այս պահին մեկ այլ սպանություն կատարելու համար իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում: Վանաձորցիները պատմում էին, որ հնարավոր է՝ երեխայի վրա կրակողը ցանկացել է վրեժխնդիր լինել նրա հոր եւ եղբոր կողմից կատարված սպանությունների համար: Հարեւանները նկատում էին, որ մահափորձը բացահայտելու գործում իրավապահներին կարող է օգնել երեխայի հայրը… եթե ցանկանա: Իսկ այս ընթացքում օպերատիվ քննչական խումբը աշխատում է մի քանի վարկածի ուղղությամբ: Խոսքը 4-5 վարկածի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել