Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարալեզու դպրոցների վտանգները

Դեկտեմբեր 22,2010 00:00

Այս փաստարկները «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  նախաձեռնությունը տրամադրել էր ԱԺ-ի պատգամավորներին:

Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծը

– հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածին:

– հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների` իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուuումնական հաuտատություններից բացի` այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբերություն բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի` ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն՝ թույլ է տալիս ընտրություն ըստ ընդունակությունների, դպրոցների դեպքում իրավիճակն այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունը` իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օտարալեզու դպրոցների քանակը որեւէ թվով սահմանափակելու դեպքում խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձեւերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:

– հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձեւը նրա թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլ է տալիս այդ առաջատար փորձի անկաշկանդ տարածումն ամբողջ կրթական համակարգով:

– հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որակյալ կրթության ապահովումը բոլորի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմացությունը, կդառնա նրանց բնորոշ հատկանիշ:

– վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ՝ դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արեւմտահայերենի դեպքում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն՝ սփյուռքի երկրներում:

– չի լուծում սույն օրինագծի առջեւ դրա հեղինակի՝ վարչապետի դրած հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին եւ այլն) տիրապետողներ ունենալու հարցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով։ Ըստ պրն Աշոտյանի, հենց այդ միջոցն օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաեւ մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելավելու համար:

– վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը որպես բանակի միասնական լեզվի:

– կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժգին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման:

– կթուլացնի երկիրը՝ բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել