Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԻՄՈՒՄԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"Ամենեւին չի բացառվում, որ գալիք տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվի 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ընդդեմ Հայաստանի Հանրապետության առաջին գործը:

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն գործնական քայլեր է ձեռնարկել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ կալանավորված ու դատապարտված, նախկին քաղբանտարկյալ ու միայն վերջերս «վաղաժամկետ պայմանականով» ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանի գանգատը քննելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, Ազատության հրապարակում հայրենի ուժայինների կողմից կազմակերպված ջարդից անմիջապես հետո: Նա ոստիկանության Կենտրոնական բաժին ե՛ւ բերման ենթարկվելիս, ե՛ւ արդեն բաժնում բռնության էր ենթարկվել: Նրան 5 տարվա ազատազրկման եւ 900 հազար դրամի չափով տուգանքի էին դատապարտել, իբր, «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ ապօրինի կերպով սառը զենք պահելու համար:

Մուշեղ Սաղաթելյանի գանգատը ՄԻ Եվրոպական դատարանում գտնվում է քննարկման նախնական փուլում: Երեկ «Առավոտին» այդ մասին ասաց ՄԻԵԴ-ում Մ. Սաղաթելյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Վերջինիս ասելով, սկսվել է ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարության հետ, այսպես ասած, «հաղորդակցվելու» փուլը. ասել է թե՝ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը Մ. Սաղաթելյանի գանգատի հետ կապված հարցադրումներ է ուղարկել նախ՝ տեղեկացնելու դիմումի առկայության մասին, ապա եւ դրանում եղած հանգամանքների վերաբերյալ կառավարության պարզաբանումները ստանալու նպատակով: Այդ հարցերին կառավարության կողմից պատասխաններ տրվելուց հետո դրանց վերաբերյալ դիրքորոշում եւ առարկություններ ներկայացնելու հնարավորություն ԵԴ-ն կտա նաեւ Սաղաթելյանին եւ նրա փաստաբանին: Այս գրագրությունների փուլն ավարտելուց հետո միայն դիմումատուն՝ Մ. Սաղաթելյանը, հնարավորություն կունենա ներկայացնել բարոյական եւ նյութական վնասի, ինչպես նաեւ ծախսերի եւ ծախքի պահանջի մասին դիմում:

Փաստաբան Վ. Գրիգորյանի մատուցմամբ, ՄԻԵԴ-ում Սաղաթելյանի գանգատի ընդունելիության մասին այս պահին դեռ որոշում կայացված չէ: Միայն ՄԻԵԴ-կառավարություն եւ ՄԻԵԴ- դիմումատու վերոնշյալ հաղորդակցություններից հետո ԵԴ-ն կանդրադառնա գանգատը վարույթ ընդունելու եւ, ըստ էության, քննության հարցին: Այդուհանդերձ, Վ. Գրիգորյանն արձանագրեց, որ «վերջին երկու տարիների ընթացքում, որպես կանոն, գործերի ճնշող մեծամասնության դեպքում ԵԴ-ն դիմումը վարույթ ընդունելու եւ ըստ էության քննելու փուլերը միավորել է: Այսինքն՝ մեկ վճռով են որոշվել ե՛ւ գանգատը վարույթ ընդունելու հարցը, ե՛ւ գործի ելքը»:

Արդյոք այս գրագրությունը նշանակո՞ւմ է, որ Սաղաթելյանի գործը ԵԴ-ն փաստացի համարել է քննարկման ենթակա գործ: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ փաստաբանն ասաց, թե՝ այդուամենայնիվ, քննությունն արդեն սկսվել է. «Դա նշանակում է քննության սկիզբ, այն որեւէ այլ կերպ չի լինում: Դատարանը կառավարությանն առաջադրում է հարցեր, կառավարությունը դրանց պատասխանում է, հետո դրանց առնչությամբ դիմող կողմին է առաջարկում մեկնաբանություններ տրամադրել, հետո առաջարկում է արդարացի փոխհատուցման հայց ներկայացնել, եթե այդպիսիք կան: Հետո միաժամանակ որոշում է ե՛ւ վարույթ ընդունելու, ե՛ւ միաժամանակ իրավունքի ու արդար փոխհատուցման հարցերը»:

Մ. Սաղաթելյանը ՄԻԵԴ-ին ներկայացված իր գանգատում հայտարարել է իր անձնական ազատության, արտահայտվելու, արդար դատավարության, խոշտանգումներից, անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտումների մասին: Այսինքն՝ Սաղաթելյանի նկատմամբ հայրենի իշխանությունները ոտնահարել են Եվրոպական կոնվենցիայի եւ միջազգային իրավունքով երաշխավորված բոլոր հնարավոր սկզբունքները՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածները: Հենց այդ խախտումների շուրջ է, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցադրումներ է արել, ու Վ. Գրիգորյանի ասելով՝ քննությունը ՄԻԵԴ-ում կատարվելու է հենց այդ համատեքստում: Փաստաբանը հարկ համարեց շեշտել. «ՄԻ Եվրոպական դատարանի քարտուղարությունը շատ մանրամասնորեն է ուսումնասիրել ներկայացված գանգատը եւ դրան կից հավելվածներն ու այլ պարզաբանումները: Դա երեւում է հենց դատարանի կողմից կազմված փաստերի շարադրանքի եւ ՀՀ կառավարությանն ուղղված հարցերից: Դա, փաստորեն, կարող է հերքումը լինել նախկինում շրջանառվող այն խոսակցությունների, թե ՄԻԵԴ քարտուղարությունում ինչ-ինչ փաստաթղթեր են կորում եւ այլն: Իրականությունն այն է, որ նման բան բացարձակապես չկա. միանգամայն հակառակն է»:

Մարտիմեկյան դեպքերից ավելի քան երկուսուկես տարի է անցել: Այդ գործերով դատապարտված նախկին եւ ներկա շատ քաղբանտարկյալների գործեր են ուղարկվել ՄԻԵԴ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե մինչ օրս մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ քանի՞ գանգատ է, որ ՄԻԵԴ-ում վարույթ է ընդունվել կամ հասել է ՀՀ կառավարության հետ հաղորդակցությունների փուլին: «Որքան ես գիտեմ՝ 2008թ. մարտի 1-ի գործերից սա առաջին «հաղորդակցված» դիմումն է»,- ասաց Վ. Գրիգորյանը՝ արձանագրելով, որ մարտիմեկյան դեպքերի առնչությամբ Մ. Սաղաթելյանի դիմումն առաջինն է, որ ներկայացվել է ՄԻԵԴ:

Ինքը՝ Մուշեղ Սաղաթելյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե՝ անշուշտ, բավարարված կզգա իրեն, եթե ՄԻ Եվրոպական դատարանը բավարարի իր ներկայացրած գանգատը՝ ոչ միայն այն պատճառով, որ իր նկատմամբ արդարադատության պահանջ ունի, այլեւ՝ արձանագրելու ու ցույց տալու համար, որ «չի կարելի այսքան անմարդկային ու անօրեն վերաբերմունք դրսեւորել մարդու հանդեպ»: «Բարոյական եւ այլ վնասների փոխհատուցումը երկրորդական հարց է: Ես ինձ բավարարված կզգամ, եթե այնտեղ՝ Եվրոպայում, որի կառույցները աստիճանաբար դառնում են ԽՄԿԿ-ի «ցեկա», եվրոպական չինովնիկներն էլ՝ «քաղբյուրոյի» ներկայացուցիչներ, օբյեկտիվ եւ արդարացիորեն գնահատեն Հայաստանում տեղի ունեցածը»,- հայտարարեց Մ. Սաղաթելյանը: Ձեզ համար ցավալի չի՞ լինի, եթե ՄԻԵԴ-ում եւս մի վճիռ կայացվի ընդդեմ Հայաստանի Հանրապետության: «Դա ոչ միայն ցավ է: Ես ամաչում եմ, որ իմ ապրած երկիրը դարձրել են այսքան անօրեն եւ դա արել են այսքան լկտիաբար: Դա է ամոթը»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել