Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԱԿՌԻՎ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 22,2010 00:00

\"\"ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակվի եւ, ըստ ամենայնի, կավարտվի այսօր

Խորհրդարանը արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ երեկ շարունակեց քննարկել «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքների նախագծերը: Քննարկումների ընթացքում պատգամավորների մեծ մասը խոսում էր ամեն ինչից, բացի կոնկրետ առաջարկություններից, դրանց ընդունելի կամ անընդունելի լինելուց: Կարճ ասած՝ երեկ խորհրդարանի դահլիճում ոչ թե կառուցողական քննարկում էր ընթանում, այլ, մաքուր հայերենով ասած, պատգամավորների մեծ մասը «ջուր էր ծեծում», «լեզու էր թափում» եւ լեզվական հաջողված ու անհաջող հնարքներ էր բանեցնում լեզվի շուրջ: Ընդ որում, քննարկումների ժամանակ չմոռացվեցին նաեւ մեծերը՝ Ավիցենայից մինչեւ Շիրակացի, Շիրակացուց մինչեւ Թումանյան, Իսահակյանից մինչեւ Սեւակ եւ Սարոյան։ Ինչպես դիպուկ նկատեց գործընկերուհիներիցս մեկը՝ կարծես խորհրդարան էր վերադարձել գեղամյանականությունը: Հետեւաբար, կանդրադառնանք ոչ բոլոր ելույթներին: Արտահերթ ելույթի իրավունքից օգտվելով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քննարկվող նախագծում տեղ են գտել իր բոլոր առաջարկները. «Կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ այլընտրանքային եւ միջազգային ծրագրերով կրթությունը իրականացվելու է ձեւավորված հայերենի լեզվամտածողության հենքի վրա, անկախ հանրակրթական ծրագրերից եւ ուսումնական հաստատության ձեւից՝ հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը լինելու է պարտադիր եւ պետք է համապատասխանի պետական կրթական չափորոշիչների պահանջներին: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով դպրոցներ, ու պետական միջոցները չեն դրվում այդ ծրագրերի վրա»: ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը նկատեց. «Այստեղ շատ ասվեց, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունը հանվել է, եւ փարատվել են բոլոր մտահոգությունները: Պիտի ասեմ՝ այո, «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը հանվել է, բայց իրականում ոչինչ չի փոխվել, որովհետեւ այդ փոփոխությամբ, իր բովանդակային մասով, պարզապես հղում է արվել «Հանրակրթության մասին» օրենքին: Եվ սա է, որ մտահոգության առիթ է տալիս, եւ չէի ուզենա այս նախադեպը շարունակություն ունենար»: ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը խոստովանեց, որ ինքն ավելի շատ կուզեր խոսել ոչ թե լեզվի մասին, այլ այն փաստի, «երբ կարելի է յոթ օր անընդհատ խոսել եւ նորմալ, կոնկրետ միտք չարտահայտել: Շատ քիչ ելույթներ կապ ունեին քննարկվող հարցի հետ, մենք ուղղակի իզուր ժամանակ ենք վատնում՝ լսելով որոշ մարդկանց»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եզրափակիչ ելույթում անդրադառնալով այն բանին, որ քննարկումների ժամանակ շատ խոսվեց նաեւ աղանդավորությունից, հիշեցրեց, որ շուրջ երկու տարի ԱԺ օրակարգում է աղանդավորության դեմ պայքարի վերաբերյալ փաթեթ, եւ «Ժառանգությունը» միակն է, որ չի ստորագրել այդ փաթեթի տակ, իսկ հիմա խոսում եք ազգային անվտանգության, հոգեւոր արժեքների մասին, ձեզ թվում է՝ բոլորը վատ հիշողությո՞ւն ունեն, ընդհակառակը՝ շատերը ունեն շատ լավ հիշողություն»: Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կարծիքով, քննարկումները հանգեցրել են երկու արդյունքի. «Այստեղ սահմանափակումներ են դրվել եւ օտարալեզու կրթություն ստանալուն ուղղված, կամ ինչպես այլ ձեւով ասվում է՝ միջազգային ծրագրերով գործող հանրակրթական հաստատությունների թվի համար, եւ շեմը իջեցվել է, այն շեմը, թե որ դասարանից սկսած պետք է կրթությունը իրականացվի ոչ թե հայերեն, այլ օտար լեզվով: Արդյոք նպատակը, որ դրված էր այս փաթեթի առաջ, իրականացվե՞ց»: Ըստ ԱԺ նախկին նախագահի, ավելի համոզիչ են վարչապետի ներկայացրած նպատակները. «Դեռեւս սկզբնական քննարկումների ընթացքում վարչապետը հայտարարեց, որ երկու մարդ եկան եւ առաջարկեցին նման ծրագրեր իրականացնել: Մեկը Ռուբեն Վարդանյանն էր եւ Թաիլանդի հայտնի դպրոցի ղեկավարը: Սա է իրական նպատակը»: Ի պատասխան այս մեղադրանքի, նախարար Արմեն Աշոտյանը ասաց. «Վստահ եմ, որ երկուսուկես տարի առաջ այդ նույն գործընկերները մեծագույն հավեսով կգովերգեին այս օրենսդրական նախաձեռնությունը: Չակերտներ չեմ բացում, բոլորիդ համար պարզ է, թե ում մասին է խոսքը»:

Գալուստ Սահակյանը նկատեց. «Կան մարդիկ, որ սղոցում են պատգամավորների ուղեղները, կապ չունի, թե ինչ թեմայի շուրջ են խոսում, միշտ նույն տեքստն է, եթե այդպես շարունակվի, պետք է փոփոխության ենթարկենք ԱԺ Կանոնակարգը, եւ նիստերի դահլիճում ներկա լինի նաեւ հոգեբույժ»: Ավելի ուշ, եզրափակիչ խոսքում հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը իր հերթին հարկ համարեց ներկայացնել օտարալեզու դպրոցի ստեղծման նպատակը եւ մեջբերեց գերմանացի մտածողին. «Առանց օտար լեզու իմանալու չի կարելի պատկերացում կազմել սեփական լեզվի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել