Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆՈՐ ՏԱՐԻՆ»՝ «Jingle Bells»-Ի ՓՈԽԱՐԵՆ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Նախագիծ՝ CD-ի տեսքով

Շուտով մանկապարտեզներում մանուկները տոնածառային հանդեսների ժամանակ «Jingle Bells»-ի փոխարեն կկատարեն Սյուզան Մարգարյանի նոր «Նոր տարի» երգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հենց երգչուհի Սյուզան Մարգարյանը: «Սիրուշո փրոդաքշնի» եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ լույս է տեսել Սյուզան Մարգարյանի ամանորի երգերի նոր՝ «Նոր տարի» հավաքածուն: Օրերս կայացավ ձայնասկավառակի շնորհանդեսը: Եվ ինչպես նշեց երգչուհին, ձայնասկավառակը նվեր է դստեր՝ Սիրուշոյի կողմից՝ «հաճելի անակնկալ ծննդյանս առթիվ»:
Երգերի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Սիրուշոն է: Եվ ինչպես նա է նշում, բոլոր երգերը ծնվել են գրեթե մեկ գիշերվա ընթացքում՝ «որքան էլ դրանք ինձ համար շատ հարազատ երգեր են, բայց որոշեցի այս անգամ իմ ղեկավարության տակ վերցնել միայն պրոդյուսինգը: Քանի որ առջեւում Նոր տարի է, որոշեցի տոնական երգեր գրել, որոնք, կարելի է ասել, կսիրվեն բոլորի կողմից եւ ձայնասկավառակի տեսքով ծննդյան տոնի կապակցությամբ նվիրեցի մայրիկիս: Մեծ հաճույքով եմ պատրաստել CD-ն եւ կարծում եմ, որ այն մարդկանց դրական էմոցիաներ կտա: Այս ձայնասկավառակով ինձ համար Նոր տարին մի փոքր շուտ եկավ, քանի որ լիարժեք ամանորի տրամադրություն էր ողջ CD-ի պատրաստման ընթացքում»:
«Նոր տարի» ձայնասկավառակը բաղկացած  է 7 երգից՝ «Նոր տարի», «Ձմեռ», «Օրորոցային», «Երեւան» եւ այլն: Սիրուշոյի խոսքերով՝ ամեն երգ պարունակում է ամանորի զգացողություններ. «Սա բոլորի համար է՝ կարող են լսել ե՛ւ մեծերը, ե՛ւ փոքրերը: Երգերը Նոր տարվա օրերին մեր ունեցած ապրումների մասին են, թե ինչպես ենք տոնածառ զարդարում, նվերներ ընտրում, Ձմեռ պապին սպասում»:
Ս. Մարգարյանը նշեց. «Ուրախ եմ, որ կան այս երգերը: Տարիներ շարունակ մեզ համար հարազատ էինք դարձրել ամերիկյան Նոր տարուն նվիրված Jingle Bells-ի շարքը: Մեծ ցանկություն ունեմ, որ ձայնասկավառակում ընդգրկված երգերն այսուհետեւ փոխարինեն դրանց եւ մենք երգենք, լսենք հայկական ամանորի երգեր»:
«Սիրուշո փրոդաքշնի» տնօրեն Արեւիկ Ուդումյանի փոխանցմամբ էլ, «Նոր տարի» ձայնասկավառակը հասարակական ծրագիր է. «Բոլոր թատրոններին, դեսպանատներին արդեն տրամադրվել է ձայնասկավառակը: Այսինքն՝ սա ուղղակի հերթական CD-ի չէ, այլ նախագիծ: Առաջիկայում ձայնասկավառակի երգերը նոտայագրված եւ երգերի բառերով տրամադրվելու են հանրապետության բոլոր մանկապարտեզներին եւ դպրոցներին»:
Ս. Մարգարյանն էլ հավելեց. «Հայկական փոփ երաժշտության մեջ ամանորի երգերի հավաքածու ստեղծելու անհրաժեշտությունը վաղուց կար: Աշխարհահռչակ շատ երգիչ-երգչուհիներ ունեն նմանատիպ ալբոմ-հավաքածուներ, որոնք հասարակության կողմից սիրով ընդունվում են: Մեր էստրադայում նման նախագիծ իրականացվում է առաջին անգամ»: Երգերից մեկի՝ «Նոր տարի» երգի հիման վրա արդեն նկարահանվել է տեսահոլովակ: Ա. Ուդումյանը նաեւ նշեց, որ հետագայում բոլոր երգերի հիման վրա կնկարահանվեն տեսահոլովակներ, որոնք եւս կտրամադրվեն մանկապարտեզներին եւ դպրոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել