Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի աշնանային գույները»՝ Երեւանում

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"«Արցախի առավոտը», «Դրմբոնի համայնապատկերը», «Հավերժական Դադիվանք», «Մարտակերտյան հորիզոն». այս եւ Արցախի աշնանային գույները պատկերող 100-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ են ներկայացված Նկարիչների միությունում օրերս բացված ցուցահանդեսում: Այն կազմակերպել են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ «Փյունիկ» հիմնադրամը: Աշխատանքները ստեղծվել են հենց բնության գրկում՝ 1 շաբաթ Ղարաբաղ այցելության ժամանակ: Դրմբոնում, Թարթառի կիրճում, Սարսանգի ջրամբարի ափին շուրջ 10 գեղանկարիչներ հիացել են Արցախի զարմանահրաշ բնությամբ եւ կտավին փոխանցել իրենց ապրածն ու զգացածը:
Հրանտ Թադեւոսյանը (Թաթոս) ցուցահանդեսում արցախյան թեմայով 5 գեղանկար էր ներկայացրել, անհամբեր սպասում է գարնան գալուն, որպեսզի հնարավորություն ունենա նկարել ու ցուցահանդես բացել: «Լիքը լույս է ու հրաշք: Էությանդ մեջ անբացատրելի մի լիցք է հաղորդվում: Երբ եղա Գանձասարում, այնպիսի զգացում էր, կարծես Աղթամարում գտնվեի»,- մեզ հետ զրույցում արցախյան աշխարհից իր տպավորություններն է հայտնում նկարիչը: 23 նկարների հեղինակ Գագիկ Ավետիսյանին էլ հիացրել էին արցախյան գույները, անկեղծանում է՝ դրանցում ե՛ւ կարոտ կա, ե՛ւ հաղթանակ: «Արցախի բնությունը կարոտել է արվեստագետներին»,- կարծում է գեղանկարիչը: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը հայտնեց, որ փառատոնը կլինի համահայաստանյան. «Նկարչական տարբեր խաչմերուկներ ենք ուզում ստեղծել, իսկ արվեստը այն հզոր զենքն է, որը կարող է ներկայացնել Հայաստան աշխարհը, մարդկանց ու բնությունը»: «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Լեւոն Սարգսյանը նշեց, որ «Արցախի աշնանային գույները» խորագրով փառատոնը կլինի շարունակական, արդեն որոշված է՝ 2011-ի ապրիլի 24-ին կայցելեն Դեր-Զոր. «Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին ժամանակակից հայտնի ռուս նկարիչների կհրավիրենք եւ կգործուղենք Արցախ: Մոսկվայում կկազմակերպենք ցուցահանդես, որը, բացի արվեստին նպաստելուց, կարծում եմ, նաեւ քաղաքական տարր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել