Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գործարարները երկարաժամկետ ներդրումների սովոր չեն

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"2010 թվականն ամփոփելու նպատակով հրավիրած մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Քիչ է պատահում, որ մարզական այս կամ այն ոլորտը ղեկավարող անձը պատմի ոչ միայն տվյալ մարզաձեւում ունեցած ձեռքբերումների, այլեւ կազմակերպական հարցերում սեփական բացթողումների եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելուն խանգարող այլ հանգամանքների մասին:
Պարոն Գրիգորյանն անցնող տարին ընդհանուր առմամբ հաջող գնահատեց նրանով, որ ֆեդերացիան ամբողջությամբ իրականացրել է տարվա սկզբին նախանշած ծրագրերը: Ընդ որում, դա հնարավոր եղել է ավելի շատ ֆեդերացիայի հայթայթած լրացուցիչ միջոցների, քան պետական բյուջեից ֆինանսավորման հաշվին: Նախ, անցկացվել են ՀՀ տարբեր տարիքի տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնություններ, որոնց մասնակցեցին Հայաստանի գրեթե բոլոր մարզերը ներկայացնող 20-ից ավելի պատանեկան եւ աղջիկների թիմեր եւ որոնք անցան լարված պայքարում: Դրան հակառակ՝ ֆեդերացիան մեծահասակների առաջնության անցկացումը նպատակահարմար չի համարել, քանի որ դա անիմաստ կլիներ ընդամենը 3-4 թիմերի մասնակցությամբ: Իսկ ահա պատանիների մրցումներն առաջին անգամ կազմակերպվել են փուլային սկզբունքով՝ երկու՝ նախնական եւ երրորդը՝ եզրափակիչ՝ Երեւանի, Վանաձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի թիմերի մասնակցությամբ: «Անցնող տարում մեր միջոցառումներից դուրս մնաց Գյումրին,- ցավով նշեց ֆեդերացիայի նախագահը:- Պատճառները գիտենք: Դրանք են՝ մարզիչների չպարապելը, ինչի համար մտադիր ենք եկող տարի ֆեդերացիայի մարզային կառույցի ամբողջ կազմը փոխել: Տեսնում ենք նաեւ, որ Գյումրիի քաղաքապետարանն էլ չի ցանկանում խաղային մարզաձեւերով զբաղվել, դրա համար էլ աշխատանքներն այդ ուղղությամբ մարել են: Ես արդեն պայմանավորվել եմ Շիրակի մարզպետի հետ: Մոտ ժամանակներս կհանդիպենք ու կմտածենք ամբողջ մարզում հանդբոլի վերականգնման ուղղությամբ աշխատանքները վերականգնելու մասին: Լավ կլինի, որ տեղի մարզիչներն ակտիվանան, նորերը ներգրավվեն: Իսկ անհրաժեշտության դեպքում Երեւանից մասնագետներ կգործուղենք, ինչպես անում ենք մյուս մարզերի համար»:
Սարգիս Գրիգորյանը կարեւորեց հայ հանդբոլիստների մասնակցությունը միջազգային մրցումներին, առանց որի՝ առաջընթաց չի լինի: «Այս մրցաշրջանում հանդես եկանք Եվրոպայի տղաների առաջնությունում, որին մասնակից դարձրինք նաեւ Մարսելում կազմավորված «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» կազմակերպության օժանդակությամբ գտնված ֆրանսահայ մինչեւ 18 տարեկան մարզիկներին: Մեր մասնակցությունը պարտադիր էր եւ այն ցույց տվեց, որ չնայած խաղում էինք շատ ուժեղ թիմերի հետ, կարողացանք նաեւ հաղթանակ տանել, ինչպես մեր աղջիկները՝ Իսրայելում անցկացված «Չելենջ Տրոֆում»: Այստեղ ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը ինձ լուրջ մտահոգում է: Բանն այն է, որ Ֆրանսիայի հայ հանդբոլիստները Հայաստանի դրոշի ներքո հանդես են գալիս մեծ հաճույքով, վարձատրություն չեն պահանջում եւ մի բան էլ իրենք են տրանսպորտի եւ այստեղ մնալու համար գումար ծախսում: Իսկ ահա ռուսաստանաբնակ հայ հանդբոլիստների ու մասնագետների բարձրացրած առաջին հարցը հենց վարձատրությունն է, այն էլ ոչ փոքր գումարների: Այնպիսի տպավորություն կա, որ Եվրոպայի եւ Ռուսաստանի հայերի մեջ հայրենիքի զգացողությունը միանգամայն տարբեր է: Միջազգային մրցումների փորձ կուտակելու առումով կարեւոր դերակատարություն ունեցավ նաեւ Վանաձորում կազմակերպված «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ մեր տղաները տարան երկու հաղթանակ՝ Իրանի եւ Վրաստանի ուժեղ թիմերի նկատմամբ եւ գրավեցին երկրորդ տեղը: Սակայն մենք առաջնային, այնուամենայնիվ, համարում ենք մեր ներքին առաջնությունները, հատկապես՝ պատանիների: Եկող տարի անպայման անցկացնելու ենք նաեւ մեծահասակների առաջնություն, այսպես ասած, մարզային ֆորմատով: Յուրաքանչյուր մարզ, այդ թվում նաեւ Արցախը, որը, ի դեպ, ամենաակտիվ եւ ամենակայացած ակումբներն ունի, անցկացնելու է իր առաջնությունը եւ դրա արդյունքներով կազմավորած հավաքականով կամ հաղթող դարձած եւ լավագույններով ուժեղացված ակումբով նեկայանալու է հանրապետության առաջնություն: Կարծում ենք, այդպես տեղերում մրցակցություն կապահովվի, ինչից կշահի մարզաձեւը»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է հարկավոր անել հանդբոլը մեզանում գոնե մեկ աստիճան բարձրացնելու համար, ֆեդերացիայի նախագահը միանշանակ պատասխանեց. «Գումարներ պետք է ներդնել: Ընդհանրապես, սպորտը երկու մասի կարելի է բաժանել՝ աստղային եւ մասսայական: Առաջինի մասին հիմա ավելի լավ է լռեմ, որովհետեւ այնտեղ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որպեսզի մեր հանդբոլի թիմերը կարողանան մտնել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ, պետք է առաջին հերթին մասսայականությանը զարկ տրվի՝ ստեղծվեն ակումբներ՝ պրոֆեսիոնալ մարզիչներով, մարզիկներով, համապատասխան պայմաններով: Այս դեպքում էլ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Ընդ որում, դա պետք է տարիներ տեւի: Ու էլի դեռ հայտնի չէ, թե ե՞րբ դա կհաջողվի: Պետությունը, հասկանալի է, այդ հնարավորությունը չունի: Մնում են գործարարները: Ասեմ նաեւ, որ հանդբոլը Եվրոպայում նաեւ շատ լուրջ բիզնես է: Իսկ մեր գործարարները մանավանդ խաղային մարզաձեւերում երկարատեւ ներդրումներ անելու մասին չեն մտածում: Նրանց միայն արագ շահույթն է հետաքրքրում՝ որպեսզի համեմատաբար քիչ ներդնեն, բայց արագ եկամուտ ստանան: Դրա համար էլ մեր խնդիրն ընդամենը մարզաձեւը հանրապետությունում պահելն է, որպեսզի սիրեն հանդբոլը, պարապեն, մեկ-մեկ էլ, եթե ստացվի, լավ խաղացող աճի ու կարողանա դուրս գալ միջազգային ասպարեզ»,- եզրափակեց Սարգիս Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել