Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է սկզբնաղբյուրի դերում լինել»

Դեկտեմբեր 21,2010 00:00

Կարծում է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար անցնող տարին մշակութային կյանքի առումով ակտիվ էր, սակայն Արցախում էլ, ինչպես հավանաբար Հայաստանում, մշակութային կյանքը կենտրոնացված է մայրաքաղաքում: Գյուղում կյանքը հետաքրքիր պետք է դարձնել, որպեսզի այդ տարածքներում ապրողներն իրենց բնակավայրը թողնելու ցանկություն չունենան: Գյուղը պետք է ամուր լինի, մշակույթը, կրթությունը՝ մատչելի, որովհետեւ դա ոչ միայն այդտեղ բնակվողների կյանքի իրավունքն է, այլեւ՝ Արցախի համար ռազմավարական նշանակություն ունի»- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Այս տարի իրականացված ծրագրերից նախարարն առանձնացրեց 3 գյուղերում՝ Աստղաշենում, Վանքում եւ Ճարտարում արվեստի դպրոցների բացումը: 4000-ից ավելի բնակիչ ունեցող Ճարտարը Լեռնային Ղարաբաղի ամենամեծ գյուղերից է, որտեղ 1000-ից ավելի երեխաներ մինչ այսօր զրկված են եղել գեղագիտական դաստիարակություն ստանալու հնարավորությունից: Ն. Աղաբալյանը հայտնեց, որ այս տարի ուսումնասիրություններ են կատարել՝ պարզելու, թե որ գյուղում ինչ մշակութային կազմակերպություն կա, մոնիտորինգի արդյունքներով էլ եկող տարի կմշակեն իրենց հետագա քայլերը: Նախարարի խոսքով՝ արդեն հունվարի 1-ից բոլոր շրջկենտրոններում եւ ազատագրված տարածքներում կգործեն մշակույթի եւ երիտասարդության կենտրոններ, քանի որ նախկին ակումբները այլեւս չեն կարող ծառայել իրենց նպատակին: Ըստ նախարարի, այսօր Արցախում մյուս ժանրերից ավելի զարգացած է երաժշտարվեստը, իսկ, օրինակ, թատրոնը ետընթաց է ապրում. ողջ տարվա ընթացքում Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում ընդամենը 2 պրեմիերա է եղել. պատերազմի հետեւանքով խարխուլ վիճակում հայտնված շենքն անմխիթար վիճակում է: Նման պայմաններում ներկայացումները հնարավոր է բեմադրել եւ ցուցադրել միայն տաք եղանակին, որովհետեւ ոչ միայն ջեռուցում չկա, այլեւ շենքը խոնավ է, իսկ վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Չնայած այդ հանգամանքին, նախարարը փաստում է, որ հյուրախաղեր լինելու դեպքում արցախցի հանդիսատեսը ոչ միայն բոլոր նստելատեղերն է զբաղեցնում, այլեւ միջանցքներում հավաքվելով, թատրոնի նկատմամբ իր անհագ կարոտն ու ծարավն արտահայտում: Ն. Աղաբալյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ շատ արցախցի արվեստագետներ, թողնելով հայրենիքը, Հայաստանի մայրաքաղաքում կամ այլ երկրներում են շարունակում իրենց հետագա ստեղծագործական աշխատանքը: «Ղարաբաղում չենք կարող ապահովել արվեստագետի աճի համար զարգացման բոլոր հնարավորությունները: Ես այն կարծիքին եմ, որ մեր երեխաներին կամ արվեստագետներին Արցախում պահելով ոչ մի կերպ չենք նպաստում ո՛չ Արցախի զարգացմանը, ո՛չ էլ ճանաչմանը: Եթե մեր երաժիշտը, երգիչը հասնում է մի մակարդակի, որից այն կողմ չի կարող աճել, իհարկե, պետք է ելք փնտրի «դուրս» գալու: Գուցե հետագայում ինչ-որ բանով օգտակար լինի հայրենիքին կամ վերադառնա եւ Արցախում աշխատի: Ունենք հիանալի երեխաներ, հունվարին փոքրիկ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում պետք է մասնակցի դաշնակահարների միջազգային մրցույթին, ունենք երեխաներ, որոնց համար զարգացման առումով Ղարաբաղը շատ նեղ է: Գալիս են Երեւան, մասնագետների հետ պարապում են, բայց կգա ժամանակ, որ դա էլ չի բավարարի, կարեւորը հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում սերմանելն է: Պետք է այլ սերունդ դաստիարակել: Ներկա սերունդը շատ դժվարություններ, փորձություններ է հաղթահարել՝ համակարգի փլուզում, պատերազմ, այս սերնդից ավելին ակնկալել չենք կարող»,- պատասխանեց նա: Ինչ վերաբերում է Հայաստան-Ղարաբաղ մշակութային կապերին, նախարարը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարության հետ ունեն կնքած համաձայնագիր. «Չնայած համագործակցությունը մինչեւ հիմա էլ կար, բայց այդ համագործակցությունը ճիշտ ուղով տանելու համար պետք է այն կանոնակարգենք»: Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում տեխնոլոգիաների այս դարում տեղեկատվական պատերազմներին դիմագրավելու ուղղությամբ, նախարարը հայտնեց, որ այս դաշտում դրական միտումներ կան: Մայիսի 12-ին իր ղեկավարած գերատեսչությունում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, որի նպատակն է շահագրգիռ երիտասարդներին հնարավորություն տալ ոչ միայն հմտացնել իրենց կարողությունները, այլեւ մասնակցություն ունենալ տեղեկատվական քարոզչության մեջ. «Մենք պետք է կարողանանք սկզբնաղբյուրի դերում լինել, ոչ թե ամեն անգամ փորձենք հակազդել հակառակորդի ասածներին: Եթե Ադրբեջանում բլոգերներին ձերբակալում, բանտ են նստեցնում, մենք բլոգերներին խրախուսում ենք, ավելի գրագետ դառնալու հնարավորություն տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել