Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականությունը զուգարան չէ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Կամ «Ինքնագիր-6»-ի մասին

Երկու տարվա ընդմիջումից հետո «Ինքնագիր» հանդեսը կրկին վերատպվեց: Եվ ինչպես խմբագիրներն էին ակնկալում ու հայտարարում շնորհանդեսի ժամանակ, «Ինքնագիր-6»-ը նույնքան սկանդալային էր, որքան նախորդ համարները: Առանձին հեղինակների գործեր իսկապես ինքնատիպ էին եւ հեռու ՀԳՄ անդամների «արտադրած» հիմնականում գազոնային գրականությունից: Բայց մյուս կողմից էլ «Ինքնագիրը» մեկ ուրիշ ծայրահեղության մեջ էր ընկել՝ ինչքան շատ հայհոյանք ու նատուրալիզմ՝ բոլոր նողկալի մանրամասնություններով, այնքան՝ լավ: Հասկացանք, որ գրականության լեզուն միայն գրական հայերենը չէ, բայց չէ՞ որ գրականությունը արտաքնոց չէ: «Ինքնագրի» այս համարի որոշ հեղինակների գրականությունը ուղղակի զուգարանային էր, ոմանց տաղանդը հերիքել էր այնքան, որ իրենց օրգանիզմի նյութափոխանակության մասին էին ստեղծագործել, մեջբերումներ չենք անի նրանց «գլուխգործոցներից»՝ հայհոյանքները չտիրաժավորելու համար: Ոմանց գործերը հետաքրքիր էին, դրանց թվում էին Արամ Պաչյանը, Վահե Բուդումյանը, Արմեն Օհանյանը, Հասմիկ Սիմոնյանը, Դօրիանը: Վերջինիս «Սատանան մայրամուտին» գործը կարդացվում էր մի շնչով, ափսոս, որ հեղինակը գովազդում էր, թե ի՜նչ լավ է նույնասեռական լինելը: Ինքն իրեն չէր դավաճանել Վահան Իշխանյանը: Նրա «Մայրական կաթ» գործում անգամ դիակամոլության դրսեւորումներ կային. հերոսը իր տենչած աղջկա դին հանում-տանում է ննջարան եւ երեք օր կենակցում հետը: Այս եւ այլնի մասին գրող, «Ընկճախտ լրագրությունը թողած ու դեռ թոշակի չանցած» Վահան Իշխանյանը որոշ պարզաբանումներ է տալիս, օրինակ, այն մասին, որ «ք…ելը ընդամենը միջոց է ներկայացնելու համար, թե ինչպես են լրագրողները շահագործում մարդկանց աղքատությունը»: Նաեւ հիացած պատմում է, որ «կրել» է Արտբրիջի կազմակերպած գրքի տոնավաճառում ու հեգնում՝ լավ է, Վիոլետի Պարսկաստանից եկած փերեցի բարեկամը կարդալով իր «խուժան բաներ» պարունակող գիրքը, Վարդգես Գասպարի պես լեւոնական շարժմանը՝ ընդդեմ այս գրական բեսպրեդելի: Գրական աղտեղություններ էլ կային «Ինքնագիր 6-ում», կիսագրագետ, ժարգոնախառը, երեկ չէ մյուս օրը դեռ լրագրող աշխատած, իսկ այսօր՝ նոր ոճի «պոետների» «թողարկած»…
«Ինքնագրի» նոր համարում զետեղված էր նաեւ Տիգրան Մանսուրյանի հոյակապ հարցազրույցը The Independent եւ The Guardian թերթերի թղթակից Մայքլ Չըրչին, որն արվել էր Կոմիտասին նվիրված նրա աշխատության մեջ ընդգրկելու համար: Հայերեն հարցազրույցը «Ինքնագրին» տրամադրել է Մանսուրյանը: Հրաշալի այս հարցազրույցը, սակայն, ոչ մի կապ չուներ հանդեսի տրամաբանության հետ, եւ հարց էր առաջացնում՝ ո՞նց էլ տպագրել էին, ախր մեջը ոչ հայհոյանք կա, ոչ գռեհկաբանություն:
Հետաքրքիր էր նաեւ Գեւորգ Էմին-Տերյանի ներկայացրած՝ Տերյանի թաքնված նամակագրական ժառանգությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել