Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

50 ՏԱՐԻ՝ ՆՈՒՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԵՏ

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Հովհաննես Չեքիջյանը գինեսյան չափանիշներով ռեկորդակիր է

1960-ականների սկզբներին Մարտիրոս Սարյանը, լսելով Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգը, որտեղ դիրիժորական վահանակի մոտ կանգնած էր պոլսահայ երիտասարդ Հովհաննես Չեքիջյանը, ոգեւորված ասել է. «Այս տղայի ձեռքերից մեղեդիներ են կաթում»: Իսկ երբ Գրիգոր Խանջյանը ձեւավորում էր նույն երգչախմբի ազդագիրը, օգտագործեց Հերբերտ ֆոն Կարայանի ձեռքերի պատկերը, նշելով, որ Չեքիջյանի յուրաքանչյուր մատը, ինչպես ֆոն Կարայանի պարագայում, ի զորու է «խոսեցնել» երգչախմբին…
Հովհ. Չեքիջյանը, 1961թ. հայրենադարձվելով Հայաստան, որոշ ժամանակ անց ստանձնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, կարծես մոռացնել տալով բոլոր այն 17 խմբավարներին, ովքեր իրենից առաջ աշխատել էին այստեղ: Սկսվեց չեքիջյանական դարաշրջանը, որն արդեն 50 տարի հիացնում ու զարմացնում է ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա հանդիսականին: Կարճ ժամանակ անց մեծանուն դիրիժոր Եվգենի Մրավինսկին Հայաստանի երգի դեսպան անվանեց Չեքիջյանի երգչախումբը, իսկ մաեստրոյին՝ համաշխարհային երգչախմբային արվեստի բոլոր ժամանակների մեծություններից մեկը:
Մեզ համար Չեքիջյանը «սովորական» մեծություն է: Ապրում է հոգսերով, մտահոգություններով, անհանգստություններով, սակայն այդ ամենի մասին, ինչպես ինքն է վստահեցնում, չի սիրում բարձրաձայնել, այլ ինքնուրույն լուծում է շատ ու շատ հարցեր: Մշակույթի 17 նախարարի հետ է աշխատել մաեստրոն, ասում է՝ «Երբեք որեւէ մեկին չեմ դիմել՝ երգչախմբի հոգսերը հոգալու նպատակով, թեպետ գիտեի, որ չեն մերժի, բայց իմ բնությունն է այդպիսին՝ չդիմել, չպահանջել…»: Թե որքանով է ճիշտ վարվել մաեստրոն՝ դժվար է ասել, մանավանդ որ, այս երգչախումբը իսկապես ազգային արժեք է ու հատկապես հիմա՝ տնտեսական ու մշակութային վայրիվերումների պայմաններում, հոգածության կարիք ունի: Աշխարհի շատ երկրներում, ամենանշանավոր դահլիճներում է հանդես եկել երգչախումբը, սակայն այսօր էլ կյանքի 8-րդ տասնամյակը բոլորած նահապետը երազանք ունի՝ ակադեմիական երգչախմբի միջոցով Հարավային Ամերիկայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի ունկնդրին էլ ծանոթացնել մեր գանձերին: Գուցե երկրի ղեկավար այրերը, մշակույթի կառավարիչները կամ էլ բարեգործները իրականությո՞ւն դարձնեն մեծ խմբավարի մուրազը, չէ՞ որ այս դեպքում այն անանձնական է:
Մաեստրոն այսօր ապրում է 107-ամյա մոր եւ երգչախմբի հետ. սա չեքիջյանական երջանկության բանաձեւն է: Երիտասարդ տարիներին մի «թուլություն» է ունեցել. շատ է սիրել թղթախաղը: Թեեւ ասում է, որ «թղթերը ընդամենը միջոցներ են, մոտենում եմ դրանց գիտականորեն ու աճպարարություն անում: Գիտական հենքի վրա սիրում եմ նաեւ հանելուկներ առաջարկել…»:
Չեքիջյանի մասին գրվել է 6 գիրք, բազմաթիվ հոդվածներ ու մենք հազիվ թե ինչ-որ բան ավելացնենք նրա դիմանկարին: «Առավոտի» նպատակն է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մաեստրոն Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ սկսում է կեսդարյա հոբելյանական համերգաշրջան: Այն տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հունվարի 22-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Գինեսի գրքում գուցե իսկապես տեղ գտնի այս փաստը, որովհետեւ աշխարհում չես գտնի մի խմբավարի, որը 50 տարի ղեկավարում է նույն երգչախումբը: Հուսանք, որ այս կարեւորագույն իրադարձությունը կնշվի հավուր պատշաճի՝ բարձր հովանու ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել