Երկուշաբթի օրը բրիտանական ոստիկանությունը Մեծ Բրիտանիայի երեք քաղաքներում ձերբակալել է 12 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական ակտեր իրականացնելու մտադրություն ունենալու մեջ: The Daily Telegraph-ի փոխանցմամբ, ոստիկանությունը տվյալներ է ունեցել, որ ահաբեկիչները երկրի տարբեր տեղերում պայթյունների շարք են ծրագրել: Բրիտանական ոստիկանությունը խուզարկություններ է կատարել ձերբակալվածների տներում, նաեւ՝ Լոնդոնի եւ Բիրմինգհեմի այլ հասցեներում:
Բոլոր ձերբակալվածները կասկածվում են Մեծ Բրիտանիայի տարածքում ահաբեկչական ակտեր կազմակերպելու, նախապատրաստելու կամ դրան դրդելու մեջ: Կասկածյալները 17-28 տարեկան անձինք են, նրանց ձերբակալել են ոստիկանության անզեն աշխատակիցներ: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվել, ոչինչ չի ասվում նաեւ նրանց ազգության ու կրոնական դավանանքի մասին: Փոխարենը շեշտվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է Ծննդյան տոների ժամանակ ահաբեկչական ակտեր իրականացնել:
Հակաահաբեկչական այդ լայնածավալ գործողությունը ծրագրված է եղել նախապես, կասկածյալները երկար ժամանակ գտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: