Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԻ «ԲԱՏԿԱՆ» ԻՐ ԱԹՈՌԸ ՉԶԻՋԵՑ

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Կիրակի օրը Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո 1994թ.-ից երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 79.67 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում ընդդիմադիր թեկնածու Անդրեյ Սաննիկովն է՝ քվեների 2.56 տոկոսով: Երրորդ տեղը զբաղեցրել է Յարոսլավ Ռոմանչուկը՝ 1.97 տոկոս: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Բելառուսական ընդդիմությունը հայտարարում է զանգվածային ընտրակեղծիքների մասին: BBC-ի մատուցմամբ, ընդդիմությունն ու «Հանուն 2010թ. արդար ընտրությունների» ազգային շարժումը պահանջել են ընտրություններն անվավեր ճանաչել՝ մատնանշելով դրանց ընթացքում տեղ գտած կեղծիքներն ու օրինախախտումները:
Կիրակի օրը Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները մայրաքաղաք Մինսկում, որոնք ավարտվել են բախումներով ու հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալություններով:
56-ամյա Լուկաշենկոն, ով 9 մրցակիցների հետ պայքարում պատրաստվում է չորրորդ անգամ վերընտրվել, արձագանքել էր, թե իրավապահները չարտոնված հավաք չեն հանդուրժի եւ կոշտ քայլերով դրանք կկանխեն: Այդուհանդերձ, ընդդիմության հազարավոր աջակիցներ կիրակի երեկոյան շարժվել են դեպի Օկտյաբրսկայա եւ Անկախության հրապարակներ, որտեղ արդեն տեղակայված են եղել ոստիկանների հատուկ ջոկատներ:
Իրավապահները՝ կիրառելով մահակներ եւ ձայնային նռնակներ, հարձակվել են ցուցարարների վրա: Բախման ընթացքում վնասվածքներ են ստացել նախագահության թեկնածուներ Վլադիմիր Նեկլյաեւը եւ Վիտալի Ռիմաշեւսկին: Նեկլյաեւին գանգուղեղի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է մնալ այնտեղ: Վնասվածքներ են ստացել տասնյակ ցուցարարներ, ինչպես նաեւ բախումների էպիկենտրոնում հայտնված մի քանի լրագրող:
«Ազատություն» ռ/կ թղթակից Ջամի Քիրչնիկի փոխանցմամբ, բողոքի ակցիաներին մասնակցել է 5-10 հազար մարդ: Օկտյաբրսկայա հրապարակից ցուցարարները շարժվել են դեպի կառավարական շենքերը: Նրանք փորձել են ներխուժել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ջարդուփշուր են արել դռներն ու պատուհանները: Ոստիկաններին հաջողվել է հրապարակից դուրս մղել ընդդիմադիրներին: Վերջին տվյալներով՝ ձերբակալված է մոտ հազար մարդ, այդ թվում՝ նախագահության թեկնածուներ Անդրեյ Սաննիկովը, Վիտալի Ռիմաշեւսկին եւ Նիկոլայ Ստատկեւիչը: Ներկայումս հրապարակում միայն ոստիկաններն են մնացել: Ընդդիմության առաջնորդներն իրենց աջակիցներին կոչ են արել երկուշաբթի օրը նորից դուրս գալ փողոցներ:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան երկուշաբթի վաղ առավոտյան ասել է, որ ընդդիմության հրահրած անկարգությունների հետեւանքով ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը մի քանի ժամով հետաձգվում է:
Ընդսմին, Բելառուսում տեղի ունեցած ընտրություններին տրամագծորեն տարբեր գնահատականներ են տվել ԱՊՀ երկրների եւ միջազգային դիտորդական առաքելությունները: ԱՊՀ դիտորդները, ինչպես եւ սպասվում էր, այդ ընտրությունները գնահատել են որպես՝ «արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական», մինչդեռ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը դրանք միջազգային սկզբունքներին եւ ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող է որակել: Ընտրությունների եւ դրանց հաջորդած իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ հայտարարելով, թե այլեւս հույսեր չի փայփայում, թե Բելառուսում ազատ եւ արդար ընտրական գործընթաց կլինի՝ դատապարտելով բելառուսական իշխանությունների կողմից ցուցարարների դեմ կիրառված բռնություններն ու անկախ ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի արգելափակումը:
Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների եւ դրանց հետեւած զարգացումների առնչությամբ մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ն, Լիտվան եւ Եվրամիությունը՝ դատապարտելով ընդդիմության եւ քաղաքացիների բողոքի ցույցերի ուժային ճնշումն ու պահանջելով ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին, մինչդեռ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ընտրությունների անցկացումը համարել է Բելառուսի ներքին գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել