Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասում դասագիրքը

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Դարձյալ լեզվական ձեռնածությունների մասին

Շարունակաբար ասվում-խոսվում է կրթության ոլորտում առկա լուրջ թերությունների մասին: Վերջերս հրապարակված փաստն էլ բավական մտահոգիչ է. հայոց լեզվի միջին գնահատականը հանրապետության դպրոցներում շուրջ 4 է (10 կամ 9 ոչ ոք չի ստացել): Պատճառները բազում են: Դրանք հատ-հատ պիտի քննարկել, վերլուծել: Բայց ամեն ինչ, կարծում եմ, պիտի սկսել դասագրքից: Դասագիրքն է սկիզբը… Դասագիրքը գոնե պիտի անսխալ լինի, լինի անվիճելի: Չեմ ասում՝ անթերի: Սա շատ դժվար գործ է (թեեւ միշտ պիտի ձգտել դրան): Բայց անսխալ՝ պարտադիր է: Անվիճելին էլ այն իմաստով, որ դասագրքի պարունակած նյութերը մասնագիտական վեճերի, տարակարծությունների առիթ չտան: Սրանց հետ աշակերտը գործ չունի: Հապա ինչո՞ւ ենք ասում՝ «դասագրքային ճշմարտություններ»:
Դրա համար առաջարկում եմ ըստ էության, բծախնդրորեն քննարկել հայերենի գործող դասագրքերի լավն ու վատը: Նորից շեշտեմ՝ դասագրքում պիտի բացառել սխալն ու վիճելին: Ցավոք, դրանք քիչ չեն: Առայժմ միայն երկու օրինակ բերեմ:
Հավանաբար բոլորն են հիշում վերջին ամառային քննությունների հարցարանում տեղ գտած կոպիտ վրիպումը. ախտ–աղտ բառազույգը, որ ձեւաիմաստային տարբերակման հիմքով համանուն է («հնչումով նույն, իմաստով տարբեր բառեր»), թեստում ճիշտ է համարվել «հարանուն» պատասխանը: Առաջադրանքի բուն հեղինակը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, առանց ընկրկելու «արդարացավ» նրանով, որ հիշատակված բառազույգը հարանուն է կոչվել հենց դպրոցական դասագրքում:
Մեյթիխանյանի բացատրությունը երեւի մինչեւ հիմա էլ ոչ ոք լուրջ չի ընդունում. ո՞նց կարող է այդ աստիճան պարզունակ սխալմունքը տեղ գտնել դասագրքում: Այնինչ, եթե բացենք Ֆ. Խլղաթյանի «Հայոց լեզուն» (5-րդ դաս., 1999թ., էջ 19), պարզորոշ կկարդանք, որ ոչ միայն ախտ-աղտ, այլեւ որդ-որթ, անօդ-անոթ, աջ-աչ, ուխտ-ուղտ բառազույգերն են անվանված հարանուն… (թեեւ բոլորն էլ նույնահունչ համանուններ են): Արտառոցությունը նաեւ այն է, որ նույն հեղինակը մի այլ դասագրքում ընդունել է դրանք համանուն կոչելու ստուգությունը (տես Գ. Ջահուկյան, Ֆ. Խլղաթյան, «Հայոց լեզու», 9-րդ դաս., 1998թ., էջ 12):
Ու քանի որ Փ. Մեյթիխանյանը, «թեստաբանական նրբությունները յուրացնելով», բնականաբար ընտրել է «ախտ-աղտ»-ը անպայման «հարանուն» համարելու նորամուծությունը, փոխնախարար Մանուկ Մկրտչյանը անսքող հպարտությամբ գրանցում է, թե «ի վերջո կարողացանք որակյալ թեստեր կազմել, եւ ունենք շատ լավ մասնագետներ» («Իրավունքը դե ֆակտո», 15.06-17.06, 2010թ.):
Հիմա մի այլ զարմանազանության մասին:
10-րդ դասարանի համար 2009-ին լույս տեսած «Հայոց լեզվի» հեղինակները (Լ. Եզեկյան, Ռ. Սաքապետոյան, Ս. Սարգսյան) աշակերտին հրահանգում են յուրացնել բառերի մի հավաքածու (տես՝ էջ 64), որոնցից ամեն մեկը իբրեւ թե նշանակում է որոշակի կենդանիների խմբանունը: Իրականում դրանք՝ հոտ, հորան, բոլուկ, ճահուկ, խորդերամ, ասպականի…, կենդանիների տարբեր խմբերի ընդհանրական անվանումներ են (ո՛չ թե որոշակի տեսակի): Մեծ մասն էլ՝ հազվադեպ գործածված, հնացած ու անստույգ: Ըստ դասագրքի՝ «Բոլուկ նշանակում է խոզերի խումբ»: Միա՞յն……Չէ՞ որ Թումանյանի հանրաճանաչ պատմվածքում «բոլուկ»-ը ոչ թե խոզերի խումբ է, այլ գայլերի ոհմակ («Ձեռաց հասկացա, որ գելերի աչքերն են-սոված բոլուկ է»):
Վերոհիշյալ բառերի խառնակույտում ավելի արտառոց է «նքողնակը»: Իբրեւ թե՝ «Նքողնակ նշանակում է սողունների խումբ»: Ոչ մի հեղինակավոր բառարան նման բառաձեւ չունի, քանի որ մեր նշանավոր բառարանագիրները այդպիսին որեւէ տեղ չեն տեսել: Պիտի ենթադրել, որ այն «կենդանություն» է առել «նքողակ»-ից (առանց ն-ի), որ կհանդիպեք միայն Հայկազյան, ապա եւ Աճառյանի ու Մալխասյանցի բառարաններում: Դրանցում նախ՝ «նքողակ»-ը (ոչ թե՝ «նքողնակ») նշված է իբրեւ «անստույգ նշանակության բառ», ապա՝ հնարավոր ենթադրյալ իմաստն էլ սա է՝ «ծովակ, լճակ կամ ձկներ»: «Սողունների» մասին ակնարկ անգամ չկա…
Մնում է ամենակարեւոր հարցը. լեզվական նման ձեռնածությունները ինչո՞ւ են փաթաթվում դպրոցի վզին, նման չեղած կամ խեղաթյուրված բառերո՞վ է աշակերտը արժանանալու բարձրագույն գնահատականների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել