Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՉՈՒԶՈՂՆԵՐ՝ ԸՍՏ ԱՇՈՏՅԱՆԻ

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"ԿԳ նախարարը չի բացառում, որ իր պաշտոնանկության մասին լուրերը կարող են պատվեր լինել

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց 2010թ. կատարված աշխատանքները: Նա 2010-ը որակեց ԿԳ նախարարության համար դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի եւ զարգացման տարի: Նախարարը գոհ է, որ կրթության ոլորտն այս տարի գտնվել է ոչ միայն իշխանությունների, այլեւ հասարակության համակ ուշադրության կենտրոնում, երկրորդ ձեռքբերումը համարում է հասարակության հետ նախարարության սերտ կապը, երրորդը՝ բոլոր ոլորտներում գիտելիքի արժեւորման գործընթացին սկիզբ դնելը: Ա. Աշոտյանը ներկայացրեց ծավալուն հաշվետվություն թվերի եւ փաստերի լեզվով, օրինակ՝ այն մասին, որ ՀՀ համայնքների 2/3-ում գոյություն չունեին նախադպրոցական կրթության հաստատություններ, իսկ այժմ ՀԲ վարկային ծրագրի շնորհիվ նախարարությանը հաջողվել է Արարատի եւ Արագածոտնի մարզերի 41 համայնքներում ստեղծել նախակրթարաններ: Հանրակրթության ոլորտում շրջադարձային փոփոխություններից են դպրոցների տնօրենների վերապատրաստման եւ հավաստագրման նոր կարգը, ուսուցիչների ատեստավորման գործընթացը եւ այլն: Երկար տարիներ ուսուցիչները համահարթեցման քաղաքականությամբ, անկախ իրենց վաստակից, աշխատած տարիներից ու որակական հատկություններից, ստանում էին միեւնույն աշխատավարձը, այսուհետեւ լավագույն ուսուցիչներն ավելի լավ կվարձատրվեն: 2010թ. ԿԳՆ-ն մշակել է եւ կառավարության կողմից հավանության է արժանացել հեռավար կրթության հայեցակարգը, իսկ Բոլոնիայի գործընթացի համատեքստում ներդրվել է կրեդիտային համակարգը՝ երրորդ կրթական աստիճանում, այսպես կոչված՝ հետազոտողի կամ ասպիրանտի կարգավիճակում: 2011-ից բոլոր բուհերը, անկախ իրենց սեփականության ձեւից, ընդունելություն են կազմնակերպելու միասնական քննական կարգով: Կադրային փոփոխություններ էլ են եղել ոլորտում, այդ թվում՝ դպրոցներում եւ ԲՈՀ-ում, խստացվել է ատենախոսությունների պաշտպանության կարգը: ԿԳ նախարարության տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազում խախտումներ, այդ թվում՝ 108 «թռիչքի» դեպք, 10-11-րդ դասարանների ուսումնասիրության արդյունքում՝ 110 կրկնակի հաշվառում, այսինքն՝ շուրջ 25 մլն դրամի վնաս պետությանը:
«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր պաշտոնանկության մասին համառ լուրերին, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Շաբաթ օրը ՀՀԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում երկրի եւ կուսակցության նախագահը ուրվագծեց, հաստատեց պետական պաշտոնյայի գործունեության նոր որակական չափանիշներ եւ նշաձող: Ես վստահ եմ, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր չեն համապատասխանելու երկրի ղեկավարի պահանջներին, պետք է չաշխատեն, եթե այդ պաշտոնյան կլինեմ ես, ես պետք է նո՛ւյնպես չաշխատեմ»: Մեր հաջորդ հարցին՝ իր կարծիքով ինքը համապատասխանո՞ւմ է նախագահի ուրվագծած՝ պետական պաշտոնյայի չափորոշիչներին, նախարարը կես կատակ- կես լուրջ ասաց. «Անհամեստություն կլինի նման տեսակի պատասխանը իմ կողմից, ես վաղը մամուլում կկարդամ ձեր գնահատականները իմ մասին»: Քիչ անց էլ հավելեց. «Իհարկե, այս 1,5 տարվա ընթացքում հասցրել եմ վաստակել որոշ չկամներ, եւ շատ-շատ մարդկանց ու շրջանակների «շահերը» ոտնահարվել են, ուստի մասամբ օրինաչափ եմ համարում նման լուրերի համառ շրջանառությունը որոշ ԶԼՄ-ներում»:
«ՉԻ»-ի հարցին ի պատասխան, թե չի՞ մտածում, որ իր պաշտոնանկության մասին լուրերը տարածվում են ՀՀԿ-ի հին գվարդիայի, գալուստսահակյանական թիմի կողմից, Ա. Աշոտյանը խնդրեց մասնավորապես Ամանորի նախաշեմին բարի եւ կոռեկտ լինել գնահատականների մեջ. «Ես չեմ բացառում որոշակի պատվերները, բայց բացառում եմ, որ դրանք իմ կուսակցությունից եւ առավել եւս իմ ավագ ընկերների կողմից լինեն…»:
Քանի որ ԿԳ նախարարը անընդհատ շեշտում էր, որ 2010-ը շտկումների եւ ոլորտի որոշ մարդկանց կարգի հրավիրելու տարի է եղել, բնականաբար հարցրինք՝ Բժշկական համալսարանի սկանդալային ռեկտոր Գոհար Քյալյանը, իր կարծիքով, կշտկվի՞, թե՞ պաշտոնանկ կարվի: «Նախարարությունը որդեգրել է կառավարման որակի բարձրացման ռազմավարություն՝ նախարարից մինչեւ դպրոցի տնօրեն, բուհերում պարբերաբար ունենում ենք աշխատանքային խնդիրներ, որոնց կապակցությամբ լինում են աշխատանքային քննարկումներ, տրվում են հանձնարարականներ, որոնք աշխատանքային կարգով կատարվում են: Միջանձնային, քաղաքական, ամբիցիաների դաշտ տեղափոխել այս խնդիրը եւ մամուլում մատուցել այդ սոուսով, կարծում եմ՝ սխալ է»,- հնչեց պատասխանը: Իսկ ինչի՞ց է դժգոհ նախարարը: «Կարող էինք անել ավելին… դժգոհ եմ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի մեր արդյունավետությունից, դժգոհ եմ՝ տեղերում շարունակաբար դրսեւորվող կամայականություններից, ապօրինություններից եւ օրենքների խախտումներից…»,- անկեղծանում է նա:
Արդյոք Ամանորը Հայաստանո՞ւմ է անցկացնելու: «Ընդամենը մեկ տարի եմ Ամանորը դրսում դիմավորել, դա եղել է 1999թ., երբ ֆրանսիական համալսարաններից մեկում հայ ուսանողներով գումար չունեինք 7 օրով Հայաստան վերադառնալու համար, այդ պատճառով ուսանողական հանրակացարանում դիմավորեցի 2000 թ., դրանից հետո բոլոր ամանորերը դիմավորում եմ իմ մեծ ընտանիքում՝ ծնողներիս ու հարազատներիս հետ»,- «Առավոտին» ասաց նա: Նապաստակի տարում ծնված նախարարը մարդու ճակատագրի չինակորեական մեկնաբանություններին չի հավատում, ասում է՝ մարդու ճակատագիրը կանխորոշված է ոչ թե աստղագետների, այլ Աստծո կողմից:
Քանի որ ԿԳ նախարարությունը լրագրողներին Եղիշե Չարենցի ընտրանին էր նվիրել, կատակով ՀՀԿ-ական նախարարին հարցրինք, ինչո՞ւ Չարենց եւ ոչ թե Նժդեհ, Ա. Աշոտյանն էլ նույն ոճով պատասխանեց. «Նախընտրական քարոզչություն կընկալվեր»: Նա բոլոր լրագրողներին ջերմ մաղթանքներ արեց, իսկ չամուսնացածներին դարձյալ խորհուրդ տվեց գոնե 2011-ին ամուսնանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել