Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական դասական համերգը

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ դասական երաժշտական հերթական երեկոն: Համերգին իրենց անզուգական կատարումներով հանդես եկան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող, վոկալիստ Սոնա Վարպետյանն ու թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը՝ «Կոմիտաս» կվարտետից: Երեկոյի ընթացքում հնչեցին Բախի, Չայկովսկու, Ռախմանինովի, Մելիքյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգի ավարտին հաջորդեց ծափողջույնների տարափը: «Սա դեռ սկիզբն է, Սոնան դեռ շատ անելիքներ ունի»,- ուրախության արցունքներն աչքերին ասաց նրա մայրը:  Հուզված էր ոչ միայն մայրը, այլեւ հանդիսատեսը: «Շատ հաճելի երեկո էր, Սոնան փայլեց իր ելույթով՝ հոյակապ ձայնային տվյալներ ու բարձր մակարդակի ելույթ…»,- նշեց մի ունկնդիր: Ս. Վարպետյանը շեշտեց, որ հաջողությունների համար պարտական է իր դասախոս Ելենա Վարդանյանին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայպետֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Գագիկ Մանասյանին՝ իրենց ձեռնարկին «կանաչ ճանապարհ» բացելու համար: Նմանատիպ երեկոները կազմակերպվում են հատկապես երիտասարդների շրջանում դասական երաժշտության հանդեպ սեր արթնացնելու նպատակով: Համերգների մուտքն ազատ է կամ հրավիրատոմսերով: «Երեկոների կազմակերպումն ունի եւս մեկ նպատակ՝ բեմ տրամադրել կոնսերվատորիայի շրջանավարտներին, ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանողներին, հնարավորություն տալ նրանց  ինքնահաստատվելու: Ճիշտ է, սա իմ առաջին համերգն է, բայց հուսով եմ՝ ոչ վերջին: Հունվարից նախատեսված են համերգային նոր ծրագրեր՝ ավելի մեծ մասշտաբով ու ավելի շատ մասնակիցներով: Կարեւորը, որ ունկնդրին մատուցվում է միայն մաքուր դասական երաժշտություն»,- ասաց համերգի կազմակերպիչ Լիլի Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել